Ի՞նչը կարող է մարդուն լացացնել,- պատմում էր զոհված զինվորը

Ի՞նչը կարող է մարդուն լացացնել,- պատմում էր զոհված զինվորը

Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից է Վարդանը։ Հենց նոր նայում եմ անցած- գնացած մի երանելի տեսանյութ, որտեղ Վարդանին Բանակ են ճանապարհում։ Հարազատների աչքերում՝ չնայած ուրախություն արտահայտող խոսքերի, թախիծ կա։ Գյուղական պարզ սեղան, անարատ, սրտից բխող խոսքեր։ 1-in am –ի տեսանյութն է։ Չցավացնելու համար այն չեմ ներկայացնում։



Հետաքրքիր զգացողություն ունեցա, երբ լսեցի Վարդանին։



Միշտ էլ, երբ փորձել եմ գրել զոհված զինվորի մասին, թեկուզ երկու տող՝ ժամերով չեմ կարողացել։ Երևի շատերի մոտ է այդպես՝ ժամերով լռվել, զրուցել ինքդ քեզ հետ և․․․․ ոչ մի բառ ։



Հեշտ չէ խոսել զոհված զինվորի մասին։ Արտահայտել այն, ինչ զգում ես։ Հոգուդ մեջ չես գտնում այն լարը, որին խփելով կարող է ճիշտ ձայն հանել, որը կարող է որպես «ֆալշ նոտա չընկալվել»։



Շատ հաճախ են հարցնում՝ ինչու երկու տող կամ այդքան համառոտ, լռում եմ, որովհետև գիտեմ՝ այդ երկու տողը ինչքան ուժասպառ է անում։



Ու հիմա, երբ տեսանյութն եմ նայում, Վարդանի խոսքի մեջ գտա այն, ինչ որոնում էի։ Մասնագիտությամբ լինելով երաժիշտ, նա խոսում է հայկական գործիքների մասին, բայց այս նախադասությունը պատասխանեց իմ այն հարցին, թե ինչու չես կարողանում արտահայտվել։



Ճիշտ գործիք ընտրել է պետք, որ կարողանա քո զգացածն արտահայտել։ Ահա թե ինչ է ասում Վարդանը․



«Դուդուկը մի քիչ շատ հայկական է, ոնց որ հայի սրտի, հոգու միջից խոսի, պատերազմները, կոտորածները որ տեսել ես, միայն դուդուկով կարող ես արտահայտել։ Հենց նենց չի, որ Արամ Խաչատրյանն ասել է՝ դուդուկը միակ գործիքն է, որ կարող եմ դրա տակ լացել»։



Ահա թե ինչը կարող է հուզել, լացացնել մարդուն, Հայ մարդուն։



Հետո ավելացնում է՝ Աստված տա, որ ամեն առավոտ չլսենք, որ զոհ ենք տվել։ Պատրաստ եմ պարտքս տալ և ինչու չէ, զոհվել հայրենիքիս համար։

Դուդուկից բացի ի՞նչ գործիք կարող է նկարագրել այս ցավը․․․ Իսկ մենք փորձում ենք այլ գործիքներով արտահայտել մեր զգացածը։ Հայ մարդու սրտի հետ հայավարի պիտի խոսել, որ քեզ հասկանա․․․ Ցավն արտահայտելու համար ցավի գործիքով պիտի խոսել։



Հիշեցնենք, որ Հունիսի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):



Հասմիկ Բաբաջանյան