Սուտը խժռում է մարդկանց

Սուտը խժռում է մարդկանց

Ես չափազանց վատ տնտեսագետ եմ, եւ դա բոլորը գիտեն, բայց ես այն ՀՀ քաղաքացիներից էլ չեմ, որ չեն հասկանում, թե ինչ մեծ տոկոս է կազմում զզվելի սուտը մեր իրականության մեջ: Վերից վար եւ աջից ձախ, ի դեպ:



Չափազանց վատ տնտեսագետ լինելով հանդերձ, ցանկանում եմ նախ բացել կառավարական ստերի տոպրակը: Ուշադրությամբ կարդացեք հապա: Օրերս կառավարությունը հաստատեց 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ նախորդ տարվա 0.2 տոկոս աճից հետո, այս տարվա համար կառավարությունը նախատեսում է տնտեսական աճը հասցնել 3.3 տոկոսի, 2018-ին՝ 4.7, 2019-ին՝ 5.4, 2020-ին՝ 5.7 տոկոսի: Տնտեսագետների վրա այս թվերը, անշուշտ, տպավորություն կգործեն: Բայց ես քանի որ վատ տնտեսագետ եմ, բայց ՀՀ նախանձախնդիր քաղաքացի, փորձեցի այդ թվերը համեմատել աշխարհի այլ երկրների (ոչ կորած-մոլորած) նույն ցուցանիշների հետ: Եվ ինչ․պարզվեց, որ տնտեսության աճի տեմպերով 2020 թվականին մենք աշխարհում երկրորդն ենք լինելու` Չինաստանից հետո, որն արդեն քանի տարի է՝ ստաբիլ կրկնում է իր ցուցանիշը` 6.5 տոկոս աճ: Իսկ, ահա, ԵՄ երկրներում այդ տարիներին աճը հազիվ 1.8 տոկոս կարող է լինել, ԱՄՆ-ում՝ 1.5-ից ոչ ավելի, իսկ ՌԴ-ում՝ հազիվ 1.4 տոկոս: Ինչպես տեսնում եք` մրցակից չունենք, եւ այդպես շարունակելու դեպքում եւս մի քանի տարի անց կունենանք տնտեսական աճի երկնիշ թվեր, իսկ դրանից հետո արդեն «կովկասյան վագրի» մասին առասպելն է սկսվում: Մնում է, որ ՀՀ կառավարությունն այդ պահին լինի հենց այն ծառի վրա, որտեղ պառկած է վագրըմ եւ, թրըմփ, ընկնի վագրի վրա… Տեսնես ո՞վ կլինի մեր այդ բախտավոր վարչապետը:



Հավաքական ստախոսներից հետ չեն մնում նաեւ մեր անհատական ստախոսները: Որպես ՀՀ շարքային քաղաքացի, ես խոր ակնածանք ունեմ ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ: Այնտեղ դրամավարկային քաղաքականության հայրերն են նստած, զորօրինակ` Արթուր Ջավադյանը, որ գործի բերումով այդ բանկի նախագահն է: Վերջերս նա այնպիսի մի սուտ ասաց, որ, ինձ թվում է, Հայաստանի բոլոր բանկիրները փշաքաղվեցին: Լրագրողները մի երկու հարց էին տվել ապօրինի հարստացման մասին, եւ նա տեղում «բոցել» էր. «Ես չեմ ճանաչում մի մարդու, ով Հայաստանում է հարստացել»: Յաաաա… Եվ նման բան ասում է մի մարդ, որ հարստացել է (հնարավոր է օրինական ճանապարհով) բացառապես Հայաստանի պետական ստրուկտուրաներում եւ բանկային համակարգում աշխատելու տարիներին: Ուտել-ուրանալը գեղեցիկ բան չէ: Առավել տգեղ է, երբ ԿԲ նախագահը, ով, վստահաբար, տեղյակ է, թե մեր երկրի հարուստներն ինչ վարկեր են վերցնում ու ինչ գումարներ են պտտեցնում, թե նրանց բիզնեսից ինչ գումարներ են հանգրվանում բանկերում, ինչ է թե հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում ապօրինի հարստացման մասին օրենքը, նման սուտ է դնում շրջանառության մեջ` սրբագրելով բոլոր նախկին հանցագործությունները եւ ակնարկելով, թե հաշվարկն սկսելու ենք 0-ից` հենց հուլիսի 1-ից:



Ստում են գրեթե բոլորը: Գոնե չիմացությունից լիներ, բայց, ցավոք, ստում են միտումնավոր, լկտիաբար, ծրագրված ու պերմանենտ: Ստում է դատավորը, երբ իր ներս գալու պահին ամբաստանյաները ոտքի չեն կանգնում: Նա այդ ժեստը համարում է դատարանի հանդեպ մահացու վիրավորանք եւ ամբաստանյալներին հեռացնում դահլիճից: Ինչո՞ւ: Ասելիք ունեցող դատավորն իր ասելիքն այդպես էլ կասի եւ թատրոնի չի վերածի լուրջ գործընթացը: Ստում են ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները, երբ ասում են, որ ՀՀ դատարանն իրավունք չունի իրենց դատելու, ստում են ոստիկանները, ստում են ՔԿՀ աշխատակիցները: Ոստիկանության հայտարարություն-մեկնաբանությունը կարդացել եք, չէ՞: Գրել էին, որ «Սասնա ծռերը» երիկամներով այնպես էին հարվածել խցի դռներին, որ ուղեղի ցնցում էին ստացել:



Ստում են գրեթե բոլոր նախարարները: Այս խավի մեջ ամենաճշմարտախոսը, թվում է, պետք է լիներ առողջապահության նախարարը, որովհետեւ թերեւս միայն նա է երդվել չվնասել, սակայն նա ամենաարհեստավարժն է վնասելու, այսինքն, ստելու մեջ` սոցապնախարարից ավելի: Բժիշկը հիվանդին պետք է ժպտա ավստրիական ժպիտով: Հուզվեցի: Փաստորեն, մեր առողջապահության նախարարությունում ժպիտն է ամենադեֆիցիտ բանը, որ կասեցնում է ոլորտի զարգացումը: Իմ համոզմամբ` միայն մսագործը կարող է ժպտալ խոզին, որին հիմա-հիմա մորթելու է, իսկ բժիշկը չի կարող հիվանդին ավստրիական ժպիտով հայտնել, որ նրա երիկամը պետք է հեռացնել: Սա դեռ մի կողմ: Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ մեր բժիշկները ոչ թե ավստրիական, այլ հոլիվուդյան ժպիտ են գծագրում դեմքներին, երբ հիվանդի տերը ներկայանում է ինչպես հարկն է:



Արժե՞ խոսել պատգամավորների ստելու մասին: Ահավասիկ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները պնդում են, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է: Սուտ: Այս հարցը Գագիկ Ծառուկյանը մեկընդմիշտ փակել է Աբովյանում, Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման օրը, երբ պինդ գրկել էր այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանին ու հայտարարել. «ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմադիր», կամ իր խոսքով` «ԲՀԿ-ն ո՞նց կարող է ընդդիմադիր լինել»: Ի՞նչ արած, մնում է ըմբռնումով մոտենալ Նաիրա Զոհրաբյանի եւ կոլեկտիվի հավաստիացումներին, քանզի դաշտում ԲՀԿ-ից ավելի ուժեղ ընդդիմություն կարծես չկա էլ: Ինչ մնում է «Ելքին», ապա նրանք դեռ պետք է աճեն: Ավագ ընկերներիցս մեկը մի օր ինձ այսպիսի խորհուրդ տվեց` ի՞նչ ես ուզում «Ելքից», հանգիստ թող, առանց այն էլ մեջտեղում ընդդիմություն չկա, փորձում են քաղաքական ուժ դառնալ, պետք չէ խանգարել: Իմ ավագ ընկերոջ խոսքն ինձ համար օրենք է: Ահավասիկ, բան չեմ ուզում «Ելքից» եւ միայն խնդրում եմ` գոնե դուք մի ստեք:
Հասարակությանը ցնցումների մեջ գցելու հարցում ամենահամեստը Սերժ Սարգսյանն է: Սահմանադրությունը փոխելու մտադրության մասին նրա առաջին հայտարարությունից սկսած` բոլորին տանջում է այն հարցը, թե իր իշխանությունը երկարաձգելու համար ինչ է մտածել: Երեք տարին լրացել է արդեն, բայց Սերժ Սարգսյանն իր վերջնական որոշման մասին ոչինչ չի ասում, եթե հաշվի չառնենք նրա հավաստիացումներն առ այն, որ նախագահ, վարչապետ եւ ԱԺ նախագահ չի դառնալու: Հիմքեր չունենք նրան չհավատալու, բայց ՀՀԿ անվիճելի մեծություն Գալուստ Սահակյանն արդեն հասցրել է 2 հարցազրույց տալ եւ պղտորել հասարակական միտքը: Մանավանդ վերջինում ասել էր, որ Սերժ Սարգսյանից ավելի արժանավորը չունենք, եւ 2018-ից հենց նա է շարունակելու ղեկավարել Հայաստանը: Ընդ որում` իր հայտարարությունը պարոն Սահակյանը հիմնավորել էր ոչ թե փաստերով, այլ հերթական, շատ ներողություն, ստով: Նա ընդգծել էր` ես ինչ ասում եմ, այդպես էլ լինում է: Ակամայից հիշեցի հարգարժան Գալուստ Սահակյանի մի վաղեմի սուտ եւս, երբ ասում էր, որ մենք անշեղորեն գնում ենք Եվրամիություն:



Մեզ լիուլի խաբում է նաեւ արտախորհրդարանական կամ, ինչպես արդեն ընդունված է ասել` հավերժ միավորվող ընդդիմությունը: Հիմա էլ որոշել են «սերժապետության» դեմ միավորվել: Կարելի է մտածել` «սերժապետության» հետ միավորվելն ավելի դժվար է, քան նրա դեմ միավորվելը: Գոնե դաս առնեին անցած խորհրդարանական ընտրություններից: Չմանրամասնեմ եւ նշեմ միայն, որ իշխանության դեմ ցանկացած պայքար ապարդյուն է, երբ պայքարողների առանցքն են կազմում նույն իշխանության մարդիկ եւ փողը:



Ստո՞ւմ են, արդյոք, ՀՀ հասարակ քաղաքացիները, այսինքն՝ ընտրողները: Մեծամասնությունը` այո: Ընտրելու իրավունք ունեցող 100 մարդու հարցրել եմ` ընտրե՞լ ես ՀՀԿ-ին: 90 մարդ ասել է` ոչ: Չեմ հավատում: Եթե հավատամ, շատ վատ բան կստացվի Տիգրան Մուկուչյանի մասով, իսկ ես այնքան լավ մաթեմատիկոս չեմ, որ կարողանամ վիճել ԿԸՀ-ի հետ:



Ընթերցողը կարող է հակադարձել` ինչ է, միայն Հայաստանո՞ւմ են ստում: Չէ, ինչո՞ւ, Ամերիկայում էլ են ստում, Ռուսաստանում էլ, ամենուր: Այսօր դա է մարդկության բնական վիճակը: Ստում են ահաբեկչության մասին, Սիրիայի, Ուկրաինայի, Քաթարի մասին: Համբուրգում երկու օր առաջ հավաքվել էին աշխարհի 20 խոշոր ստախոսները: ՄԽ եռանախագահները չե՞ն ստում: Այս մակարդակում ստախոսությունը գուցե մեկ այլ` «քաղաքականություն» եզրույթով է սահմանվում, բայց տակը սուտն է, չէ՞, գեղեցիկ, շքեղ, մեծ, թանկ սուտը, որ հրամցվում է ամենայն քաղաքավարությամբ:



ՀԳ. Անգլիացի հայտնի հումանիստ եւ ուտոպիական գրականության հիմնադիր Թոմաս Մորն (1478-1535) իր «Ուտոպիա» աշխատության մեջ այն ժամանակվա Անգլիայում տիրող կարգերի եւ իշխանությունների մասին գրեց. «Ոչխարներն այնքան շատակեր էին դարձել, որ կերան մարդկանց»: Ստախոսություն Թոմաս Մորի օրերում էլ կար, սակայն Հենրի 8-րդ թագավորը շատ բանի հետեւից չընկավ. ձերբակալեց, ապա գլխատեց մտածողին: Առակս զի՞նչ ցուցանե… Մեր օրերում սուտն այնքան շատակեր է դարձել, որ խժռում է մարդկանց: Ո՞վ հավես ունի այսօր Թոմաս Մորի նման գիրք գրել Ուտոպիա կղզու մասին, որտեղ սուտը, որպես երեւույթ, գոյություն չունի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ