Երբ արդեն ԱԺ նախագահ ես

Երբ արդեն ԱԺ նախագահ ես

Ի՞նչ է պետք իմանալ ՀՀ ԱԺ նախագահ աշխատելու համար: Դա, ախր, այնքան հեշտ գործ է, որ նույնիսկ հատուկ դասընթացների կարիք չկա: Ընդամենը պետք է մի քանի րոպե նստել ԱԺ նախագահի վահանակի առջեւ եւ սովորել կոճակների տեղը` գրանցում, քվեարկություն, գրանցում, քվեարկություն: Նաեւ մի քանի բանավոր արտահայտություններ` միացրեք այսինչ պատգամավորի խոսափողը, անջատեք այնինչ պատգամավորի խոսափողը: Այսքանը թերեւս բավարար է: Հա, մեկ էլ պետք է ամեն անգամ հղում կատարել Կանոնակարգ-օրենքին: Կարեւորը հղում կատարելն է, իսկ օրենքը կարելի է նույնիսկ չիմանալ էլ:



Եվ այսպես, մի քանի րոպեից դու արդեն ԱԺ պատրաստի նախագահ ես: Հենց տեղդ մի քիչ պնդանում է, սկսում ես մտածել գործուղումների մասին: Տաաա՛կս, ո՞ւր գնալ: Բայց․․․ մեկ վայրկյան: ԱԺ նախագահի դեպքում չի կարելի ասել` գնալ: Պետք է օգտագործել «այցելել» բառը: Եվ, ուրեմն` ո՞ր մայրաքաղաք կատարել առաջին այցը: Չարժե հենց սկզբից բարդ մայրաքաղաքներ ընտրել, օրինակ` Լոնդոն: Մանավանդ՝ նրանց խորհրդարանը բավականին խրթին կառուցվածք ունի: Այնտեղ դեռ 18-րդ դարից մնացած ինչ ասես կա, եւ այդ ամենից գլուխ հանելը բավականին դժվար է: Թբիլիսին շատ հարմար է, բայց այնքան մոտ է, որ դրա համար ինքնաթիռ նստել էլ չարժե: Մինչդեռ առաջին այցի ինքնաթիռովն է լավը: Ուստի ընտրում ես Մոսկվան: Մոսկվայի առավելություններից մեկն էլ այն է, որ այնտեղ ծանոթները շատ են: Առնվազն փողոցում չես մնա, նաեւ լավ հաց կտան: Այդուհանդերձ, մնալու տեղի եւ հացի խնդիրները պետք է լուծել դեռ Երեւանում: Ասում է` Ռուսաստանն արշինով չես չափի, մտքով չես ըմբռնի: Մեծ երկիր է, մեծ մարդիկ, ի՞նչ իմանաս` ինչ կպատահի: Ամեն դեպքում՝ օտարության մեջ ես լինելու:



Խորհրդային Միության ժամանակ լավ էր: Հիշում եմ, ջահել լրագրող տղա էի` «Սովետական դպրոց» թերթից: Երբ խմբագիրս ինձ գործուղում էր տալիս որեւէ շրջան, չէր մոռանում հիշեցնել` կասես «Սովետականից» եմ: Այն ժամանակ, ախր, «Սովետական Հայաստան» թերթ էլ կար, ու բոլոր շրջաններում դողում էին այդ թերթի անունը լսելիս: Քաղկոմ-ռայկոմների քարտուղարները, շրջխորհուրդների նախագահները, ժողկրթբաժվարները, այլ պաշտոնյաներ մեր գործուղումը վերածում էին իսկական այցի: Կարելի էր, իհարկե, հրաժարվել այդ ամենից ու սպառնալ, որ վաղը մի այնպիսի հոդված ես գրելու, որ իրենց գործից հանեն, բայց իմաստ չուներ դա անել, որովհետեւ ոչ մի թերթ քո այդ հոդվածը չէր տպագրի, որովհետեւ այդ խեղճերից վերեւ ավելի վատերն էին նստած, իսկ սրանցից վերեւ` լրիվ այլանդակները: Կարճ` մեզ մնում էր զմայլվել հայրենի բնության գեղեցկություններով եւ նոր ծանոթություններով, սեփական աչքով տեսնել տվյալ շրջանի մարդկանց նիստուկացը:



Տրվեցի հիշողություններիս, կներեք: Հա, ասում էի՝ Մոսկվան ճիշտ այն մայրաքաղաքն է, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում պետք է առաջինն այցելել: Ճիշտ է, Մոսկվայում համարյա թե մերոնք են, բայց այցից առաջ կարելի է մեկ անգամ զանգահարել եւ ճշտել օրակարգը, քննարկվելիք հարցերի շրջանակը: Սա շատ կարեւոր պահ է, որովհետեւ ԱԺ նախագահն այն մարդը չէ, որ վեր կենա ու բուխտի-բարախտի այցելի Մոսկվա: Ուրեմն ճշտում ես օրակարգը: Դրա համար ՀՀ ԱԺ նախագահը լիքը աշխատողներ ունի: Նրանք պետք է հստակ պայմանավորվեն, թե ում է հանդիպելու ԱԺ նախագահը, ինչ է խոսելու, ինչ են քննարկելու: Ընդ որում՝ պետք է բացառել կամ մինիմումի հասցնել չնախատեսված բաները: Երբ այցելողը Գալուստ Սահակյանի նման փորձառու անհատականություն է, կարիք չկա, իհարկե, այդքան մանրամասն քննարկել այցի նյուանսները: Նա իր այցերի կամ ընդունելությունների ժամանակ խոսում էր մի այնպիսի լեզվով, որ դիմացինի թարգմանչի ուղեղը կախում էր ոտքի վրա, ու այլեւս հնարավոր չէր լինում Գրիգորիչին նեղը գցել: Բայց երբ նոր-նոր ես նստել այդ աթոռին եւ տիրապետում ես դիմացինի լեզվին, ավելորդ զգուշությունը չի խանգարի: Այլ խոսքով` այցից առաջ պետք է այնպես անես, որ դիմացինը նախօրոք իմանա` չի կարելի ախմախ պահանջներ ներկայացնել ու պաշտոնական այցը մունդռել:



Հիշո՞ւմ եք ֆիլմը. «Բա ես՝ Փարսադանի տղա Մուրադս, հասնեմ էստեղ, ու ինձ ասեն նյե՞տ»: Երբ արդեն տեղ ես հասել եւ «դայաղ ես եղել» քո ռուս գործընկեր, ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին, իսկ նա ճանապարհային երթեւեկության կանոնները շփոթում է պետական լեզվի գործառույթների հետ, կարիք չկա Մուրադի հանգույն «կատաղել»: Նյարդերը չեն վերականգնվում` սա պետք է միշտ հիշել: «Կատաղել» կարող ես հետո, երբ կլինես հյուրանոցի համարում կամ ձերոնց հետ: Սիրտդ հովացնելու համար մի քանի քֆուր էլ տուր, չի խանգարի: Բայց իդիոտին երբեք ցույց մի տուր, որ նրա ասածները քեզ վրա ազդեցություն են թողնում: Կարելի է հակադարձել մեղմ, բայց համոզիչ տոնով, հասկացնելով, որ դու եկել ես քննարկելու, ենթադրենք, հայաստանյան վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը եւ ոչ թե ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու հռչակելու հարցը: Հնարավոր է`այդ հակադարձումից հետո ընդունող կողմը համաձայնի աշխատանքային խումբ ստեղծել՝ հարցը քննարկելու համար: Պետք է տեղում պարզել` ո՞ր հարցը, վարորդական իրավունքնե՞րի, թե՞ ռուսերենը Հայաստանում 2-րդ պետական լեզու հռչակելու հարցը: Սա կարեւոր է, որովհետեւ ամեն մեկն առաջինը միշտ իր ծառն է ջրում:



Որպեսզի այսպիսի պատմության մեջ չընկնես, կրկնում եմ, այցը պետք է լավ նախապատրաստել: Մի ճանապարհ էլ կա այս ամենից խուսափելու համար` առաջին պաշտոնական այցը Մոսկվա չկատարելը: Տոկիոն, օրինակ, ավելի նախընտրելի է: Նախ, չնայած ձախակողմյան երթեւեկությանը, Ճապոնիայում հայաստանյան վարորդական իրավունքներն անցնում են, եւ ապա` ոչ մի ճապոնացու մտքով չի անցնի վարորդական իրավունքը բարտեր անել պետական լեզվի հետ: Այդ երկիրը դեռ Ռուսաստանի չափ չի զարգացել:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ