Կինը պահանջում է երեխաներին մանկատնից հանձնել իրեն, բայց…

Կինը պահանջում է երեխաներին մանկատնից հանձնել իրեն, բայց…

Արաքս Գրիգորյանը ծնունդով գյումրեցի է, ՌԴ քաղաքացի: Իր պատմելով տարիներ առաջ ամուսնու եւ երեխաների հետ մեկնեցին ՌԴ՝ աշխատելու: Ամուսինը մահացավ, 6 երեխաներին ստիպված եղավ 6 ամսով գիշերօթիկ ուղարկել, բայց 4 ամիս անց ՀՀ դեսպանատունը նրանց տեղափոխեց Հայաստան: Քանի որ մայրը ծնունդով Գյումրիից էր, երեխաներին տեղավորեցին «Թռչունյաց տուն» մանկատուն: 11 տարի է, ինչ երեխաները այդ մանկատան սաներ են: Մոր խոսքերով ինքն այսքան տարիներ զրկված է եղել նրանց տեսնելու հնարավորությունից, իսկ Հայաստան գալ չէր կարող, քանի որ փաստաթղթերի հետ խնդիրներ ուներ:



«Մանկատան տնօրենն էնպես է արել, որ իմ երեխեքը ինձ տեսնել չեն ուզում, խորհուրդ է տվել, որ մանկատունն իրենց շատ բան կտա: Երեխաների հետ հարցազրույց անցկացրեցին, ինձանից հրաժարվեցին: Ինձ մեղադրում են, որ ես նրանց հետ եմ ուզում, որ տանեմ Ռուսաստան շահադիտական նպատակով, որպես բազմազավակ մայր կապիտալ կտան ինձ Ռուսաստանում: Ես էնտեղ իմ տունն ունեմ, իմ գործը, ինձ իմ երեխեքն են պետք: Դիմել եմ ՌԴ նախագահ Վ. Պուտինին, որ երեխեքիս հետ պահանջեմ, ինձ պատասխան է եկել, որ ոչ մի խոչընդոտ չկա, հիմա էստեղ ինձ ինչ են անում: Ինձ ասում են՝ ինչ մայր ես, որ 10 տարուց ավել երեխեքիդ տեսնել չես ուզել: Բայց ես իմ երեխեքի հետ կապ պահել եմ, հեռախոս եմ ուղարկել, որ զանգեմ, դա էլ են ձեռքներից վերցրել»,-պատմում է Արաքս Գրիգորյանը՝ խնդրելով օգնել իրեն: Արաքս Գրիգորյանը պահանջում է այս պահին մանկատանը գտնվող իր 3 երեխաներին՝ 14-ամյա որդուն, 16 եւ 13-ամյա դուստրերին, մյուս երեքն արդեն չափահաս են եւ այլևս մանկատան խնամքին չեն: Կնոջ խոսքերով՝ իր չափահաս երեխաների հետ, որոնց ոչ ոք չի խանգարում, ջերմ հարաբերությունների մեջ է:



Զրուցեցինք «Թռչունյաց տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանի հետ: «Ես երեխաներին չտալու իրավունք չունեմ: Բայց քանի որ երեխաները 10 տարեկանից բարձր են, ինքնակամ գրել են, որ չեն ուզում մոր մոտ գնալ: Մենք հնարավորություն ենք տվել մոր հետ ծանոթանալու, բայց իրենք էլի չեն ուզում, ես չեմ կարող երեխաներին ստիպել; Դուք լավ գիտեք, որ մենք էլ ենք շահագրգռված երեխաներին ծնողներին հանձնել, հատկապես հիմա, երբ մեր խնդիրը նման հաստատությունները բեռնաթափելն է»,-ասաց մանկատան տնօրենը: Իսկ թե ինչ հանգամանքներում են հայտնվել երեխաները մանկատուն, Սոնյա Սիմոնյանի խոսքերով նրանց փողոցից գտել են ՌԴ իրավապահները, տեղափոխել են հիվանդանոց, որից հետո ՌԴ մանկատուն, իսկ հետո որոշում է կայացվել տեղափոխել Գյումրի, քանի որ ծնվել են այստեղ: Մանկատան տնօրենը մեզ խորհուրդ տվեց առավել մանրամասն տեղեկություններ ստանալ Շիրակի մարզպետարանից, քանի որ խնդիրով այս պահին զբաղվում է մարզպետարանի համապատասխան բաժինը: 



Ընտանիքի,կանանց, և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց. «Արաքս Գրիգորյանի 6 երեխաներին Հայաստան են տեղափոխել ՌԴ մանկատնից, երբ նրանց դեպորտ են արել: 12 տարի է՝ այստեղի մանկատանն են: Այս տարիների ընթացքում մոր հետ կապ ընդհանրապես չի եղել, առաջացել է մեծ խզվածություն: Երբ մայրը եկավ, մենք բնականաբար միջնորդեցինք, որ հանդիպեն, բայց հանդիպումից անմիջապես հետո կտրականապես հրաժարվեցին մոր մոտ գնալ: Մեծ աղջիկը նույնիսկ գրություն տվեց, թե ինքը կգնա, բայց խնդրում է քրոջը չթողնել: Երբ հարցրեցի, ասաց, որ վախ ունի, ինքն էլ չգիտի ուր է գնում, որ երկիրը, լեզու չգիտի, գուցե կործանվի, քույրը գոնե մնա: Մենք անգամ փորձաշրջանի հնարավորություն տվեցինք մորն ու երեխաներին. 10օր ապրել միասին՝ բարեկամի տանը: Այդ 10 օրվա մեջ անընդհատ երեխաների հետ կապ ենք պահել, անընդհատ վիճել են, վերջում բանը հասել է նրան, որ մայրը տաքսի է նստեցրել եւ մանկատուն ուղարկել»:



Արաքս Գրիգորյանը հաստատեց իրողությունը, միայն թե պնդեց, որ վիճել է հատկապես ավագ դստեր հետ, քանի որ շարունակ հակառակվել է իրեն՝ ասելով, որ մանկատան տնօրենն ամեն ինչում ճիշտ է: «Մանկատան տնօրենն իր շահերից ելնելով փորձել է սիրաշահել, իսկ ե՞ս, իմ տանջանքնե՞րը, իմ ապրումներն ու նրանց լույս աշխարհ բերե՞լը»,-նեղսրտեց նա:



Մեզ հաջողվեց զրուցել նաև 16-ամյա Անժելա Գրիգորյանի՝ Արաքս Գրիգորյանի ավագ դստեր հետ: Հարցրեցինք, թե ինչու է հրաժարվում մորից: «Մեր ապագան այստեղ է, մենք այստեղ հաճախում ենք տարբեր խմբակների, մանկատանը լավ է, ուրիշ երկիր չենք ուզում գնալ, այստեղ մեզ լավ ենք զգում»,-կտրուկ ասաց Անժելան՝ ավելացնելով. «Նրա հետ չկարողացանք ապրել, որովհետև տարբեր էինք, իրար չէինք հասկանում, մեզ վրա չէր բարկանում, բայց միևնույն է մենք չենք ուզում :



Ի դեպ, մարզպետարանից վստահեցնում են, որ եթե կինը լիներ ՀՀ քաղաքացի, հնարավոր էր ընդառաջել, երեխաներին հանձնել նրան եւ Հայաստանի որ մարզում էլ լիներ, վերահսկողություն իրականացնել, այլ երկրի քաղաքացի լինելու դեպքում տարբերակ չկա:



Մանրամասները՝ տեսանյութում



Արևիկ Հակոբյան