Mercedes Vito-ներն ու Sprinter-ները՝ պատուհաս ՌԴ մեկնողների գլխին

Mercedes Vito-ներն ու Sprinter-ները՝ պատուհաս ՌԴ մեկնողների գլխին

Տրանսպորտի նախարարությունը վերջին մեկ-երկու տարում ՌԴ ուղեւորվող ավտոբուսների ողբերգական վթարներից հետո որոշեց, որ պետք է դաշտը կանոնակարգել՝ համապատասխան խստացումներ մտցնել։ Պարտադրվեց ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերություններին մասնակցել կոնկրետ երթուղիների մրցույթներին, համապատասխան ստանդարտներ ապահովել, որ ստանան այդ ուղղությամբ ուղեւորափոխադրման լիցենզիա։ Մեկնումն էլ իրականացնել միայն ավտոկայաններից։ Այն ընկերությունները, որոնք չեն ունենա լիցենզիա, հայտնաբերվելու դեպքում կտուգանվեն։ Սրանով նախարարությունը հույս ուներ կանոնակարգել ոլորտն ու կանխել վթարների թիվը, որոնք, ըստ իրենց, լինում են հաճախ տեխնիկապես ոչ սարքին տրանսպորտային միջոցների, գերհոգնած եւ ոչ պրոֆեսիոնալ վարորդների պատճառով։



Նախարարության գրանցած այս «հաղթանակից» շատ չանցած՝ ՌԴ-ից Հայաստան վերադարձող հերթական ավտոբուսը վթարի ենթարկվեց։ Դեպքից հետո տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների միջոցով սկսեց հորդորել քաղաքացիներին, որ ամեն պատահած ավտոբուսով չմեկնեն Ռուսաստան, որ օգտվեն միայն կանոնավոր ուղեւորափոխադրողներից՝ ըստ այդմ պատասխանատվությունը բարդելով քաղաքացիների վրա։



Իսկ ի՞նչ անի քաղաքացին, որը ցանկանում է մեկնել, ենթադրենք, Անապա։ Նախ նկատենք, որ Երեւան-Անապա ուղիղ չվերթ չկա, միայն Գյումրու օդանավակայանից է, իսկ «Զվարթնոցից» կա միայն Երեւան-Կրասնոդար ուղղությամբ թռիչք։ Տոմսերն էլ 5-6 անգամ թանկ են ավտոբուսի տոմսերից։ Ցամաքային տրանսպորտով Երեւանից Անապա ուղեւորափոխադրում իրականացնող բազմաթիվ ընկերություններ կան, որոնցից, ըստ նախարարության կայքում հրապարակված ցանկի, միայն «Էլիտբաս» ընկերությունն է, որ ունի այս ուղղությամբ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնելու լիցենզիա։ Այս մեկ ընկերությունը, նախ, չի կարող բավարարել ամբողջ պահանջարկը, երկրորդ՝ քաղաքացիները չեն կարող հեշտությամբ զանազանել, թե որն է կանոնավոր, որը՝ ոչ։ Ում զանգում ես, բոլորն էլ ասում են՝ իրենց ուղեւորափոխադրումը կանոնավոր է եւ լիցենզավորված։ Մարդիկ հիմնականում հարցուփորձով եւ գովազդներով են տեղեկանում, թե ինչ մեքենաներ են մեկնում իրենց նախընտրած ուղղությամբ։



Հիմնականում այս գծի տակ աշխատում են 15-20 տեղանոց Mercedes Sprinter տեսակի միկրոավտոբուսներ կամ Mercedes Vito մակնիշի 7-տեղանոց մինիվեններ։ Կան նաեւ 30-50 տեղանոց ավտոբուսներ, որոնց տոմսը 5 հազար դրամով էժան է՝ 20 հազար դրամ, բայց ավելի ուշ են տեղ հասնում։ Ամենամասսայականը Sprinter-ով ու Vito-ով փոխադրումներն են, որոնք ունեն իրենց էական վտանգները։



Ամեն անգամ այս մեքենաներով ճամփա ընկնելիս պետք է հաշվի առնել, որ հնարավոր է կա՛մ ողջ-առողջ տեղ չհասնել, կա՛մ տեղ հասնել անցանկալի արկածներով, բազմաթիվ դժվարություններով։ Նախ՝ դրանց մեծ մասը ճանապարհ են ընկնում մեկ վարորդով, որոնք հաճախ քնում են ճանապարհին, գերհոգնածություն ունեն, ինչն էլ պոտենցիալ վթարների պատճառ է դառնում։ Երկրորդ՝ այդ մեքենաներից շատերը թեկուզ արտաքնապես նոր են թվում, բայց տեխնիկապես մաշված են արդեն, քանի որ տերերը շատ անգամ չեն ցանկանում ծախս անել իրենց մեքենաների վրա եւ սարքին ու թարմ վիճակում պահել դրանք։ Ուղեւորներին հաճախ «բագաժի» տեղ են դնում՝ ասես մարդ չեն տեղափոխում։



Այդ մեքենաներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով՝ միջինը 24 ժամ, եւ 1500 կմ ճանապարհ անցնելուց հետո հաջորդ օրը նորից վերադառնում են, եւ այսպես՝ ամեն օր։ Արդյունքում ե՛ւ վարորդները չեն հանգստանում, ե՛ւ մեքենաները չեն անցնում պատշաճ տեխզննում։ Բախտի քմահաճույքին մատնված՝ ընկնում են ճանապարհ։ Իհարկե, դժբախտ պատահարի մեջ կարող է հայտնվել ցանկացած տրանսպորտ՝ լինի լիցենզավորված, թե ոչ։ Բայց նորմատիվների պահպանմամբ մեքենաների դեպքում տեխնիկական անսարքության կամ ոչ պրոֆեսիոնալ, գերհոգնած վարորդների պատճառով վթարների հավանականությունն ավելի փոքր է։
Մոտ 10 օր առաջ նմանատիպ մեքենայով (Mercedes Viano) մեկնելով Անապա՝ տեղեկացա, որ օրեր առաջ Երեւանից ՌԴ մեկնած ու վերադարձած 2 մեքենա է վթարի ենթարկվել։ Երկուսն էլ Mercedes Vito են եղել (Viano-ն նույն Vito-ի ավելի նոր ու զարգացած տարբերակն է)։ Վթարներից մեկը եղել է վարորդի քնելու հետեւանքով, շեղվել է ճանապարհից ու հարվածել ծառին։ Մյուս Vito-ի դեպքում էլ անվադողն է պայթել, ինչի հետեւանքով՝ արագության տակ մեքենան կողաշրջվել է եւ գլորվել։ Բարեբախտաբար, երկու դեպքում էլ զոհեր չեն եղել։ Այս մեքնաների անվադողերի պայթելու վտանգը շատ մեծ է։ Բանն այն է, որ թե՛ Vito-ն, թե՛ Sprinter-ը չունեն լեռնային արգելակման համակարգ կամ retarder, դրանք հիմնականում տեղադրվում են մեծ ավտոբուսների վրա։ Այս համակարգերն օգնում են, որպեսզի շատ չօգտագործվեն ավտոբուսի հիմնական արգելակները եւ, ըստ այդմ, չտաքանան արգելակման սկավառակները։ Vito-ների ու Sprinter-ների դեպքում վարորդներն ստիպված են վայրէջքների ժամանակ փոխանցման տուփով իջեցնել արագությունը։ Դա ոչ լիարժեք, բայց բավականին օգնում է, որ ամեն անգամ չարգելակեն եւ չտաքացնեն սկավառակները։ Բայց ոչ բոլոր վարորդներն են այդպես վարում մեքենաները։ Վարորդների մեծ մասն ուղղակի «շումախերներ» են, արգելակել չգիտեն, ցանկանում են ժամ առաջ հասնել տեղ։ Արդյունքում կես ճամփից տաքանում են արգելակները, որոնք իրենց հերթին տաքացնում եւ ընդարձակում են անվադողերը՝ մեծացնելով անվասկավառակի հետ հերմետիկությունը կորցնելու եւ պայթելու վտանգը։ Բացի այդ, տաքանալիս ուղղակի սկսում են չաշխատել արգելակները։



Շատ արգելակելու դեպքում, տաքանալուց զատ, նաեւ մաշվում են արգելակման կոճղակներն ու սկավառակները, ինչի հետեւանքով սկսում են արգելակները լավ չպահել։ Մեր Viano-ի հետ զուգահեռ՝ նույն ընկերությունից այդ օրը դուրս եկավ նաեւ մի Mercedes Vito: Դրա վարորդն այնպես էր վարում մեքենան, որ արդեն Վրաստանում ստիպված եղավ կանգնել ու փոխել արգելակման կոճղակները։ Երեկ էլ Անապայից մի Sprinter է ուղեւորվել դեպի Երեւան։ Ուղեւորներից մեկը մեզ ասաց, որ վարորդը նախորդ օրը գիշերն է հասել Անապա եւ առավոտյան նորից հետ է վերադառնում, փոխարինող էլ չունի։



Հուսանք՝ անվտանգ տեղ կհասնեն։ Եվ այս իրավիճակը բոլոր ուղղություններով է։ Հատկապես դժվար է Մոսկվա մեկնողների դրությունը, քանի որ նրանց ճանապարհը կրկնակի երկար է, երկու օր տեւում է, մինչեւ տեղ են հասնում, եթե, իհարկե, Լարսում տասնյակ ժամերով չսպասեն։



Այս մասին, վստահ ենք, տեղյակ են տրանսպորտի նախարարությունում, գիտեն, որ իրենց խստացումները որեւէ օգուտ չեն տվել։ Հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս են կանոնակարգում մի ոլորտ, որն անգամ կանոնակարգելու դեպքում չի կանոնակարգվում։



Մարդիկ շարունակում են իրենց կյանքը վտանգելով ճանապարհ գնալ, իսկ նախարարությունից հեքիաթներ են պատմում կանոնակարգման մասին եւ հույսը դնում ժողովրդի գիտակցության վրա։ Երիտասարդներն անգամ չեն կողմնորոշվում, թե որ ընկերությունից օգտվեն, պատկերացնո՞ւմ եք՝ տարեց մարդիկ, որոնց նպատակը, ասենք, ՌԴ-ում բնակվող իրենց թոռներին մի վերջին անգամ տեսնելն է, պիտի կանոնավոր ու ոչ կանոնավոր չվերթ տարբերակեն, օրենքների մեջ խորանան։ Սա պետական գերատեսչության գործն է՝ կանոնակարգել այնպես, որ քաղաքացին ցանկացած պարագայում օգտվի օրինական եւ կանոնավոր տրանսպորտից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ