"Մ.Գ. Հաուզինգի" պատասխանատուն անհայտ է

"Մ.Գ. Հաուզինգի" պատասխանատուն անհայտ է
Ավտովթարից մահացած ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարյանի շինարարական գործունեությունից տուժածները չեն կարողանում գտնել "Մ.Գ.-Հաուզինգի" նոր պատասխանատուին: Հանգուցյալ պատգամավորի կողմից Ամիրյան 4 հասցեում իրականացված կառուցապատումներից տուժել է 12 ընտանիք: "Մ.Գ.-Հաուզինգ" դիմողներին պատասխանում են, թե դեռ որոշված չէ ով է լինելու ընկերության պատասխանատուն, երբ կորոշվի, նոր ձեր հարցերին պատասխան կտանք: Անտուն մնացածներից մեկը երեկ եկել էր մեր խմբագրություն: Նախկին ազատամարտիկ, 15 տարվա զինվորական Ռոման Զառաֆյանը Ամիրյան 4/18 բնակարանի նախկին բնակիչ է: Նա վտարվել է 2004-ին եւ արդեն 6 տարի վարձով է ապրում: Զառաֆյանը 44 քմ բնակելի տարածքով բնակարան է ունեցել, սակայն քանի որ տունը սեփականաշնորհված չի եղել, Մելիք Գասպարյանը բնակելի տարածքի տեսքով փոխհատուցում չի առաջարկել: Ավելին՝ հայտարարել է, թե "շնորհակալություն ասեք, որ էսքան ժամանակ էստեղ ապրել եք, ձեզ ընդհանրապես ոչ մի փող չի հասնում, որովհետեւ դա ապօրինի շինություն է": Այն դեպքում, երբ դա, ըստ քաղաքացու, պապենական տուն է եղել, պարզապես սեփականաշնորհված չի եղել: Դեռ 97 թվականին Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը համապատասխան որոշում է ընդունել այդ տարածքի սեփականաշնորհումը թուլատրելու մասին: Մի խոսքով՝ քաղաքացուն վտարել են, 2 հազար դոլար փոխհատուցում սահմանել, ընդ որում, դատարանի միջոցով:



Այսօր քաղաքացին չի կարողանում գտնել "Մ.Գ.-Հաուզինգի" պատասխանատուին. նրան ասել են՝ քանի որ Մելիք Գասպարյանն արդեն չկա, պետք է ընկերության պատասխանատվությունը ստանձնի տղան, սպասեք, մինչեւ էդ հարցը կլուծվի: "Իմ սեփականության հարցերը պետք է բավարարեն",- պահանջում է քաղաքացին: "Կա՞ օրենք, որ մարդուն կարող ես տնից վտարել ու բոմժի կարգավիճակում թողնել",-հարց է ուղղում նա: Քաղաքացին նաեւ համոզված է, որ Մելիք Գասպարյանը հովանավորչություն ուներ, որ նման գործունեություն էր իրականացնում, եւ նրա թիկունքում էր նաեւ Երվանդ Զախարյանը: Այժմ քաղաքացին պատասխան է սպասում նաեւ քաղաքապետարանից, որը ժամանակին լիազորել է Մելիք Գասպարյանին՝ քանդելու իր տունը: Նա դատի է տվել քաղաքապետարանին անգործության համար:



Տեղեկություն կա, որ հանգուցյալ պատգամավորի ունեցվածքի ու թողած պարտքերի շուրջ վեճ կա Մելիք Գասպարյանի որդու՝ Ապրես Գասպարյանի, ու եղբոր՝ Էդիկ Գասպարյանի միջեւ՝ թե ում ինչ պետք է բաժին հասնի: Մենք զանգահարեցինք Մելիք Գասպարյանի եղբորը՝ Էդիկ Գասպարյանին: Նա հայտարարեց, որ Գասպարյանի իրավահաջորդը նրա տղան է՝ Ապրեսը: Կոնֆլիկտի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան հանգուցյալ պատգամավորի եղբայրը հայտարարեց. "Երբեք տենց բաներ չի եղել: Երբեք: Չի եղել, չի լինի, չի էլ կարող լինել"՝  հաստատելով, որ ինքը Մելիք Գասպարյանի միակ եղբայրն է: Մեր հաջորդ հարցին, թե ինչ հանգուցալուծում է ստացել Մելիք Գասպարյանի պարտքերի հարցը, Էդիկ Գասպարյանը հրաժարվեց պատասխանել. "Էդ արդեն իրանք գիտեն: Կինը կասի էդ հարցերով": Մեր դիտարկմանը, թե ասում են, որ Մելիք Գասպարյանի շրջապատից ոմանք ուզում են մեջ-մեջ անել նրա բիզնեսը, Էդիկ Գասպարյանը հայտարարեց. "Ես նման բան չեմ լսել":



Որոշ տեղեկություններով՝ հանգուցյալ պատգամավորը, որը փաստորեն քիչ մարդու չի զրկել տնից, իր հետեւից մի քանի կիսակառույց էլիտարներ ու մի քանի մլն. դոլարանոց պարտքեր է թողել: Նրան են պատկանում Ամիրյան-Զաքյան խաչմերուկի վրայի երկու էլիտար բազմաբնակարան շենքերը, որոնք երկուսն էլ անավարտ են: Նրան են պատկանում նաեւ Վարդանանց-Ալեք Մանուկյան խաչմերուկում գտնվող երկու շենքերը, որոնցից մեկի շինարարությունն է ավարտված: Տեղեկություններ են շրջանառվում, թե քանի որ "Մ.Գ.-Հաուզինգը" լուրջ պարտքեր ունի թե պետությանը, թե անհատներին, շենքերի նոր սեփականատերեր են հայտնվել: