Նախկին նախագահի եղբայրը ձերբակալվեց

Նախկին նախագահի եղբայրը ձերբակալվեց
Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի հարազատ եղբայրը` Ախմատ Բակիևը, ձերբակալվել է Ջալալ-Աբադում: Նրան մեղադրում են զանգվածային անկարգություններ հրահրելու, ազգամիջյան թշնամություն սերմանելու և ապօրինի զինված խմբավորում կազմավորելու մեջ:



Բակիևը ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն ցույց չի տվել, հաղորդում է Ինտերֆաքսը: Ղրղզստանի ներքին գործերի փոխնախարար Մելիս Տուրգանբաևը գործակալությանը հայտնել է, որ էքս-նախագահի եղբայրը զինված է եղել, սակայն զենքը չի օգտագործել:



Բացի այդ Ախմատ Բակիևի ձերբակալության ժամանակ նրա թաքստոցում հայտնաբերվել է կեղծամ, դնովի բեղեր և մորուք: Այս պահին իրավապահները հարցաքննում են Բակիևին` կապված այս տարվա հունիսին Ղրղզստանի հարավում տեղի ունեցած անկարգությունների հետ:



Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի կեսերին Ղրղզստանի հարավում տեղի ունեցան բախումներ ղրղզների և ուզբեկների միջև, որոնց, պաշտոնական տվյալների համաձայն, զոհ գնաց մոտ 300 մարդ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, այդ թիվը գերազանցում է 2000-ը: Բացի այդ բախումների էպիկենտրոն դարձած Օշ քաղաքը գրեթե ամբողջությամբ ավիրվել էր: