Ահմադինեժադը քննադատել է Մեդվեդևին

Ահմադինեժադը քննադատել է Մեդվեդևին
Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ` Իրանի առաջնորդը հայտարարել է. "Մենք ափսոսում ենք, որ Մեդվեդևը հանդես է գալիս որպես Իրանի թշնամիների խոսափող": Մահմուդ Ահմադինեժադը հիշեցրել է, որ Ռուսաստանը սատարել է ՄԱԿ Անվտանգության Խորհրդի վերջին բանաձևը, որի համաձայն Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ պետք է կիրառվեն: Ահմադինեժադի կարծիքով, Մեդվեդևը վերջին շրջանում միայն կրկնում է արևմտյան քարոզչամեքենայի պոստուլատները:



"Ռուսաստանը մեծ երկիր է, իսկ մենք նրա ընկերն ենք և հետաքրքրված ենք բարեկամական հարաբերությունների զարգացմամբ: Սակայն Մեդվեդևի արտահայտությունները Միացյալ Նահանգների կողմից գրված սցենարի նախաբանն են: Ռուսաստանի նախագահը տվեց այդ սցենարի մեկնարկը",- հայտարարել է Իրանի նախագահը:



Մոտ երկու շաբաթ առաջ Դմիտրի Մեդվեդևը ենթադրություն էր հայտնել, որ Իրանը ուրանի հարստացման առումով մոտ է զինամթերային մակարդակին: Ավելի վաղ Մոսկվան սատարել էր ՄԱԿ-ի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառմանը այն դեպքում, երբ Իրանն ակնկալում էր, որ Մոսկվան, որպես "քաղաքական և առևտրային գործընկեր", վետո կդնի այդ որոշման վրա: