Աշխարհահռչակ աստրոֆիզիկոսը կասկածի տակ է առել Արարչի մասնակցությունը Տիեզերքի ստեղծման գործում

Աշխարհահռչակ աստրոֆիզիկոսը կասկածի տակ է առել Արարչի մասնակցությունը Տիեզերքի ստեղծման գործում
Բրիտանացի հանրահայտ աստրոֆիզիկ եւ տեսաբան Սթիվեն Հոքինգը հերքել է իր նշանավոր նախնիի` Իսահակ Նյուտոնի արած եզրակացությունները: Նա եկել է սեփական եզրակացությանը, որ գոյություն ունեցող Տիեզերքը "ինքն իրեն ստեղծել է ոչնչից"` ձգողականության ուժի շնորհիվ, եւ նրան դրա համար Աստված պետք չէր: Իր նոր "Մեծ մտահղացում" աշխատության մեջ Հոքինգը հայտարարել է, որ ժամանակակից ֆիզիկան Տիեզերքի ստեղծման առումով "Աստծու համար տեղ չի թողնում": Այն, գիտնականի կարծիքով, ստեղծել է ինքն իրեն` օգտագործելով ֆիզիկայի օրենքները:



"Համաձայն երկրի ձգողականության մասին օրենքի, Տիեզերքը կարող էր եւ պարտավոր էր գոյանալ ոչնչից,- ասվում է աշխատության մեջ,- Հանկարծակի արարումը հենց այն պատճառն է, որի շնորհիվ դատարկության փոխարեն առաջանում է ինչ-որ բան: Դա Տիեզերքի գոյության, մեր գոյության պատճառն է": Ըստ այդմ Հոքինգը հերքել է Նյուտոնի տեսությունը, թե աշխարհը չէր կարող ինքնուրույն գոյանալ առաջնային քաոսի միմիայն ֆիզիկական օրենքների շնորհիվ, եւ ահդ նպատակով անհրաժեշտ էր բարձրագույն ուժ` Արարիչը:



Հոքինգը խոստովանել է, որ Տիեզերքի ինքնազարգացման տեսությունն ինքը հղացել է 1992 թվականին, երբ հայտնաբերվել է մեր Արեգակնային համակարգի նմանությամբ մեկ այլ մոլորակային համակարգ: "Ես հասկացա, որ մենք տիեզերքում յուրահատուկ չենք",- բացատրում է գիտնականը: