Փետրվարի 4-ը կդառնա՞ մարտի 1

Փետրվարի 4-ը կդառնա՞ մարտի 1
Եգիպտական վարչակազմին տապալելու, երեք տասնամյակ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնող Հոսնի Մուբարաքին գահընկեց անելու վերջնաժամկետը եգիպտացի ցուցարարները սահմանել էին փետրվարի 4-ը: Նրանք վճռել են հեղափոխությունն ավարտին հասցնել ու հայտարարել, որ  այդ օրը Կահիրեի փողոցները լցնելու են միլիոնի հասնող ցուցարարներով:



Հիշեցնենք, որ երկրի ղեկավարը ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված զրույցում ասել էր, որ կուշտ է ամեն ինչից: 62 տարի քաղաքացիական ծառայությունում աշխատելով՝ բավական հոգնել է: Սակայն հավելել է, որ եթե հրաժարական տա, երկրում իսկական քաոս կսկսվի: Առանց հրաժարականի էլ երկրում ծայր է առել քաոսացման գործընթացը:



Մենք երեկ կապ հաստատեցինք Կահիրեի «Թահրիր» հրապարակի ցույցերի մասնակից մեր հայրենակցի` Անժելա Հարությունյանի հետ, որն արդեն մի քանի տարի Եգիպտոսում է՝ կրթություն ստանալու նպատակով: Նա իր ուսանողական ընկերների հետ մասնակցել է պայքարին:



Մեր հայրենակցի փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ իրավիճակն ավելի խաղաղ էր, բռնություններն ու ճնշումները համեմատաբար դադարեցվել էին, թերեւս պատճառը նոր վարչապետ Ահմեդ Շաֆիկի այն հայտարարությունն էր, ըստ որի՝ ՆԳՆ ուժերը չպետք է երեկ խանգարեին ցուցարարների խաղաղ երթին, որը տեղի էր ունենալու ուրբաթօրյա աղոթքից հետո՝ «Հրաժարականի ուրբաթ» կարգախոսով: Իսկ փետրվարի 4-ը կոչվում էր «Հեռացման օր», եւ պետք է Մուբարաքը վերջնականապես հրաժարվեր 30 տարի զբաղեցրած գահից:



Մեր հայրենակիցը մեզ փոխանցեց, որ բազմամարդ ցույցեր են եղել Ալեքսանդրիայում ու այլ քաղաքներում, թեեւ ողջ ժողովուրդն է ոտքի կանգնել, սակայն վիճակն ավելի վերահսկելի է, քան նախորդ օրերին: «Բռնություններ, որպես այդպիսին, չկան այսօր: Հրապարակի հարակից տարածքներում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են շրջում ցուցարարների միջեւ եւ փորձում ճնշել, սադրել, բայց կրակոցներ, ծեծկռտուք չկա, ավելի խաղաղ է իրավիճակը:



Հետաքրքիրն այն է, որ ցուցարարներն են հայտնաբերում ոստիկան սադրիչներին ու տանում-հանձնում բանակի ներկայացուցիչներին»: Մեր հարցին, թե արդյո՞ք ցուցարարները հավատում են իրենց կարգախոսի իրականացմանը՝ Մուբարաքի հրաժարականին, պատասխանեց. «Շատերը կարծում են, թե այսօր հրաժարական չի տա, քանի որ օրը որոշել են ցուցարարները, որպեսզի չստացվի այնպես, թե նա լքեց աթոռը ընդդիմության պահանջած օրը: Մեզ ամեն դեպքում թվում է, որ նա այսօր հրաժարական չի տա»:



Մեր երիտասարդ հայրենակցի հետ մենք զրուցում էինք Եգիպտոսի ժամանակով ժամը 20-ին: Այդ ժամանակ, իր հավաստմամբ, թեեւ Կահիրեի փողոցները լեցուն էին ցուցարարներով, սակայն խոստացված մեկ միլիոնին չէին հասել: Ըստ իր տվյալների՝ ազատ են արձակվել լրագրողները, ճնշումներ եղել են նաեւ եվրոպացի լրագրողների նկատմամբ, բայց կոնկրետ բռնության դեպքեր երեկ չեն գրանցվել:



«Երեկ մեծ հրապարակում մեծ աղմուկով ողջունեցինք այն լուրը, որ  օդանավակայանում ձերբակալվել է ՆԳ փոխնախարարը, ով փորձել է երկրից դուրս գալ: Խուճապի են մատնվել պաշտոնյաները եւ միջոցներ են ձեռք առնում երկրից դուրս բերելու հարստությունն ու ընդհանրապես տեղափոխվել այլ երկիր»,-պատմում էր մեր զրուցակիցը: Նշենք, որ երեկ «Արմավենի» հայկական կայքին Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանն ասել է, որ թալանվել է երեք հայկական խանութ, սակայն վիրավորներ չկան:



Հայ համայնքը թեեւ մտահոգված է իրադարձություններով, սակայն նրանց կողմից կազմակերպված մասնակցություն չի եղել: Մեր հայրենակիցներն էլ սարսափած են եւ դիմել են դեսպանատուն՝ ցանկացած պահի վերադառնալու համար: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ հանուն ազատության զոհվել է 3 հարյուր մարդ: Եգիպտացիներին երեկ Հայաստանում Եգիպտոսի դեսպանատան մոտ իրենց զորակցությունն են հայտնել դեռեւս 2007 թվականից Հայաստանում ազատության համար մղվող պայքարի երիտասարդ առաջամարտիկները:



Նախաձեռնության հեղինակ Արթուր Մինասյանի մեկնաբանմամբ՝ հավաքվել են ոչ միայն զորակցություն հայտնելու Եգիպտոսի ժողովրդին՝ բռնապետության դեմ պայքարում ցուցաբերած վճռականության համար, այլ նաեւ  ցավակցություն հայտնելու եգիպտացիների ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար մղվող պայքարում ունեցած զոհերի եւ վիրավորների կապակցությամբ: Մերոնք եգիպտացի համախոհներին միացան նաեւ վանկարկումներով՝ «Ազատ, անկախ Եգիպտոս», «Հուրրիա», ինչը թարգմանաբար նշանակում է ազատություն՝ պարզած հեռացման պահանջներով արաբատառ պաստառներ: