Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
Արցախի ղեկավար Բակո Սահակյանն իր մոտ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն նվիրված էր պաշտպանության բանակի հետ համագործակցության խնդրին:



ԼՂՀ նախագահի մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, Բ. Սահակյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է, որի «մարտունակության բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման եւ հարեւան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարեւորագույն գործոններից մեկը»:



Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է բանակ-հասարակություն հարաբերություններին եւ առաջարկել այն նոր մակարդակի հասցնել։ Արցախի ղեկավարը պաշտոնյաներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տվել հաճախակի այցելել զորամասեր, տեղում հանդիպումներ կազմակերպել անձնակազմի հետ եւ աջակցություն ցուցաբերել՝ բանակի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար։



Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ քաղաքացիական պաշտպանության խնդիրը: Խորհրդակցությանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ այլ պաշտոնատար անձինք:



Այն, որ չճանաչված երկրի ղեկավարը պաշտոնյաներին խորհուրդ է տվել հաճախակի այցելել զորամասեր, այս կամ այն կերպ աջակցել բանակին, դա լավ է։ Սակայն, ցավոք, ավանդույթ է դառնում, որ հայ բարձրագույն ղեկավարները, առիթ թե անառիթ, մշտապես շեփորում են մեր բանակի «մարտունակության բարձր մակարդակը», առանց մտածելու, որ դրանով հաճելի թմբիրի մեջ են գցում բոլորիս։ Իսկ հակառակորդը միլիարդներ է ծախսում իր բանակը նորագույն տեխնիկայով զինելու համար։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ