Սիզիփոսյան աշխատանք

Սիզիփոսյան աշխատանք
Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, երբ հասարակությունդ հակված չէ նման պայքարի: Ավելին՝ միանգամայն արդարացնում է կոռուպցիան, անգամ խրախուսում եւ նախանձում պաշտոնն ու դիրքը չարաշահողներին: Երբեմն թվում է, թե մարդկանց դժգոհությունը կոռուպցիայից ընդամենը դժգոհություն է այն բանից, որ իրենց չի տրված նման հնարավորությունը, այլ մեկ ուրիշին: Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի ու կաշառակերության դեմ, եթե մամուլի ցանկացած հրապարակում կարող է տվյալ լրատվամիջոցի փակվելու, սնանկանալու, դատական պրոցեսների մեջ խորապես թաղվելու պատճառ դառնալ: Եվ մեր ամեն ինչի հարմարվող հասարակությունը կարող է հանգիստ նայել, թե ինչպես են հաշվեհարդար տեսնում լրագրողի ու ԶԼՄ-ի հետ: Չէ, անշուշտ կկարեկցի, բայց նաեւ կասի՝ զգույշ լինեիք, ձեզ ո՞վ էր ասում կրակի հետ խաղալ: Կամ՝ կհիշի բազում իմաստուն ասացվածքներ, օրինակ, բզի ծայրին բռունցքով չեն խփի եւ այլն: Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, եթե ոչ մեկը, անգամ ամենաբարձր պաշտոն զբաղեցնողը, պաշտպանված չէ եւ ամեն օր կարող է հայտնվել գործազուրկի կարգավիճակում, ու այդ գիտակցությունը նրան մղում է ոչ թե ինքնադրսեւորման ու լավ աշխատելու, այլ կարճատեւ պաշտոնավարումը հօգուտ սեփական անձի, հօգուտ ժառանգների օգտագործելու: Որ վաղը այդ նույն ժառանգն արհամարհանքով չասի՝ չկարողացար օգտվել քո կյանքի եզակի հնարավորությունից: Վերջապես ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հասարակությունը բացարձակապես չի կարողանում տարբերել լավ աշխատողին պորտաբույծից, կոռուպցիոներին՝ օրինապահից, աշխատասերին՝ շատախոսից: Երբ չկա ոչ մի չափանիշ ու բարոմետր: Երբ թացը չորի հետ այնպես է խառնվել, որ ցուցամոլ երեսպաշտն ավելի բարձր է գնահատվում, քան ստվերում համեստորեն իր գործն անողը: