Տոլման՝ կռվախնձոր

Տոլման՝ կռվախնձոր
Վաղը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Սարդարապատում տեղի կունենա տոլմայի առաջին համահայկական փառատոնը, կազմակերպիչն է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն, որի նախագահ Սեդրակ Մամուլյանը երեկ արդեն մինի փառատոն էր կազմակերպել՝ տոլմայի հյուրասիրությամբ, որպեսզի ազդարարեր այս մասին:   



Հայտնի խոհարար Մամուլյանը կարծում է, որ ազգային խոհանոցի հանդեպ վերաբերմունքը պետք է լրջանա, իսկ ինչո՞ւ հենց տոլմայի փառատոն, որովհետեւ «այն վերջին ժամանակներս դարձել է քաղաքական շահարկումների առարկա մեր հարեւան երկրներում»: Հարավային Կովկասի ժողովուրդները վիճարկում են տոլմայի հեղինակային իրավունքը:



Հայ խոհարարները չեն վախենում սրանից, ավելին՝ համահայկական փառատոնին հաջորդ տարի պատրաստվում են հրավիրել նաեւ ադրբեջանցի եւ թուրք խոհարարների, իսկ մինչ այդ «պարսկական կողմից մինչեւ վերջին պահը հավաստիացրին, որ կմասնակցեն, բայց հրաժարվեցին: Նույնը նաեւ վրացական կողմը, բայց փառատոնին հայկական տոլմայով ներկայանալու է Հնդկաստանը»՝ հնդիկների մասնակցությամբ ապահովելով տոլմայի աշխարհագրությունը:



Սեդրակ Մամուլյանի կարծիքով, հրաժարվելու պատճառը հավանաբար խանդն է: «Մեզ չի հուզում, որ մեր հարեւանները կռվում են տոլմայի համար, մենք իրենց կարող ենք բացատրել, թե այդ կերակրատեսակն ինչ ծագում ունի»,- նշեց նա ու բացատրեց, որ տոլման «տոլի» բառից է, որը հին ուրարտերենով նշանակել է խաղողի վազ, իսկ տոլման խաղողածին է, դրա համար էլ, որպես փառատոնի անցկացման վայր, ընտրել են Արարատյան դաշտավայրը՝ որպես խաղողի բնօրրան:



«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմկոմիտեի անդամ Վարդան Հակոբյանի կարծիքով՝ քանի որ կինոփառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանում 120-150 օտարերկրյա հյուրեր, ապա տոլմայի փառատոնը շատ լավ առիթ է մի շարք հարցեր լուծելու համար, ասենք՝ «մի քանի ասպեկտներով» հայկական մշակույթի հետ ծանոթացնելու համար: Կինոգործիչներից բացի, հրավիրատոմսեր են ուղարկվել նաեւ ԱԺ պատգամավորներին, նախարարներին: Իսկ հուլիսի 14-ին, ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակից տոլմայասեր հասարակության փոխադրումը Երեւանից Սարդարապատ իր վրա է վերցրել Մամուլյանի կազմակերպությունը:



Փառատոնն ունենալու է նաեւ 3 անվանակարգ՝ «Լավագույն համուհոտ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում», հաղթողներին տրվելու են հուշամեդալներ, իսկ գլխավոր մրցանակը լինելու է մեծ գավաթ: Փառատոնին մասնակցող 20 տաղավարներից յուրաքանչյուրը կներկայացնի 3-4 տեսակի տոլմա: Կույր մրցավարություն է լինելու, որի ընթացքում ժյուրիի խոհարարներից, կինոգործիչներից, լրագրողներից կազմված ժյուրին համտեսելու է տոլման: Ժյուրիի նախագահի անունն առայժմ գաղտնի են պահում, նշեցին միայն, որ մեր նշանավոր կինոգործիչներից մեկն է:



Հետաքրքրվեցինք՝ միայն տոլմա՞ է լինելու, թե՞ այլ խորտիկներ նույնպես. «Փառատոնը միայն տոլմայի  է լինելու, բայց տաղավարները նաեւ նախուտեստ են դնելու, ժողովրդին հյուրասիրելու են: Կարեւորը՝ տոն լինի, որովհետեւ սեղանի շուրջ նույնիսկ սուր հարցերն են հարթվում»: Տոլմայի համահայկական փառատոնը «Ոսկե ծիրանի»  շրջանակներում հավակնում է դառնալ նաեւ մշակութային երկխոսության պլատֆորմ: