Կլինի արտահե՞րթ

Կլինի արտահե՞րթ
Իշխանությունը հերթական զիջումն արեց ընդդիմությանը՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ մոտ երեք տարի ձգվող դատական հետապնդումը դադարեցվեց: Բանն այն էր, որ ՀՀ նախկին վարչապետը հրաժարվում էր կատարել դատարանի որոշումը՝ ներողություն խնդրել ՀՀ ներկա վարչապետից, եւ կես տարին մեկ տուգանք էր վճարում ԴԱՀԿ-ին: Երեկ Տիգրան Սարգսյանը հրաժարվել է իր պահանջից: Եվ քանի որ նախօրեին ՀԱԿ-ը հայտարարություն էր արել հօգուտ Բագրատյանի, ենթադրվում է, որ այս անգամ էլ իշխանությունն ընդդիմությանը լսեց: Այս փաստից ոմանք հեռուն գնացող հետեւություններ են արել, թե շուտով մյուս՝ գլխավոր պահանջն էլ է իշխանությունը կատարելու: Խոսքն անշուշտ արտահերթ ընտրությունների մասին է: Հարյուրավոր փաստարկներ կարելի է բերել ի օգուտ այս կանխատեսման, բայց նույնքան էլ՝ ի վնաս: Եվ դժվար է ասել, թե դրանցից որը հաղթող կլինի: Հայաստանն անկանխատեսելի երկիր է, եւ հաճախ մեզանում տեղի ունեցող դեպքերն ու զարգացումները ոչ միայն տրամաբանության, այլեւ քաղաքական զարգացումների կանոնների մեջ չեն տեղավորվում: Սակայն երկու դիտարկում այնուամենայնիվ կարելի է անել, եւ դեպքերի ցանկացած զարգացման դեպքում դրանք հեռու չեն լինի իրականությունից: Առաջինն այն է, որ Հայաստան պետությունը 2011-ին հայտնվել է ծանր կացության մեջ՝ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ հոգեւոր ու մշակութային ասպեկտներով: Եվ այդ կացությունից դուրս գալու ոչ ստանդարտ լուծումներ են հարկավոր: Եվ նման լուծումների ռիսկ դրսեւորած իշխանությունը շահած է դուրս գալու: Եթե այդ լուծումն արտահերթ ընտրություններն են, ուրեմն պետք է գնալ դրան: Եվ պետք չէ վախենալ այն խոսակցություններից, թե իշխանությունը գնում է զիջումների: Զիջումների գնում են ուժեղները: