Մենք ու նրանք

Մենք ու նրանք
Պատուհանից հետեւում եմ գունավոր լույսերի մեջ շողացող հեռուստաաշտարակին, եւ մանկությանս հուշերն են արթնանում. այդպես զմայլված ժամանակին պտտում էի կոլեյդոսկոպն ու հիանում գույների բազմերանգ խաղով: Մեր հասարակության մի հատված, ցավոք, կորցրել է ինչ-որ բանով հիանալու կարողությունը: Կյանքի դառնություններն ու հոգսերը նրան դարձրել են հոռետես, փնթփնթան, հավերժ դժգոհ: Երբ մարդը հացի խնդիր ունի, ինչո՞ւ պետք է նկատի լուսավորված հեռուստաաշտարակը կամ հիանա նոր օդանավակայանով: Չէ՞ որ նա այդ օդանավակայանից օգտվելու հնարավորությունից է զրկված՝ մեկ ավիատոմսի արժեքով նրա ընտանիքը կես տարի կապրի: Եթե մարդը մայրաքաղաքի ծայրամասի բնակարանում 10 շնչով մեկ սենյակի մեջ է ապրում, ինչո՞ւ պետք է տեսնի ու հիանա կենտրոնի նորակառույցներով կամ հին շենքերի մաքրված ու գեղեցկացած ճակատներով: Եթե մարդը չգիտի ինչպես է փակելու այս ամսվա հոսանքի, ջրի, գազի վարձը, ինչպե՞ս կարող է գնահատել Անկախության 20-ամյակի համերգներն ու այս համընդհանուր իրարանցումը: Եվ վերջապես՝ ի՞նչ են փոխում նրա կյանքում այն բազում հանդիսավոր ընդունելություններն ու խորհրդաժողովները, մարզական միջոցառումներն ու տոնական խնջույքները, որոնց մասնակցում է երկրիս էլիտան, մեր հասարակության հարուստ ու բարեկեցիկ հատվածը: Վստահաբար կարելի է ասել, որ այս տոնական անցուդարձին հետեւողների մի մեծ զանգված, մեղմ ասած, բավականություն չի ստանում այս ամենից, եթե չասենք, որ դատապարտում է ու անգամ անիծում: Եվ պետք չէ այդ մարդկանց մեղադրել չարության մեջ: Դա շարքային մարդկանց բնական արձագանքն է: Մարդիկ, որոնք մեծ եկամուտ չունեն, սակայն ունեն բազում հոգսեր, որոնց լուծմանը պետությունը որեւէ կերպ չի նպաստում: