Դրական լիցքեր

Դրական լիցքեր
Ինչքան քչով բավարարվող ժողովուրդ ենք. մի փոքրիկ տոն, մի քիչ ուրախություն, եւ բավական է, որ մեզ երջանիկ զգանք՝ հպարտ մեր երկրով, գոհ մեր իշխանություններից: Երեկ ողջ երկրում թեւածում էր տոնական մթնոլորտը: Մարդիկ՝ մեծ ու մանուկ, փողոց էին ելել, նշում էին Անկախության տոնը: Բոլորն ուրախ էին, բարձր տրամադրությամբ, ոգեւորված ու ոգեշնչված: Իսկ երբ առանձնապես լավատեսությամբ աչքի չընկնող մեր սրբագրիչն էլ փայլող աչքերով մտավ խմբագրություն ու շնորհավորեց տոնը, ես հասկացա, որ երկրում անտարբեր մարդ չի մնացել: Տոնի, ուրախության կարոտ մեր ժողովուրդը հոգնել է սգալուց, տխրելուց, կորուստներ ու բացթողումներ արձանագրելուց: Այո, հայ ազգը հաղթանակի ու հանդիսությունների է կարոտ: Անգամ եթե այդ տոնն իրենը չէ, ու այդ տոնից իրեն փշրանքներ են բաժին ընկնում՝ էկրանից հեռարձակվող զորահանդեսի, երեխային բաժին հասած փուչիկների ու հարուստների պողոտայում կազմակերպված համերգի տեսքով, միեւնույն է՝ տոնը նրան դրական լիցքեր է հաղորդում, ապրելու ուժ տալիս: Եվ ամենակարեւորը՝ հույս ներշնչում, որ այս երկիրն ապագա ունի: Չէ՞ որ շարունակ ցեղասպանությունից, պատերազմի վտանգից ու զոհերից, ալան-թալանից, կեղծված ընտրություններից ու թանկացումներից խոսող ժողովուրդն այդ բացասական էներգիան կուտակում է ներսում, տեղափոխում աշխատավայր ու ընտանիք: Իսկ տոնն ու հանդիսությունները նրան օգնում են մի պահ կտրվելու առօրյայից, մոռանալու օրվա հոգսի ու վաղվա դժվարությունների մասին: 20-ամյակի տոնակատարությունների վրա մսխված գումարներն անշուշտ շատ ավելի օգտակար կարող էին ծախսվել, բայց մարդկանց բարձր տրամադրությունը եւս էժան ապրանք չէ: Այնպես որ պետք չէ ափսոսել այդ գումարները՝ դրանք, կարելի է ասել, ծառայեցին իրենց նպատակին: