Չարժե ընդվզել

Չարժե ընդվզել
Անշնորհակալ գործ է այս օրերին քաղաքական վերլուծություններ, առավել եւս՝ կանխատեսումներ անելը: Ամենատրամաբանական դիտարկումների ու եզրահանգումների վրա հիմնված վերլուծություններդ կարող են թղթե տնակի պես հաջորդ օրն իսկ փլվել, եւ դու կարող ես հայտնվել ծիծաղելի վիճակում: Նման պայմաններում խելացի մարդն անշուշտ լռում է, բայց անշուշտ՝ ոչ լրագրողները: Եվ այսպես՝ ի՞նչ ունենք մենք: Այն, որ քաղաքական դաշտում լարվածություն կա, անզեն աչքով է նկատելի: Այն, որ հակասությունները քաղաքական ուժերի եւ երկրում որոշակի դերակատարում ունեցող անձանց միջեւ սրվում են, դա էլ է նկատելի: Ոմանք հակված են կարծելու, որ այս հակասությունների գերակշռող մասը սարքովի է, այսպես կոչված՝ թատրոն: Քաղաքական որոշակի սցենարի շրջանակներում խաղացվող, որն ուղղված է ժողովրդի հիմարացմանն ու իշխանությունը-հարստությունը-լծակները պահպանելուն: Ենթադրվում է, որ նման խորամանկ սցենարի հեղինակը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգն է՝ իրենց արբանյակներով: Չժխտենք, քանզի իմաստուններն ասում են՝ ամեն ինչ հնարավոր է այս երկնքի տակ: Սակայն ես անձամբ հակված եմ մտածելու, որ նման բազմաքայլ կոմբինացիաները մեր իրականության, առավել եւս մեր պարզունակ ժողովրդի ծոցից ելած զավակների դեպքում քիչիկ մը անհավանական են: Եթե հավանական են, ապա դա խոսում է սցենարի հեղինակների խելքի-խորամանկության-ճարպկության մասին: Եվ հակառակը. մեր՝ հիմարացվողներիս անխելքության մասին: Ուստի չարժե անգամ վրդովվել՝ միանգամայն արդարացի է, որ մեզ ղեկավարեն մեր միջի ամենախորամանկներն ու ամենաճարպիկները: Լավ չէ, անշուշտ, որ այդ ճարպկության մեջ անազնվության ու խաբեության տարր կա, բայց ի՞նչ արած: Սա է 2011-ի Հայաստանը, եւ դրա դեմ ոչինչ անել չես կարող: