Ընդունվել է իրավական ոչ բավարար հիմնավորմամբ

Ընդունվել է իրավական ոչ բավարար հիմնավորմամբ
Բաց նամակ ՀՀ կառավարությանը, Երեւանի քաղաքապետարանին



Վերջին  տարիներին Երեւանի կառուցապատման մի շարք ծրագրեր բուռն քննարկումներ են հարուցել ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության շրջանում: Այդ ծրագրերից իր բացառիկ նշանակությամբ զատվում է Հանրապետության հրապարակի թիվ 1 կառավարական շենքի կամ, այսպես կոչված, «թամանյանական թմբուկի» կառուցումը, որի համար հիմք է ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի N 569-Ա որոշումը:



Հավանական է՝ սա ընդունվել է հապճեպ եզրակացության եւ իրավական ոչ բավարար հիմնավորմամբ եւ հակասում է ՀՀ օրենսդրության մի շարք ակտերին, որոնց թվում՝ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի «Երեւան քաղաքում առաջնահերթության կարգով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հունիսի 26-ի N 792-ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» N 945-ն որոշմանը:



Վիճահարույց այս հարցը հանգամանալից ու համալիր ձեւաչափով քննվեց թե քաղաքաշինական հայեցակարգային, թե ճարտարապետական հորինվածքի յուրահատկությունների ու պատմամշակութային ժառանգության խնդիրների եւ թե զուտ ուտիլիտար նպատակահարմարության տեսանկյուններից: Քննարկումները կայացան ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի ենթահանձնախմբերում, դիդակտիկ նյութերի ցուցադրմամբ լուսաբանվեցին զանգվածային  բոլոր լրատվամիջոցներով:



Վերջին մասնագիտական քննարկումը կայացավ սույն թվականի սեպտեմբերի 30-ին, Հայաստանի ճարտարապետների միությունում, ճարտարապետների ընդհանուր ժողովում, որի նպատակն էր պարզել` իրավունք ունե՞նք արդյոք սրբագրելու, միջամտելու Ալեքսանդր Թամանյանի ժառանգությանը` վերջնականապես աղավաղելով այն, եւ ստուգաբանելու ճարտարապետական վարչական պաշտոնյաների՝ մամուլով հնչեցրած տեսակետն այն մասին, թե թմբուկի կառուցմանը դեմ են ընդամենը մի քանի նախանձախնդիրներ, իսկ մասնագետների ընդհանրական զանգվածը միայն ողջունում է այն:



Ժողովին ներկա շուրջ 200 ճարտարապետներին բաժանվեցին հարցաթերթիկներ:



Քվեարկության արդյունքով պարզվեց, որ թմբուկի կառուցմանը կողմ են քվեարկել 13 հոգի, որ նույնն է, թե ծրագիրը նախաձեռնող կողմի աշխատակազմի անդամները:



Կարծում ենք, որ սա մասնագիտական կարծիքի օբյեկտիվ պատկերն է, ուստի, դիմելով Ձեզ, ինչպես նաեւ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին, կոչ ենք անում.



1. Վերանայել ու չեղյալ ճանաչել ՀՀ կառավարության «Երեւան քաղաքի Հայաստանի Հանրապետության կառավարական թիվ 1 շենքի բակում բազմահարկ վարչական շենքի կառուցման մասին» 2010թ. մարտի 18-ի N 569-Ա որոշումը:



2. Բողոքարկման նոր ալիքներից զերծ մնալու համար կասեցնել հանպատրաստից ու վիճահարույց քաղաքաշինական բոլոր այն ծրագրերը (Բրազիլիայի հրապարակ, Աբովյանի պուրակ, «Հրազդան» մարզադաշտի էվակուացիոն տարածք եւ այլն), որոնք հակասում են քաղաքաշինական հաստատված փաստաթղթերի հիմնադրույթներին:



3. Խստացնել պետական վերահսկողությունը տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ` կարեւորելով քաղաքաշինական գործող օրենսդրական դաշտի պահանջները:



4. Քաղաքաշինական կարեւոր հանգույցների ու հատկապես Երեւանի փոքր կենտրոնի նախագծումները կատարել ճարտարապետական բաց մրցույթներով` մասնագիտական կարծիքների ազատ մրցակցության ու հրապարակայնության պայմաններում:



Հայաստանի ճարտարապետների միավորման վարչություն