Լույսերն անջատենք գնա՞նք

Լույսերն անջատենք գնա՞նք
Տարօրինակ երկիր է Հայաստանը: Այն, որ երկրիս բնակչության մեծ մասը երազում է հայտնվել որեւէ արտասահմանյան երկրում, նորություն չէ եւ առանձնապես զարմանալի էլ չէ: Բայց, որ երկրիս բարձր պաշտոնյաներն էլ են դա երազում եւ ցանկացած փոքրիկ հնարավորություն օգտագործում արտերկրում հայտնվելու համար, թերեւս արտառոց է ու աննախադեպ: Մի երկիր, որի նախագահը պաշտոնավարումն ավարտելուց հետո համաձայնում է դառնալ ռուսաստանյան մի ֆինանսական կորպորացիայի տնօրենների նախագահ: Մի երկիր, որի օմբուդսմենը հրաժարվում է պաշտպանել իր երկրի քաղաքացիների իրավունքները եւ համաձայնում պաշտպանել Կենտրոնական Ասիայի բնակչության իրավունքները: Մի երկիր, որի մեկ միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը հրաժարական է տալիս՝ հայտարարելով, որ բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ է ստացել, եւ օրեր անց նշանակվում է ռուսական մի բանկի փոխնախագահ: Մի երկիր, որի անվտանգության նախկին նախարարը (Կառլոս Պետրոսյան) մշտական բնակության է տեղափոխվում Ռուսաստան եւ հիմնադրում հետխորհրդային ինտեգրացիա քարոզող «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժումը: Մի երկիր... Իսկ գուցե երկրիս վարչապետն ու նախագահն է՞լ են երազում եվրոպական մի տաքուկ երկրում աշխատանք գտնելու մասին: Ասում են՝ վարչապետը, մասնավորապես, բոլոր հնարավորություններն ունի Իսպանիա տեղափոխվելու եւ խիստ բարեկեցիկ կյանքով ապրելու: Բարեկեցությունը՝ բարեկեցություն, բայց սա պարզապես խայտառակություն է պետության համար: Ինչպե՞ս կարող է այս երկիրը երկիր դառնալ, երբ ոչ մեկն իր ապագան չի տեսնում այստեղ: Երբ նպատակը ոչ թե պետություն կառուցելն է եւ համընդհանուր բարեկեցություն ապահովելը, այլ սեփական կենցաղը մի քիչ ավելի բարեկեցիկ դարձնելը եւ բարձր աշխատավարձ ստանալը: