Մամուլը՝ շարժիչ ուժ

Մամուլը՝ շարժիչ ուժ
Քաղաքական կյանքը մեզանում փոխարինվել է դրա մասին ասել-խոսելով: Կուսակցություններից մեկի լիդերը վերջերս պատմում էր, որ կուսակցությունների գրասենյակներում ամենակարեւոր գործը օրվա թերթերը կարդալն է: Հետո ողջ օրը զբաղված են կարդացածը վերլուծելով, դրանց ետեւում սրա-նրա ականջները փնտրելով, եւ եթե իրենց վերաբերող հրապարակումներ կան, դրանց արձագանքելու ձեւերի փնտրտուքով: Բանը հասել է այնտեղ, որ մի 100 ընթերցող ունեցող կայքում հրապարակված հոդվածի արձագանքը, հոդվածագրի «պորտը տեղը դնելը» կարող է դառնալ տվյալ կուսակցության ողջ ղեկավար էլիտայի եւ վերլուծաբանների հիմնական զբաղմունքը: Իսկ երբ կարդում ես այդ պատասխանները, տեսնում ես, որ դրանցում չկան անուններ, եւ միայն բազմանշանակալից ակնարկներ են՝ ուղղված անտեսանելի թշնամուն, որի ով լինելու մասին կարելի է միայն գուշակել «ազատ, բայց սերժատու», «լեւոնամետ», «թշնամի մամուլ» կամ այլ որակումներից: Եթե ողջ մամուլը տողետող ուսումնասիրած չլինես, ոչ մի կերպ չես հասկանա, թե ինչին եւ ում են ուղղված այդ պատասխանները, այդ ում «հախից» են գալիս կուսակցական անվախ հերոսները, որ թփերի տակից հոխորտում են ու հակառակորդին ռմբահարում: Երբեմն թվում է՝ եթե այս մի քանի թերթերն ու կայքերը չլինեին, քաղաքական կյանքը Հայաստանում վերջնականապես կմեռներ, իսկ կուսակցությունների մեծ մասը կփակվեին: Եթե կուսակցությունը նորմալ, գործող կառույց է, ինչու պետք է նրա գործունեության ամենաերեւացող մասը լինի անստորագիր հոդվածներ գրելը կամ ակնոց բաժանելը: Ինչու պետք է մի ողջ կուսակցություն իր ներուժը գործի դնի որեւէ երկրի փոխդեսպանին իր գրասենյակ հրավիրելու վրա, եւ ինչու պետք է հանրությունն այդ այցից հեռուն գնացող հետեւություններ անի: