Ինչպիսի նախագահ ենք ուզում

Ինչպիսի նախագահ ենք ուզում
Ինչպիսի՞ նախագահ պետք է ունենա մեր տիպի երկիրը, որտեղ բազում-բազմահազար հարցեր կան չլուծված: Որտեղ ժողովրդավարական ինստիտուտները կայացած չեն, ընտրական մեխանիզմներն ու տարբեր ոլորտները կարգավորող օրենսդրությունը՝ չգործող: Գումարած դրան՝ երկրում ամենագործունը քրեաօլիգարխիկ հարաբերություններն են, տնտեսական մրցակցության անհավասար պայմաններ են ստեղծված, մենաշնորհների կայուն համակարգ է գործում: Սոցիալական անհավասարություն է, մարդու իրավունքների անպաշտպան վիճակ, աղքատություն, անհուսություն, գիտելիքի արժեզրկում, մի խոսքով՝ ջունգլիների օրենքներ: Վստահ եմ՝ այս հարցի պատասխանների մեջ գերակշռողը կլինի. «Մեզ ամուր ձեռք է պետք, կամային նախագահ, որ կարողանա տիրապետել իրավիճակը եւ երկրում կարգուկանոն ստեղծել»: Եթե մեզանում դեմոկրատիան փոքր-ինչ զարգացած լիներ, եւ ժողովրդավարական ինստիտուտները փոքրիշատե կայացած, պատասխանն այլ կլիներ՝ ժողովրդավար ու մեղմ, գրագետ ու հանդուրժող նախագահի պահանջ կլիներ: Բայց մենք ապրում ենք 2011-ի Հայաստանում, եւ հասարակությունն ուժեղ, ինչ-որ տեղ դաժան ու աներեր նախագահի կարիք է զգում: Օրեցօր ավելի ու ավելի շատ եմ լսում այս տեսակետը: Եվ այն արտահայտողները ոչ միայն ստալինյան սովետի նոստալգիա ունեցողներն են, այլեւ ժամանակակից մարդիկ, երբեմն՝ իշխանության մեջ գտնվողները: Նրանք բողոքում են, որ Սերժ Սարգսյանը թույլ է, պատժել չի կարողանում կամ չի ուզում: Մինչդեռ, երբ մարդկանց չես պատժում, նրանք «հաշվում են ատամներդ» ու «գլխիդ նստում»: Ասում են, որ դագանակը մարդկանց վրա ավելի լավ է ազդում, քան դեմոկրատիան ու բարեսրտությունը: Մարդիկ պետք է ղեկավարից վախենան, այլ ոչ թե սիրեն: Ես ընդդիմանում եմ՝ հոգուս խորքում համաձայնելով, որ, ցավոք, նրանք են ճիշտ, այլ ոչ թե ես: