Առաջարկը կմերժվի

Առաջարկը կմերժվի
Երեկ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն տարածել են հաղորդագրություն, ըստ որի՝ իրենց խորհրդարանական խմբակցությունները շրջանառության մեջ են դրել օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով առաջարկում են ներկայիս խառը ընտրակարգից անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Մինչեւ նման նախաձեռնությամբ հանդես գալը այս երկու կուսակցությունները  2011-ի տարեվերջին տարածել էին նման հայտարարություն՝ առաջարկելով անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Այդ հայտարարությունը պաշտպանեցին ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», ՀՌԱԿ-ը, ՄԱԿ-ը, ՀԴԿ-ն, ԱԺԿ-ն եւ էլի մի քանիսը: Այս առաջարկը հիմնավորվում է այսպես. համամասնական ընտրակարգն ավելի ժողովրդավարական է, քան մեծամասնականը, եւ այդ դեպքում ընտրություններն ավելի ժողովրդավարական կլինեն: Ընտրակարգի փոփոխությունն իրականում որեւէ կապ չունի ժողովրդավարության հետ, ինչի ապացույցն ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններն են, որոնք տեղի են ունենում մեծամասնական ընտրակարգով: Մեր դեպքում գործ ունենք այլ ֆենոմենի հետ: Իշխանությանը գործող ընտրակարգը պետք է իր վերարտադրության համար: Հայաստանը բաժանված է 41 մեծամասնական ընտրատարածքների, եւ իշխանությունը յուրաքանչյուր տարածքում ունի իր ներկայացուցիչը, որն իր ընտրությանը զուգահեռ աշխատում է իշխանական կուսակցության համար: Այս մեխանիզմն անթերի է. մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխանական թեկնածուն անհատական պատասխանատվություն է կրում իշխանության ցուցակի համար բերած ձայների համար: Չի կարող այնպես լինել, որ ՀՀԿ-ական թեկնածուն ստանա 20 հազար ձայն, իսկ ՀՀԿ ցուցակը նույն ընտրատարածքում ստանա 2 հազար ձայն: Այնպես որ, ընդդիմության մյուս նախաձեռնությունների նման, այս մեկը եւս ՀՀԿ պատգամավորները ձայների մեծամասնությամբ կմերժեն: