Ուրախ եմ, որ իմ երգերը մեր նախագահը սիրում է, ապրի ինքը

Ուրախ եմ, որ իմ երգերը մեր նախագահը սիրում է, ապրի ինքը
Հարցազրույց Ալլա Լեւոնյանի հետ



-Ալլա, վերջին շրջանում եթերից շատ չեք երեւում, կա՞ որեւէ պատճառ:



- Ընդհակառակը, ի տարբերություն մյուս տարիների՝ այս տարի 2 տեսահոլովակ նկարահանեցի, բացի այդ, անընդհատ հյուրախաղերի մեջ եմ, ու՝ թու-թու-թու, ամեն ինչ լավ է, դրա համար էլ այդքան չեմ երեւում:



- Իսկ գուցե նախապատվությունը տալիս եք հյուրախաղերի՞ն, քանի որ գումարի առումով դրանք նաեւ ավելի շահութաբեր են: 



- Ընդհանրապես էդպես է,ու դա նորմալ է, իսկ որեւէ մեկը կհրաժարվի՞ հյուրախաղերից միայն նրա համար, որ նկարահանվի որեւէ հաղորդման մեջ: Այդպիսի բան չկա: Բայց հյուրախաղերն իմ տարբերակում միայն ֆինանսական ապահովություն չեն. դրանք ինձ նաեւ ուժ են տալիս: Միշտ էլ հաճելի է, երբ քեզ ճանաչում են, փառքը կա, սերը կա, քո լուման ունենում ես Հայաստանի ու Սփյուռքի կապի մեջ: Եթե խոսեք հրավիրողների հետ, կհասկանաք, թե բացի երգելուց ինչերով եմ զբաղված լինում էնտեղ:



- Իսկ ինչո՞վ եք զբաղված լինում, մի քիչ կմանրամասնե՞ք:



- Ես չեմ գնում միայն երգում ու վերադառնում, ես խոսում եմ մարդկանց հետ, դա կլինի 3 հազարանոց, թե 500 տեղանոց դահլիճ՝ նայած Սփյուռքի որ հատվածում ենք: Պարտադիր այցելում ենք դպրոցներ, եթե կան   մանկատներ, ծերանոցներ, ապա նաեւ այդտեղ. ես մեծ սիրով պատասխանում են նաեւ իրենց բոլոր հարցերին՝ լինի անձնական, թե քաղաքական:



- Դո՞ւք եք ցանկություն հայտնում գնալ-շրջել, շփվել մարդկանց հետ, թե՞ նախաձեռնությունն իրենց կողմից է լինում:



- Հիմնականում իրենք այդպիսի ցանկություն հայտնում են, բայց նայում են՝ դու ուզո՞ւմ ես, թե՞ չէ, իսկ ես պարտադիր գնում եմ: Այդ առումով խիղճս մաքուր է, հանգիստ, այդ մասին գիտի եւ սփյուռքի նախարարությունը, եւ արտգործնախարարությունը, որովհետեւ Սփյուռքում ինչ լինում է, իրենց լուր են տալիս:



- Իսկ ո՞ր երկրների մասին է խոսքը: 



- Մեկնել եմ Արգենտինա, Ուրուգվայ, հետո մեկնեցի Համբուրգ՝ Գերմանիա, որից հետո՝ Թեհրան. 3 մեծ մենահամերգ ունեցա 1500 տեղանոց դահլիճում, որտեղ ներկա էին եւ սրբազանը, եւ պատգամավորներ: Հետո մեկնել եմ Մոնրեալ, ապա՝ ԱՄՆ, Ռուբեն Մաթեւոսյանի 70-ամյակը նշելու, որի հետ մի քանի զուգերգ երգեցի, այդտեղից էլ հրավերք եղավ Վանկուվերից: Հիմա պատրաստվում եմ մեկնել Դուբայ. հայ համայնքն է հրավիրել:



- Ասացիք, որ պատասխանում եք հայ համայնքի հարցերին. Հայաստանի հետ կապված ի՞նչն է ավելի շատ իրենց հետաքրքրում:



- Ամեն ինչ է հետաքրքրում, բայց ավելի շատ ուզում են իմ անձնական կյանքի մասին իմանալ:



- Փաստորեն, հյուրախաղերով եք զբաղված, բայց եթերից տպավորությունն այնպիսին է, թե հեռուստաեթեր չեն տրամադրում, կամ էլ նորելուկ «աստղերի» մրցակցությանը չեք դիմանում:



- Հիմա ես Ձեզ անկեղծ ասեմ. կհավատաք թե չէ, բայց ես եմ որոշում, թե որ հաղորդմանը գնամ, հրավերքներ շատ են լինում, պարզապես կան հաղորդումներ, որ ինձ հետաքրքիր չեն, կամ նոր ասելիք չեմ ունեցել, հետո՝ այդ ամենօրյա ստեղծված մրցանակաբաշխություններն ինձ համար... կան մարդիկ, որ լավագույն տասնյակներում առաջատար են, բայց իրենց չեն հրավիրում Սփյուռք: Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակներ շատ ցուցադրելուն, էնպես է ստացվում, որ նոր երեխաները կարողանում են ծանոթներ գտնել, գումար տրամադրել, որ ցուցադրեն, իսկ ես եւ իրենց հարգող իմ ընկերները երբեք մեզ թույլ չենք տա գնանք, մեկին խնդրենք կամ վճարենք, որ մեզ ցուցադրեն: Տեղեր էլ կան, որ ինքս եմ արգելել իմ տեսահոլովակը կամ անունը շահարկել, որովհետեւ չեմ ուզում էժանանալ: Իսկ այդ նոր սկսնակները, որոնց այդքան շատ ցույց տվեցին, ոչ մեկի հետաքրքիր չեն, էդ sms-ների շնորհիվ հեռուստատեսությունները փող աշխատեցին ու էնքան ցույց տվեցին էդ երեխեքին, որ համից դուրս է եկել: Ես չեմ ուզում էդպիսին լինել, եւ քիչ երեւալը լավ է:



- Իսկ այսօր միայն երգով գումար վաստակելը որքանո՞վ է հեշտ, ունե՞ք որեւէ բիզնես:



- Սեփական ռեստորան ունենք, որով ամուսինս է զբաղվում, չեմ ասում, թե այդ ռեստորանով այնքան եմ աշխատում, որ երգի գումարն ինձ չի օգնում: Ուղղակի իմ բախտը բերել է, որ ամուսինս ունի աշխատանք, որով մենք կարողանում ենք բալանսի բերել մեր ֆինանսական վիճակը: Ընդհանրապես մի քանի տարի առաջ մարդիկ ավելի լավ էին ապրում, բայց վերջին մի քանի տարում՝ ոչ:



- Այսօր շոու-բիզնեսի վիճակն ինչպե՞ս եք գնահատում, գնալով էլ ավելի չի՞ ճահճանում:



- Բայց մի քիչ էլ արդեն մաքրվեց, սկզբում բում եղավ, իսկ հիմա կամաց-կամաց չկա: Ես իրանց մասին չեմ ուզում խոսեմ, ես ուզում եմ իմ մասին խոսեմ, որ անցած տարի սեպտեմբերի 21-ին, մեր անկախության 20-ամյակի առիթով ես ստացա վաստակավոր արտիստի կոչում, որն ինձ շատ շոյեց:



- Այդ դեպքում խոսենք նախագահի կողմից ստացած Ձեր՝ վաստակավորի կոչման մասին. շատերի պես կասեք, որ տեղյակ չէիք... արժանի չէիք..., թե՞ լավ էլ տեղյակ էիք ու արժանի էիք:



- Ես իմացել եմ դրա մասին 2 օր առաջ: Երբ զանգահարեցին-ասեցին, այդ ժամանակ գտնվում էի մանկապարտեզում՝ տղայիս ժողովին: Ես նույնիսկ զարմացա եւ ասեցի՝ բա որ քաղաքում չլինեի…: Բայց էսպիսի բան էլ կա, եթե մի քանի տարի առաջ տվեցին մի խումբ երգիչների, ես կարծում էի ու գիտեի, որ կգա մի օր, որ ես էլ պետք է ստանամ, ուղղակի չգիտեի՝ դա այս տարի՞ կլինի, մյո՞ւս տարի, թե՞ 5 տարի հետո: Բայց էն, որ սպասել եմ... չեմ ուզում ասել՝ վա՜յ, չէ՜, ես չգիտեի...



- Կամ էլ արժանի չէի...



- Իսկ ինչո՞ւ արժանի չէի, նրանք, ովքեր ստացել են... ես էլ եմ արել շատ գործեր, եւ հենց էնպես չեն տվել ինձ էդ կոչումը: Եթե նայեցիք «Հայլուրը» եւ 4.5 րոպեանոց ռեպորտաժը, էնտեղ ասվեց, որ կոնկրետ այսինչ երգերի համար՝ հայրենասիրական ոգով, բանակի համար, այսինչ բաներն անելու համար, որոնց համար ինձ տվեցին, եւ ես շատ ուրախացա:



- Բայց երաժիշտների որոշակի շրջապատում ասում են նաեւ, որ այդ կոչումը ստացաք, որովհետեւ նախագահը սիրում է Ձեր երգը, ինչով էլ մեծամասամբ պայմանավորված էր Ձեզ պարգեւատրելը:



- Էնքան լավ բան ասեցիք, ես շատ ուրախացա, իսկ ինչո՞ւ ոչ: Նախ շատ հաճելի է, եթե նույնիսկ դրա համար, ես շատ ուրախ եմ, բայց ասեմ, որ դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակից ինքը հետեւել է իմ արվեստին եւ էնքան պատվոգրեր է ինձ տվել: Եթե ուզում են այդպես ասել, համենայնդեպս վատ բան չեն ասում, բայց չեմ կարծում, որ միայն սիրելով է տվել. շատ երգիչներ կան, որ ինքը սիրում է, ես տեղյակ եմ, կարող է այդ գործոնը կա, բայց իմ երգը հենց էնպես չի սիրում, որ տվեց, որովհետեւ վերջին տարիներին ես նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանն եմ, ներքին գործերին կից ոստիկանության հասարակական խորհրդի անդամ եմ, որ ոչ մի ուրիշ երգիչ չկար այդ 40 տարբեր տղամարդկանց մեջ, ու բարեգործական գործունեություն էի ծավալում, որոնք իրենք գնահատել են: Էնպես որ թող իզուր պատճառներ չգտնեն, բայց ես համ էլ շատ ուրախ եմ, որ իմ երգերը մեր հանրապետության նախագահը սիրում է: Ապրի ինքը:



- Ալլա, Ձեզ ու Ձեզ նման շատ երգիչների պալատական երաժիշտների շարքն են դասում, ովքեր զարդարում են կուսակցական եւ կառավարական համերգները, դա Ձեզ չի՞ վիրավորում:



- Գիտեք ինչ, երգիչները մեզ մոտ լավ չեն վարձատրվում, մի քանիսն են, որ ռեստորաններում պահանջարկ ունեն, մեր երկիրն էլ փոքր է, Ռուսաստան չի, որ 2 տարով հյուրախաղեր ունենամ՝ բոլոր քաղաքները գնալու համար: Մի հատ Երեւան է, Գյումրի, Վանաձոր, որտեղ էլ հազվադեպ են լինում համերգներ: Եթե մեզ վճարում են, մենք էլ երգում ենք, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցությանն ես պատկանում: Ես, օրինակ, ոչ մի կուսակցության էլ չեմ պատկանում, բայց տարբեր կուսակցություններում, սկսած նրանցից, որոնք ունեն ընդամենը 4 հազար հետնորդ, ունեմ լավ ընկերներ: Եթե ինձ հարգում են, իմ հանդեպ լավ են վերաբերվում, բարեհամբույր են, ես էլ իրենց հետ եմ նույն ձեւի:



- Ասացիք՝ վճարում են, մենք էլ երգում ենք, ով վճարի, նրա քարոզարշավի՞ն էլ կերգեք:



- Ես չեմ ասում, որ հանրապետականների արշավին մասնակցում եմ, բայց իրենց գաղափարներին... չէ, ես ընդունում եմ իրենց, դրա համար եմ մասնակցում, թե չէ գումարի համար... եթե ես գտնեի, որ պետք չի, իրենց գաղափարակից չեմ, երբեք չէի գնա, ես ընդունում եմ իրենց, բայց ես ունեմ եւ Դաշնակցության մեջ լավ ընկերներ, եւ «Բարգավաճում», եւ Հանրապետականում. բոլորի հետ շատ լավ եմ:



- Իսկ եթե նախընտրական շրջանում Ձեր լավ ընկերները «Բարգավաճից», Դաշնակցությունից նույնպես կանչեն, կգնա՞ք նրանց նախընտրական համերգներին մասնակցելու:



- Այո:



- Այսինքն խնդիր չկա:



- Այո: Հանրապետական կուսակցությանը ես համակրում եմ, ու դրա համար, երբ համերգներ է լինում, իրանց կողքին եմ, բայց նորից եմ ասում՝ դա չի նշանակում, որ այդ կուսակցության անդամ եմ. ես ընդհանրապես չեմ խառնվում քաղաքականությանը:



- Ասացիք, որ մի քանի տարի առաջ Ձեր վաստակածով ավելի հեշտ էր ապրելը, իսկ այսօր՝ ոչ: Դրանում չե՞ք տեսնում նույն հանրապետականների մեղքը:



- Ո՞վ է ասում, որ ամեն ինչ լավ է: Լավ չի, բայց չի կարելի միայն պեսիմիստական բաները տեսնել, վերջին 20 տարիների այս Սումգայիթը, երկրաշարժը, եղեռնի հարցը, պատերազմը... չէր կարող միանգամից լավ լիներ, բոլորս էլ հասկանում ենք, որ վատ է, բայց մեկի, երկուսի վրա պատճառը գցել՝ ճիշտ չի, պիտի իրար օգնենք՝ ոտքի կանգնենք: Ամեն մեկն իր տեղում իր մեղավորությունն ունի:



- Բայց ժողովրդի դժգոհությունն էլ կարելի է հասկանալ, երբ գնալով մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատանում, գների աճ է գրանցվում:



- Դա ամբողջ աշխարհում է այդպես. Ամերիկայից նոր եմ վերադարձել ու հարուստ ընկերներ ունեմ, որոնք նույնպես դժգոհ են. ամեն տեղ է վատ, մենակ Հայաստանում չէ: Ես հիմա չեմ պաշտպանում, ինչ էլ լինի, մեկ է՝ ժողովրդի կողմից եմ, բայց չեմ կարծում, որ այսօրվա կուսակցությունը եթե փոխվի, ամեն ինչ լավ է լինելու, նույնն է լինելու, որովհետեւ ապրում ենք բարդ ընթացիկ ժամանակաշրջան, ամբողջ աշխարհն է իրար խառնվել: