Ծաղրում են հաճախ սիրահարվելու համար

Ծաղրում են հաճախ սիրահարվելու համար
Դուք նկատե՞լ եք, որ ամեն կին մի ծաղկի է նման: Ահա այս մեկը վարդի նման է՝ գլուխը բարձր, բազմաթերթ, բայց փշոտ: Նրան մոտենալը բարդ է, պետք է ճիշտ տեղից բռնես, թե չէ կծակի ու կցավեցնի: Այս մյուսը հերբերա կոչվող ծաղկին է նման՝ վառ գույնի, ծաղկաթերթերը՝ հստակ ու հաշված, երկար ժամանակ պահպանում է "ապրանքային տեսքը", բայց բացարձակ անհոտ է: Երրորդը մանուշակ է՝ թփերի տակ թաքնված, հոտավետ ու համեստ, բայց նրան քչերն են նկատում:



Նրան նկատելու համար պետք է թփերը շարժես, տերեւները մի կողմ տանես ու խոնարհվես: Կնոջ այս տեսակի առավելություններն ու արժանիքները քչերն են նկատում: Համենայնդեպս՝ առաջին հայացքից: Միայն նրբազգաց ու խորաթափանց տղամարդը կարող է տեսնել, թե ինչ հոտավետ ու գեղեցիկ բույս է իրեն հանդիպել:



Նա, ում մասին ուզում եմ գրել, հենց այդպիսին է: Նուրբ ու զգայուն հոգի ունի, եւ առաջին հայացքից նրան քչերն են նկատում: Բայց երբ ճանաչում ես, հասկանում ես, որ խաղաղ, բարի ու նվիրված մարդ է այդ արտաքինի տակ թաքնված: Մեղմ ու քնքուշ, նաեւ բավական զգացմունքային:



Ընկերուհիները նրան ծաղրում են հաճախ սիրահարվելու համար: Մանավանդ, երբ սիրահարվում է, այնքան է իդեալականացնում իր ընտրյալին, որ հումորի ու ծիծաղի անսպառ թեմա է տալիս նրանց: Բայց այնքան անկեղծ են նրա զգացմունքները, այնքան անվերապահ նրա նվիրումը, որ չես կարող չհիանալ: Եւ առավել եւս չնախանձել այդ զգացմունքին արժանացած անձին: Տղամարդիկ, իհարկե, որպես կանոն, չեն գնահատում նրա նվիրումը, համարում են, որ այդպես էլ պետք է լինի, քանի որ նա չի ընդգծում դա, դիմացինի աչքը չի մտցնում:



Բայց այս աշխարհում այնքան քիչ է անկեղծ ու անմնացորդ նվիրումը, որ սա հասկացողի համար նա պետք է իսկական գյուտ լիներ, որի վրա դողային ու փայփայեին: Բայց թող չթվա, թե այս նվիրումի տակ խեղճ ու հնազանդ կերպար է թաքնված. նա երբեմն կարող է հունից դուրս գալ ու ամենամոտ մարդու դեմքին անգամ դառը խոսքեր շպրտել: Մանավանդ, եթե մի քիչ գինովցած է լինում: Այդ պահերին նրա դեմքին շառագույն է հայտնվում, քիչ խելահեղ տեսք է ստանում, աչքերում կայծեր են բոցկլտում, ավելի համաձակ է դառնում ու ավելի սենտիմենտալ:



Ընկերուհիները շատ են սիրում նրա այս վիճակը եւ ամեն հնարավոր առիթ օգտագործում են նրան գինովցնելու համար: Բայց բարձր տրամադրությունն ու աշխուժությունն արագ իրենց տեղն են զիջում մելանխոլիային ու բանաստեղծական տրամադրությանը: Նա փխրուն մարդ է, որի տրամադրության վրա կարող են ազդել մի թթու խոսքը, եղանակի տատանումը, մի տհաճ հայացքը: Մտերիմները գիտեն դրա մասին ու աշխատում են խնայել նրան: Իսկ օտարները... օտարներն անցողիկ են, որոնց վերաբերմունքը չարժե գերագնահատել:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ