Վերջերս բոլորն ինձանից նեղանում են

Վերջերս բոլորն ինձանից նեղանում են
Չգիտեմ ինչն ինչպես չեմ անում, բայց փաստ է, որ աջուձախ ինձանից խռովում են ու դժգոհում: Իմ դասընկեր Սարգիսը, օրինակ, խնդրել էր, որ իր եղբոր համար բարեկամիս միջնորդեմ: Մի մեծ բան չէր խնդրածը, բայց դե, վազվզոցի մեջ մոռացել էի. խիստ նեղացավ ինձանից, հայտարարեց, որ անտարբեր ու անմարդկային եմ դարձել՝ հասարակ հարցով անգամ չի կարելի ինձ դիմել: Ինչքան փորձեցի բացատրել, որ ընդամենը մոռացել եմ եւ արագ կուղղեմ սխալս՝ այլեւս ուշ էր:



Իմ հարյուր տարվա ընկեր Աշոտը զանգել էր ձեռքիս հեռախոսին, չէի նկատել ու հետ չէի զանգել: Մի քանի ժամից զանգեց՝ գոռգոռաց, թե՝ ուշքս տվել եմ "լակոտ-լուկուտին", թազա ընկերներ եմ գտել՝ հներին մոռացել, ու զայրացած անջատեց հեռախոսը: Հիմա հետ եմ զանգում՝ զանգերիս չի պատասխանում: Գործնական առաջարկով ինձ այցելած հյուրս, որ երկարաժամկետ համագործակցության ծրագիր ուներ, հանկարծ պարզվեց, որ այլ "հավակնություններ" էլ ունի, որքան փորձեցի հասկացնել, որ "ազատ չեմ", մարդը չհասկացավ: Ինչ-որ պլաններ էր կառուցել իմ հետ կապված, եւ երբ եկավ վճռական պահը, ու ավելի հստակ մերժեցի, խիստ վրդովվեց, համարեց, որ խաբել եմ իրեն, ու խոստումնալից համագործակցությունը "սառույցին գրվեց":



Երբ այս "փնջին" միացավ նաեւ մտերիմ ընկերուհիս, որի հերթական սիրային անհաջողությանն արձագանքելով՝ ինչ-որ անտակտ բան դուրս թռավ բերանիցս, հասկացա, որ վիճակս լուրջ է, եւ այս համատարած բոյկոտի պատճառը ես եմ՝ ուրիշ ոչ ոք: Բայց ախր իմ մեղքն այդքան էլ մեծ չէ՝ հաստատ դիտավորյալ չեմ նեղացնում մարդկանց, առավել եւս՝ բոլորն ինձ թանկ ու ինձ համար կարեւոր մարդիկ են: Չէ, երեւի ժամանակն է հոգեբանի մոտ գնալու: Գուցե ինչ-որ անհայտ ծագման հիվանդություն կամ հոգեկան խնդի՞ր է առաջացել մոտս: Դե, ասենք, պարզվի, որ ենթագիտակցությանս մեջ մանկությունից կամ պատանեկությունից մնացած վրեժի զգացում կա, որ պարպվելու, արտահայտվելու ձեւեր է փնտրում, եւ դա միայն հիմա է ջրի երես ելնում:



Կամ էլ հոգեկան անբավարարվածության դրսեւորման ձեւ է, մաղձս ուրիշների վրա եմ թափում: Բայց որ ճիշտն ասեմ՝ մեղքի զգացում չունեմ: Ուզում եմ մարդիկ ինձ ընդունեն ինչպես կամ՝ առանց դատելու ու դատապարտելու: Իսկ ո՞վ ասաց, որ ես իրավունք չունեմ երբեմն կոպիտ ու անտակտ, մոռացկոտ ու անտարբեր, հոգնած ու զբաղված լինելու: Ինչո՞ւ պետք է անընդհատ բոլորի քիթ ու մռթով գնամ, բոլորի հոգսերին հասնեմ, բոլոր խոստումներս հիշեմ: Այդպես կարող ես խենթանալ պարտականությունների ու կապանքների բեռից: Իսկ ուրիշներն անսխալակա՞ն են, անթերի ու պարտաճանա՞չ: Չեմ կարծում:



Ուրեմն ինձ էլ է նման իրավունք վերապահված: Այնպես որ, որոշել եմ ինձ մեղավոր չզգալ: Ինչ եք կարծում՝ ճիշտ չե՞մ արել:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ