Պատմվածք գեյի մասին (33-րդ մաս)

Պատմվածք գեյի մասին (33-րդ մաս)
Արամը որոշեց Անիին հենց այդ օրն ասել ճշմարտությունը: Սրճարանում առանձնախցիկ վարձեց, ընթրիքի ընթացքում գրեթե մեկ շիշ գինի խմեց՝ համարձակության համար, սակայն դա էլ չօգնեց: Որոշեց գրավոր արտահայտվել. հեռախոսի հաղորդագրության բաժնում լատիներեն տառերով գրեց. "Yes gey em, kneres, vor xabel em qez":



- Արամ, դու երեւի չափից շատ ես խմել,- կարդալուց հետո արձագանքեց Անին:



- Չէ, ես չեմ խաբում, առաջին անգամ լիովին անկեղծ եմ քեզ հետ, ինչ որ այդտեղ գրված է, ճշմարտություն է:



- Ինչպե՞ս դու կարող ես գեյ լինել, եթե ինձ ես սիրում:



- Ես քեզ սիրում եմ, շատ եմ սիրում, բայց որպես մտերիմ ընկեր, հարազատ անձնավորություն, այլ ոչ որպես աղջիկ: Ես տղայի եմ սիրում:



- Արամ, եթե փոշմանել ես, որ ինձ հետ ես, եթե հասկացել ես, որ ինձ չես սիրում, ուրեմն այդպես էլ ասա, իզուր տեղը գեյ մի ձեւացիր: Այդպես դու քեզ ես խայտառակում:



- Դու էլ ես կարծո՞ւմ, որ գեյ լինելը խայտառակություն է:



- Ես ոչինչ էլ չեմ կարծում, ինձ համար ամեն ինչ հասկանալի է, դու ուզում ես ազատվել ինձնից եւ ստոր ճանապարհ ես ընտրել դրա համար: Համարձակություն չունե՞ս ինձ ճշմարտությունն ասելու:



- Ճիշտ հակառակը՝ վերջապես համարձակությունս հերիքեց, եւ ես ասացի քեզ, սակայն դու ինձ չես հավատում: Այսքան ժամանակ քեզ խաբում էի, բայց դու հավատում էիր, իսկ հիմա...



- Ինչո՞ւ էիր ինձ խաբում: Եթե դու գեյ ես, ի՞նչ գործ ունես ինձ հետ:



- Մենք հասանք այն կետին, որից հետո դու կատես ինձ: Հիշո՞ւմ ես, ես քեզ հաճախ էի ասում, որ դու ինձ կատես, երբ ճշմարտությունն իմանաս, իսկ դու խոստացար, որ ցանկացած դեպքում կաջակցես ինձ: Բայց ես քեզանից աջակցություն չեմ ակնկալում, որովհետեւ ես ինքս էլ չէի կարող ներել:



- Նորից այդ խորհրդավոր խոսակցությունը, բացատրիր, թե ինչ է կատարվում:



- Կատարվել է այն, որ ես այսքան ժամանակ քեզ խաբել եմ, քեզ օգտագործել եմ հասարակությունից թաքնվելու համար, ես վախկոտ անձնավորություն եմ, տղամարդ կոչվելու իրավունք չունեմ:



- Ինչպե՞ս ես ինձ օգտագործել:



Արամը չկարողացավ անմիջապես պատասխանել:



- Մի լռիր, ասա՝ ինչո՞ւ ինձ սիրո խոստովանություն արեցիր:



- Որովհետեւ ես գիտեի, որ անտարբեր չես իմ նկատմամբ, քեզ հետ սկսեցի ընկերություն անել, որպեսզի մարդիկ չկասկածեն իմ սեռական կողմնորոշման վրա: Դու ինձ համար վարագույր էիր՝ մարդկանցից պաշտպանվելու համար:



Անիի աչքերն արցունքոտվեցին. վերջապես նա ստացավ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հաճախ տալիս էր ինքն իրեն: Առաջին զգացողությունը, որ նա ունեցավ, ցավն էր՝ ցավ, որ այլեւս ընդմիշտ կորցրեց իր սիրած տղային: Եթե Արամն անտարբեր լիներ իր նկատմամբ, ուրիշ աղջկա սիրեր, հնարավոր կլիներ նվաճել նրա սիրտը: Իսկ այսպես... Հետո Անին մտածեց, թե որքան ստոր է Արամը վարվել իր հետ, բայց չչարացավ, որովհետեւ սկսել էր խղճալ տղային: Անին լավ գիտի, թե որքան են տանջվում միասեռականները հայ իրականության մեջ:



շարունակելի