Նրա կյանքը 180 աստիճանով փոխվեց

Նրա կյանքը 180 աստիճանով փոխվեց
Հինգ տարին շա՞տ է, թե՞ քիչ: Նայած ինչ առումով՝ կասեք դուք: Համաշխարհային պատմության մեջ դա ակնթարթ է, մարդու կյանքում՝ բավական տեւական ժամանակ: Ապա հիշեք, թե 5 տարի առաջ դուք ով էիք եւ որտեղ էիք: Թեեւ սա էլ է հարաբերական. մեկի համար կյանքը կանգնած է, եւ վերջին 20 տարում ոչինչ չի փոխվել, մյուսի համար մեկ տարին անգամ ահռելի ժամանակ է, որի ընթացքում սրընթաց փոփոխություններ են տեղի ունեցել:



Բայց կարեւորը ոչ թե կյանքում տեղի ունեցող փաստացի փոփոխություններն են, այլ մարդու մտածողության, կենսափիլիսոփայության մեջ կատարվող տեղաշարժերը: Երբ 40-ամյա մարդը հանկարծ հաղթահարում է ինքն իրեն ու անում է բաներ, որ երբեք չի արել: Սկսում է ապրել այնպես, ինչպես երբեք չի ապրել:



Երբ կյանքը, աշխարհը, մարդկանց սկսում է ընկալել բոլորովին այլ կերպ: Այլ առաքելություն է ստանձնում եւ այլ գործառույթներ՝ ինչպես կասեր Գալուստ Սահակյանը: Բերեմ իմ ընկերներից մեկի օրինակը, որը 180 աստիճանով փոխվեց աշխատանքից ազատվելուց հետո: Աշխատանք, որով նա զբաղվել էր իր կյանքի վերջին 15 տարին եւ որից ատամներով էր կառչած:



Մի օր նա սեւացած ու դժբախտ տեսքով եկավ ինձ մոտ՝ այնպես, որ կարծեցի մոտիկ մարդ է մահացել: "Գրասենյակը մեռավ"՝ փորձեց հումոր անել նա: Պարզվեց՝ հիմնարկը, որին նա նվիրել էր իր կյանքի լավագույն տարիները, փակվել էր՝ լուծարվել: Մեծ թվով մարդիկ, որոնք կոնկրետ աշխատանքից բացի այլ գործով երբեւէ չէին զբաղվել եւ իրենց կյանքն առանց այդ աշխատանքի չէին պատկերացնում, հայտնվել էին փողոցում, այդ թվում՝ իմ ընկերը:



Հետո եղան դեպրեսիայի ծանր ու երկար ամիսներ, որոնք հաղթահարելու համար ընկերոջիցս շատ էներգիա ու ժամանակ պահանջվեցին: Նա սկսեց նոր մասնագիտություն յուրացնել, նոր կոլեկտիվի հետ մերվել, հաշտվել այն մտքի հետ, որ ինքն այլեւս անփոխարինելի ու կայուն աշխատող չէ, որ ցանկացած "լակոտ" կարող է իր գիտելիքներով ու հմտություններով իրեն գերազանցել:



Բայց դա երկար չտեւեց՝ նոր աշխատանքը, նոր կոլեկտիվը, նոր վիճակը նրան շուտով սկսեցին դուր գալ: Նոր հոգեվիճակն ու զգացողությունները, ընդհանրապես՝ փոփոխությունը, պարզվեց՝ նրան եւ օգտակար է, եւ հաճելի: Մի քանի ամիս անց նրան տեսնողները զարմանում էին՝ արձանագրելով կատարված փոփոխությունները. նա երիտասարդացել էր, աչքերում կայծ էր ավելացել, հումորի զգացումն էր սրվել, շարժուն եւ դինամիկ մարդ էր դարձել, նախաձեռնող ու հնարամիտ:



Նրան ճանաչողներն ասում էին՝ ինչ լավ եղավ, որ փակվեց այդ սուտ հիմնարկը, եթե չփակվեր, մեր ընկերը ողջ կյանքում խարխափելով կապրեր՝ առանց կյանքի բազում հաճույքները ճաշակելու: Նա ինքն էլ կարճ ժամանակ անց սկսեց մեզ սովորեցնել, որ չի կարելի վախենալ կյանքի փոփոխություններից, հակառակը՝ պետք է ընդառաջ գնալ այդ փոփոխություններին եւ չդոփել տեղում:



Նրա կյանքում նաեւ նոր կին հայտնվեց, նոր ընկերներ, նոր հետաքրքրություններ: Մի խոսքով՝ նա հասկացել էր, որ կյանքը գեղեցիկ է անակնկալներով:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ