Տղամարդկանց մեջ ինչն է անտանելի

Տղամարդկանց մեջ ինչն է անտանելի
Անցած օրը հետաքրքիր խոսակցություն էր ծավալվել ընկերուհիներիս միջեւ: Քննարկում էին, թե տղամարդկանց մեջ ինչն է անտանելի: Կարծիքները խիստ տարբեր էին: Մեկն ամենաանտանելին համարում էր տղամարդու ժլատությունը: "Սկուպոյ տղամարդուց ահավոր բան չկա",- ասում էր նա ու պատմում, որ պատրաստ է անգամ նարկոմանին հանդուրժել, բայց ոչ ժլատին: Մյուսի համար անտանելին ստախոս տղամարդն է:



"Թող ինձ ծեծի, թող խմի, հարբի, բոզի գնա, բայց սուտ չասի",- հառաչում էր նա: Երրորդը համաձայն չէր՝ ամենաանտանելին դավաճանությունն է: "Որ մտածում եմ ուրիշ կնոջ մոտ է գնացել՝ ուզում եմ տամ-սպանեմ",- ատամները կրճտացնելով՝ սպառնում էր նա: Իրենց ամուսիններից ու սիրելիներից մի լավ բողոքելուց հետո նրանք դարձան ինձ:



"Դու ինչո՞ւ ես լռում՝ մի բան ասա",- պատին դեմ տվեցին ինձ նրանք: Դե, այս ցանկին նոր բան ավելացնելը գրեթե անհնարին է. ընկերուհիներս թվարկել էին տղամարդկային բոլոր անհանդուրժելի որակները: Բայց ես, ճիշտն ասած, նրանց հետ այնքան էլ համաձայն չեմ. չէ, իհարկե, ժլատությունը, ստախոսությունը, դավաճանությունը հանդուրժել չի կարելի, բայց ինձ համար ամենաանտանելին... տղամարդկային բարեկրթությունն է: Զարմացա՞ք:



Հիմա կբացատրեմ: Ինձ միշտ թվացել է, որ բարեկիրթ տղամարդը, այսպես ասած՝ ջենտլմենը, անկեղծ չէ իր պահվածքի ու զգացմունքների մեջ: Դե, ասենք, ինչպե՞ս հասկանաս՝ մարդը բարեկրթությունից դրդվա՞ծ է քո մասին հոգ տանում, քեզ ծաղիկ նվիրում, քո առողջությամբ հետաքրքրվում, թե՞ պարզապես բարեկրթությունից դրդված:



Ինչպե՞ս հասկանաս՝ նրա՝ քեզանով հետաքրքրվածության պատճառը սոսկ դաստիարակությունն է, թե՞ քո նկատմամբ սերը: Կասեք՝ բարեկիրթ տղամարդու հետ հեշտ է. նա միշտ թողնում է, որ կինն առաջինը ներս մտնի, վերարկուն է պահում, ժպտում է, չի վիրավորում, հանգիստ՝ առանց ընդհատելու լսում է կնոջը, սեղանի մոտ նախ կնոջն է հյուրասիրում, ապա ինքն է օգտվում եւ այլն:



Բայց, իմ կարծիքով, այդ ամենի մեջ կորչում է սերը, սրտից բխած, զգացմունքներից ծագող ուշադրությունը: Բարեկիրթ տղամարդկանց հետ շփվելիս ես միշտ կասկածում եմ նրանց անկեղծությանը, նրանց պահվածքը վերագրում եմ նրանց դաստիարակությանը: Եթե ավելի անկեղծ լինեմ, ապա իմը վայրենիներն են, անկեղծ ու անմիջական, որոնք երբեք իրենց նեղություն չեն տալիս բարեկիրթ լինել:



Սրանց հետ, իհարկե, հեշտ չէ. նրանք կարող են քեզ անսպասելի կոպտել ու դեմքիդ շրխկացնել, որ շրթներկդ չի համապատասխանում հագուստիդ, որ նոր զգեստդ անճաշակ է: Բայց դու կարող ես միշտ վստահ լինել, որ չեն կեղծում ու քաղաքավարությունից դրդված չեն ասում. "Ինչ հոյակապ տեսք ունես այսօր, սիրելիս":



Կարող ես վստահ լինել, որ սիրո խոսքերը, որ այս "վայրենին" մեծ դժվարությամբ ու շատ ուշ-ուշ է ասում քեզ, սրտից են բխում, ոչ թե որպես պարտականություն են ասվում:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ