Առաջին սեքս

Առաջին սեքս
Երբ "Միայն տղամարդկանց համար" սյունակի հեղինակներից մեկն ինձ առաջարկեց նույն թեմայի շուրջ երկու հայացք ներկայացնել՝ տղամարդու եւ կնոջ, առաջարկն ինձ ոգեւորեց: Բայց երբ հենց երկրորդ օրը թեմա ընտրելիս իմ խորամանկ ընկերն ինձ առաջարկեց գրել իմ առաջին սեքսուալ փորձի մասին, ես անկեղծորեն շփոթվեցի: Նախ, որ դա այնքան վաղուց էր, որ կարող էի նաեւ մոռացած լինել, ապա՝ այնքան պարզունակ ու ոչ հիշարժան, որ գրելու բան էլ չէ: Իսկ այս սյունակում ի սկզբանե փորձել եմ գրել իմ ամենատպավորիչ, ամենավառ զգացումների մասին: Բայց դե, պայմանը պայման է:



Ես, որպես ավանդապահ հայ աղջիկ, առաջին սեքսն ունեցել եմ ամուսնուս հետ: Այստեղ, հավանաբար, կարելի էր վերջակետ դնել եւ չձանձրացնել մարդկանց այդ դասագրքային պատմությամբ: Բայց երբ տասնամյակների հեռվից հիշում եմ այդ փորձը, հասկանում եմ, որ այդպես էլ պետք է լիներ:



Սովետական երկրի դաստիարակությունը, որտեղ սեքսն ի սկզբանե մերժված էր, համընդհանուր անազատությունն ու ամոթխածությունը, կարմիր խնձորի տխրահռչակ ավանդույթն իրենց դերը խաղում էին: Այդ հիմա եմ զարմանում, թե ինչպես կարող էին երիտասարդ տղան ու աղջիկը 4 տարի հանդիպել, իրար սիրել, բայց այդպես էլ անկողին չմտնել: Ինչ-որ աներեւույթ ձեռք, ինչ-որ չգրված արգելք ստիպում էր զսպել մեր զգացմունքները:



Գուցե չէինք ուզում վշտացնել մեր ավանդապահ ծնողներին: Գուցե համոզված չէինք, որ ամուսնանալու ենք, իսկ սեքսը պատկերացնում էինք միայն ամուսնությանը զուգահեռ: Գուցե վախենում էինք հիասթափվելուց: Դժվար է ասել: Ինչեւէ, եկավ վճռական օրը: Ամուսնական առաջին գիշերը, որ թվում է՝ պետք է անսահման բերկրանք ու տոն լիներ եւ փոխհատուցվեր այդքան սպասված հաճույքով, իսկական մղձավանջի վերածվեց:



Հյուրերի ու բուռն հանդիսության ավարտից հետո, երբ օրվա բազում ապրումներից ու հույզերից հետո պետք է վայելեինք սիրո ու սեքսի աստվածային պահը, մեզ նոր փորձություններ էին սպասվում:



Ամուսնուս ծնողները, որ շատ գրագետ ու բարի մարդիկ էին, որոշեցին, որ այդ օրը մեզ համար պետք է հիշարժան լինի: Նրանց մեծ ընտանիքը մի քանի ժամ շարունակ քննարկեց մեր ամուսնական գիշերվա մանրամասները: Անշուշտ, միայն բարի նպատակներով, որ մեզ հարմար լինի, որ ոչ մի բանի պակաս չունենանք, որ չնեղվենք, որ այն անկրկնելի ու հիշվող լինի:



Նախ, քննարկեցին, թե ընտանիքի որ անդամն այդ գիշերը որտեղ պետք է անցկացնի, որ մեզ իրենց ներկայությամբ չխանգարեն: Հետո մանրակրկիտ որոշեցին, թե այդ գիշերվա համար մեզ ինչ ուտելիք-խմելիք-հագուստ- սպիտակեղեն է հարկավոր: Ապա հանդիսավորությամբ մեզ համար անկողին պատրաստեցին, զարդարեցին սենյակը, մայրիկն ինչ-որ խորհուրդներ տվեց ինձ, ճակատս համբուրեց՝ ինչպես պատերազմ ուղարկելուց առաջ կանեին, ու հեռացան:



Ավելորդ մանրամասների մեջ չխորանալով ասեմ, որ օրվա ապրումներից եւ այդ հանդիսավորությունից հուզված երիտասարդներիս մոտ առաջին գիշերը ոչինչ չստացվեց. մենք այնքան հոգնած էինք, որ պարզապես իրար կողքի քնեցինք՝ մեծ հիասթափություն պատճառելով մյուս օրը մեր անկողինը մանրամասն զննող մայրիկին:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ