Մի հինգ տարի էլ հավատացեք ու պըրծ…

Մի հինգ տարի էլ հավատացեք ու պըրծ…
Ես հավատում եմ, որ գոնե առաջիկա հինգ տարում ոչինչ չի փոխվելու: Որովհետեւ ԱԺ պաշտոնից հրաժարված Հովիկ Աբրահամյանին նորից վերադարձնում են իր պաշտոնին, որովհետեւ ՀՀԿ-ն, ինչպես եւ նախկինում, հաղթում է ամեն բանի, ինչ որ շարժվում է, որովհետեւ ընտրությունների ժամանակ ՀՀԿ օգտին աշխատած ոստիկանը, այսինքն՝ ՀՀԿ-ի ոստիկանը, կաշառք է վերցնում օրը ցերեկով, որովհետեւ Տիգրան Սարգսյանը, հոպ, նշանակվում է վարչապետ, որովհետեւ անտեղաշարժելի են մնում երբեւէ իրենց տեղում չեղած նախարարները: Եվ այս ամենը՝ ՀՀԿ-ի միաձայնությամբ, եւ այս ամենը՝ մեկ մարդու որոշումով ու կամքով: Հետեւաբար ես ինչպե՞ս հավատամ, որ փոխեմ: Ավելի լավ չէ՞ր լինի, որ ՀՀԿ-ն այսպիսի ծանր բեռ չառներ իր ուսերին: Օրինակ, իր լոզունգն այսպես ձեւակերպեր` չհավատանք անհնարին բաների:



Բոլորի համար էլ պարզ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելի շուտ իր աստվածներին կուրանա, քան փողը: Բավական է մի ճեղք գտնի եւ այդ ճեղքից նա դուրս կքաշի մինչեւ վերջին 10 դրամանոցը` գործադրելով թե արդեն առկա օրենքները եւ թե նորերը, որ ամեն անգամ բերվում են ԱԺ եւ հաստատվում գլխաքանակի ուժով: Եվ հիմա, երբ եւ դանակն է նրա ձեռքում, եւ դմակը, ուզում ենք, որ փոխվի՞, ավելին՝ ուզում ենք, որ հենց նա՞ բան փոխի: Չի լինի, բացառվում է, դա նոնսենս է Տիգրան Սարգսյանի պարագայում:



Ինքն անշուշտ համամիտ է մեզ հետ: Գուցե նաեւ մեղմիկ ժպտում է՝ մեր այս տվայտանքը տեսնելով, բայց երբեք փոխվելու եւ փոխելու ոչ մի քայլ չի ձեռնարկի: Փոխելն ու փոխվելը նրա կրոնքին դեմ բաներ են:



Հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանը միայնակ չէ: Նա, ինչպես եւ բոլոր բարձր պաշտոնյաները, թիմի անդամ է: Այդ թիմի անունը պայմանականորեն դնենք ՀՀԿ: Ինչո՞ւ պայմանականորեն, որովհետեւ նույնիսկ այդ թիմում մարդիկ կան, որ հավատում են, որ մի բան, այնուամենայնիվ, կկարողանան փոխել: Այդ մարդիկ իրենց գլուխները կախում են, երբ տեսնում են թիմակիցների վայրենությունը, երբ զգում են նրանց վերարտադրվելու մոլուցքը, չեն իմանում ինչ ասել, երբ հարեւանը կամ բարեկամը մի պարզ հարց է տալիս` էս ի՞նչ արին ձերոնք, այ ախպեր: Իրոք որ, էս ի՞նչ արին...



Ես չգիտեմ` ի՞նչ պետք է պահանջի այլեւս ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններից եւ ուսուցիչներից, եթե նրանք տնօրեն են եւ ուսուցիչ ոչ թե, որովհետեւ դա է նրանց կոչումը, այլ որովհետեւ պարտականություն ունեն ձայն ապահովելու ԿԳ նախարարի թիմի համար: Նույն տրամաբանությամբ` ի՞նչ պետք է պահանջի իր բժիշկներից առողջապահության նախարարը, եթե համակարգը ծառայում է ոչ թե բուն առողջապահությանը, այլ իր նախարարի թիմին:



Եվ դարձյալ նույն տրամաբանությամբ` ի՞նչ պետք է պահանջի իր նախարարից Տիգրան Սարգսյանը, երբ վերջինիս Աստվածը ոչ թե հայ մարդն է, քաղաքացին, այլ փողը` այն վերջին թղթադրամը, որ դեռ կարելի է կորզել նրա գրպանից: Ընդ որում, կորզել ամեն գնով` համոզելով, սուտ խոստումներով, թլսորելով, զոռով` տույժ-տուգանքների տեսքով: Մի պահ նայեք, թե ինչ են անում ավտոմեքենա ունեցող մարդկանց հետ` սկսած անձնական օգտագործման նպատակով մեքենա ներմուծելու պահից, մինչեւ այդ մեքենան մետաղի ջարդոնի վերածվելը:



Մաքսազերծումից` փող, պետհամարանիշներից` փող, վարորդական իրավունքներից` փող, տեխզննությունից` փող, ամրագոտիներից` փող, տեսանկարահանող սարքերից` փող, ավտոտեսուչի պերերիվի համար` փող, ՃՈ ավտոմեքենայի բենզինի համար` փող, մգեցրած ապակիների համար` փող... Փող, փող, փող... Փող տուր, եւ ամեն ինչ կարելի է: Մեկ պատուհանից` ամեն ինչ: Եվ այդ մեկ պատուհանը բանկն է, Տիգրան Սարգսյանի Աստծո տաճարը: Նույնն է նաեւ մանր ու միջին գործարարների պարագայում: Իսկ եթե մանրումիջին գործարարը նաեւ մանրումիջին ավտոմեքենա ունի` ավելի վատ իր համար եւ շատ ավելի լավ Տիգրան Սարգսյանի համար:



Մարդիկ, ովքեր փախան երկրից, չուզեցան կամ չկարողացան այսքան «մուծվել»: Անջատեցին իրենց գազն էլ, էլեկտրականությունն էլ, ջուրն էլ, դուռ-կտուր ամուր փակեցին ու հայդա` Ռուսաստան, որտեղ այդ ամենը, ներառյալ ավտոմեքենայի հետ կապված ծախսերը եւ օրենքները, շատ ավելի մարդասիրական են, քան փողասիրական: ՀՀ կառավարության անփոփոխ գլուխը երեւի պետք է մեկ անգամ դռնեդուռ ծրագիր իրականացնի` մտնի բազմաբնակարան շենքերն ու հաշվի այն դռները, որոնց շեմին դռան տակի շոր չկա, եւ որոնց զանգը սեղմելիս ներսից չեն հարցնում` ո՞վ է:



Գուցե այդ ժամանակ նա հասկանա, որ պետք է չափավորել նաեւ փողի ախորժակը, որ հնարավոր չէ հարյուր մարդուց հավաքելիք փողը քսան մարդուց հավաքել, որ մի քանի հազար դրամով ընտրող հարյուր հազարավոր մարդիկ այլեւս անընդունակ են բարիք արարել: Ռեզուլտատ չկա: Այդ մարդիկ ոչ Գյումրու տեխնոպարկ կստեղծեն, ոչ էլ Ջերմուկը կդարձնեն զբոսաշրջության համաշխարհային կենտրոն: Ո՞ւմ համար անեն, երբ շուրջը ոչինչ չի փոխվում:



Ինչեւէ, կայքերն ու հեռուստատեսությունն ավետեցին` Տիգրան Սարգսյանը կմնա իր պաշտոնում: Որոշումն ընդունվել է միաձայնությամբ եւ փոփոխության ենթակա չէ: Իսկ մենք արձանագրենք` Սերժ Սարգսյանին մնաց անելու ընդամենը մեկ քայլ, որպեսզի վերջնականապես համոզվենք, որ այս թիմը նույնիսկ հեռավոր կապ չունի իր կարգախոսի` «Հավատանք, որ փոխենք»-ի հետ:  Եվ, որքան էլ տարօրինակ է, այդ քայլը Սերժ Սարգսյանի հերթական առաջադրումն է եւ հաղթանակը նախագահական ընտրություններում: Նույն վարչապետով, նույն նախարարներով, նույն մտածելակերպով, այն է` մի հինգ տարի էլ հավատացեք ու պըրծ...



 Էդիկ  ԱՆԴՐԵԱՍՅԱՆ