ՀԱԿ-ում առաջնորդին են տեսնում որպես միասնական թեկնածուի

ՀԱԿ-ում առաջնորդին են տեսնում որպես միասնական թեկնածուի
Երբեմնի արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը, որի պայքարի հետ հարյուր հազարավոր քաղաքացիներ հույս էին կապում, դադարել է պայքարի առաջամարտիկը լինելուց: Եթե նախկինում անհավանական էր թվում քոչարյանական թիմի հետ բանակցային սեղանի շուրջ նստելը, ապա հիմա նույնիսկ միասնական թեկնածուով հանդես գալու հայտարարությունները չեն զարմացնում: Թեեւ դեռ որոշված չէ թեկնածուի ով լինելը, սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկարագրել է պահանջվող կերպարը. «…Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն` մի մարդ, որի հեղինակությունն այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը: Մյուս կողմից` դա լինի մի մարդ, որն անկաշառ է, ռեժիմի հետ որեւէ գործարքի չի գնա եւ վճռական կլինի մինչեւ վերջ։ Հասարակությունը թող դատի` ով կարող է լինել այդ մարդը»: Իսկ թե ինչպես են դատում ՀԱԿ-ում, զրուցեցինք ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հետ:



- Պարոն Մալխասյան, Լեւոն Զուրաբյանը նկարագրել է իդեալական թեկնածուի կերպար: Երեք կուսակցությունների միջից ո՞ւմ եք տեսնում այդպիսին:



- Լեւոն Տեր-Պետրոսյան:



- Բայց արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանին նկատի ունեն: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն կհամաձայնե՞ն, որ ՀԱԿ առաջնորդը լինի:



- Ի՞նչ իմանամ, իրենց պետք է հարցնել: Եթե իրենց խնդիրը երկրում սահմանադրական կարգի  վերականգնումն է, ժողովրդավարության ստեղծումն է: Կարեւորը՝ թեկնածուն պետք է լինի խարիզմատիկ: Իր շուրջ համախմբելով՝ կարողանա երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Խնդիրն այդպես է դրված:



- ՀԱԿ-ի հեղինակությանը չի՞ վնասի այդ քայլը:



- Եթե խնդիրը դրվում է ժողովրդավարական կարգերի հաստատման, սահմանադրական կարգի վերականգնելու, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացում, մի խոսքով՝ մարդուն վերաբերող կարեւոր իրավունքներին: Եթե հետամուտ ես լինում այս խնդիրներին, բոլոր նրանք, ովքեր կլծվեն այս գործին, ի՞նչ կա հեղինակության վնասելուն: Ո՞րն է խնդիրը: Եթե երկրի հեղինակությունը չի հետաքրքրում, ինչ-որ անձի, քաղաքական ուժի հեղինակությունն է կարեւորվում: Կարեւորը երկրի հեղինակությունն է, որ օր օրի վատթարանում է, արտագաղթը մեծանում է, արտաքին վտանգները մեծանում են: Այս ամենի դեմն առնելու գործում համախմբվելն ինչի՞ պետք է վնասի ՀԱԿ-ի հեղինակությանը:



- Այսինքն, առանց այդ ուժերի ՀԱԿ-ին դա չէ՞ր հաջողվի իրականացնել:



- Մենք համոզվեցինք, որ ավտորիտար երկրներում ինչքան էլ որ ժողովուրդը քո հետեւից գնա, ինչքան էլ որ դու շատ քվեներ ապահովես, դա իշխանությունը թույլ չի տա եւ փորձած մեթոդներով քեզ կվերագրի այն տոկոսները, որը վերագրեց ընդդիմությանը: Սա ակնառու փաստ է, եւ իշխանական մեքենան ձեւը գտել է: Ժողովրդին պահում է ծայրահեղ աղքատության մեջ: Ընտրությունների նախօրյակին չնչին գումարներ բաժանելով՝ քվեներ կկորզի, ինչպես նաեւ կօգտագործի Հայաստանից բացակայող մարդկանց քվեները… Դրա համար մեկ քաղաքական ուժը բավարար չէ, համաժողովրդական ընդվզում է պետք, որպեսզի հնարավոր լինի ազատվել ռեժիմից, այդ պատճառով համագործակցությունը պետք է ողջունելի լինի:



- Բայց  Ձեր նշած բանաձեւն ընդունելի չէ Ձեր շատ կուսակիցների համար, եւ նրանք լքում են ՀԱԿ-ը հենց այդ  պատճառով: Նույն Դավիթ Շահնազարյանը,  ում հեռանալը շատերին զարմացրեց:



- Ես ասացի իմ կարծիքը, ով ունի հակառակ կարծիք, թող ինքը որոշի ինչ է անում: Ով համակարծիք չէ եւ հեռանում է, աշնանը կերեւա ինչով են զբաղվելու: Ես իմ տեսակետն եմ ասում, ու շատերն են այդպես ընդունում: Իսկ մնացածը, թե ինչ են մտածում, ես իրենց փոխարեն չեմ կարող ասել:



- Պարոն Մալխասյան, գուցե Դուք ողջունում եք, քանի որ ՀԱԿ առաջնորդին եք տեսնում միասնական թեկնածու, իսկ եթե Վարդան Օսկանյանի թեկնածության հարցը լինի, ինչպե՞ս կվերաբերվեք:



- Նախ, ճիշտ չի հիմա քննարկել, ժամանակը կգա, կքննարկենք եւ կորոշենք՝ համաձայնության գալ: Ես ընդամենը կարող եմ ասել իմ անձնական կարծիքը եւ էս պահի դրությամբ տեսնում եմ այն քաղաքական գործչին, ով հեռուն տեսնում է, երկրի ճակատագրով մտահոգված է, անաչառ է, անշահախնդիր եւ նպաստում է այս երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային արենայում:



- Պարոն Մալխասյան, Դուք է՞լ եք Քոչարյանին տարանջատում Ձեր գործընկեր կուսակցություններից:



- Ես չեմ մտածել էդ ուղղությամբ ու չգիտեմ՝ տարանջատված է, թե չէ, ժամանակը կգա, եւ ամեն ինչ կհստակեցվի: