Մեդալի մյուս երեսը

Մեդալի մյուս երեսը
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության անհավատալի եւ սրընթաց զարգացումը մեզ՝ երկրագնդի բնակիչներիս համար 21-րդ դարում բոլորովին նոր իրավիճակ ստեղծեց: Անգամ 10 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ ինտերնետի - սպուտնիկների, այպադների - այֆոնների, ֆեյսբուքների - սկայպի գոյությունը կարող է այսքան փոխել մեր կյանքը:



 



Եվ այս առումով հնարավոր չէ չասել՝ կեցցեն գիտությունն ու տեխնոլոգիական այս շշմեցուցիչ առաջընթացը, որն այսքան հեշտացրել է կյանքը, շփումն ու տեղեկատվություն ստանալը: Որ ջնջել է սահմաններն ու վիրտուալ աշխարհում հավասարեցրել զարգացած երկրներին երրորդ երկրների հետ: Բայց այսօր ոչ թե ուզում եմ տեխնոլոգիական առաջընթացին օվսաննա հնչեցնել, այլ խոսել դրա նեգատիվ կողմի մասին: Երբեք այս ամենը ստեղծող հանճարը՝ մարդը, այնքան անպաշտպան ու թույլ չի եղել, որքան տեխնոլոգիական առաջընթացի այս դարաշրջանում: Հենց այդ կապի միջոցները, որոնք այնքան հեշտացրել են մեր կյանքը, խոցելի են, եւ երբ մեր կայքերը ենթարկվում են «թշնամու» հարձակման, անջատվում է ինտերնետը կամ խափանվում է կապը, մենք հայտնվում ենք անհեթեթ վիճակում:



 



Մենք, որ ամբողջությամբ կախված ենք այդ տեխնոլոգիաների գործունեությունից, դառնում ենք լրիվ անօգնական ու անզոր: Մենք նաեւ անպաշտպան ենք այն մարդկային չարության առաջ, որ ամեն օր ստանում ենք այդ նույն ինտերնետից: Անզոր ենք այն կեղծ պրոֆիլների առաջ, որ հայտնվում են ֆեյսբուքներում, եւ որոնք, անպատժելիությունից խրախուսված, կարող են ամենաստոր ու տգեղ քայլերն անել մեր դեմ: Մենք անզոր ենք այն բանսարկությունների, զրպարտանքների, բամբասանքների դեմ, որոնք կարող են հաշված վայրկյանների ընթացքում տարածվել երկրով մեկ: Սա էլ է տեխնոլոգիական առաջընթացի «հրաշագեղ» հայտնության արդյունքը: