Աու-ու, ո՞վ կա այդտեղ

Աու-ու, ո՞վ կա այդտեղ
Եթե շատ կարճ ձեւակերպենք այսօր հայ հասարակության առաջ ծառացած հարցը, ապա, կարծում եմ, այն կհնչի այսպես. ո՞ւմ է ձայն տալու Սերժ Սարգսյանին դեմ զանգվածը: Այն բողոքական մասսան, ընդդիմության էլեկտորատը, որը երբեք եւ ոչ մի գնով իշխանության ներկայացուցչին կողմ չի քվեարկի:



 



Ակնհայտ է, որ այդ զանգվածն այսօր շփոթության մեջ է՝ ոչ մի կերպ չի հստակվում այդ դաշտը, չի հայտնվում այն թեկնածուն, ով իր կողմ կգրավի կյանքից, երկրի վիճակից, իշխանություններից ու Սերժ Սարգսյանից դժգոհ մարդկանց: Իսկ այդ զանգվածը մեզանում փոքր չէ: Որոշակի աշխատանք տանելու դեպքում այն անգամ կարող է հասնել իշխանափոխության: Բայց քանի որ մեր ընդդիմությունն ապաշնորհ է եւ աշխատելու հետ էլ առանձնապես սեր չունի, ուստի իշխանությունը միշտ շահած է դուրս գալիս: Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների այլընտրանքային թեկնածուին՝ եթե հոգնած ու վախկոտ, ֆինանսապես տկար ու ռիսկի չգնացող ընդդիմությունը նորմալ թեկնածու չառաջադրի, ապա այս զանգվածի ձայները կարող է տանել ով ասես:



 



Եվ դա կարող է լինել ոչ միայն օլիգարխ ու այդ պաշտոնին բացարձակապես չհամապատասխանող Գագիկ Ծառուկյանը, այլեւ տարբեր էպոսագետներ ու բախտախնդիրներ, որոնց տեղը՝ եթե չասենք հոգեբուժարաններն են, ապա հաստատ նախագահական նստավայրը չէ: Ստացվում է, որ ընտրողների 40-50 տոկոս ձայներն անտեր են մնացել: Լեւոն Տեր-Պետրոսյանի լռությունն արդեն իսկ կարելի է բացատրել որպես չառաջադրվելու մասին հայտարարություն: Ծառուկյանն ու Քոչարյանը նույնպես լռում են: Ընդդիմադիր դաշտը չի համարձակվում խախտել այս ծանր լռությունը: Մի բան պարզ է, որ նա, ով կհամարձակվի առաջադրվել ու տեր կանգնել ընդդիմադիր էլեկտորատին, կարող է լուրջ քաղաքական հաջողությունների հասնել առաջիկա 5 տարում: