Հրաժարվենք կռապաշտությունից

Հրաժարվենք կռապաշտությունից
Վերջապես նոյեմբերի վերջին զգացվեց նախագահական ընտրությունների շունչը: Եթե մինչ օրս այնպիսի մեռելային վիճակ էր, որ կարծում էինք, թե այս ընտրություններն անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ տաղտկալի են լինելու, ապա վերջին օրերի իրադարձությունները հույս ներշնչեցին, որ այդքան էլ այդպես չէ:



 



Դատեք ինքներդ. եթե առաջադրվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Եթե առաջին անգամ կին թեկնածու ենք ունենալու: Երեկ տեղեկացանք նաեւ, որ հնարավոր է լրագրողական համայնքի ներկայացուցիչ եւս առաջադրվի (խոսքը Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի մասին է): Եթե, ինչպես գրել էինք նախկինում, առաջադրվի նաեւ Հրանտ Բագրատյանը: Ապա Րաֆֆի Հովհաննիսյանի, Արամ Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հետ միասին բավականին լայն ընտրություն կունենանք, եւ թեժ պայքար կընթանա: Այս պարագայում չի բացառվում անգամ երկրորդ փուլի առկայությունը: Ճիշտ է՝ միասնական թեկնածուի ջատագովները հիասթափվեցին, բայց ի սկզբանե կարելի էր կանխատեսել, որ միաբանության հարցերում պրոբլեմ ունեցող հայ ազգը դժվար թե մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու շնորհք ունենա:



 



Այնպես որ՝ ինչ ունենք, այն էլ ունենք: Եվ պետք է եղածի մեջ լավն ու դրականը փնտրենք: Թեկնածուների ցանկի մեծաթիվությունը մի դրական կողմ ունի՝ ընտրողը կկարողանա այս ներկապնակի մեջ իր նախընտրած թեկնածուին գտնել. իշխանամետները՝ Սերժ Սարգսյանին, այլընտրանքայինները՝ Ծառուկյանին, տնտեսական հրաշք երազողները՝ Բագրատյանին, կրեատիվ մտածող մասսան՝ Անուշ Սեդրակյանին, նոր-թարմ դեմք փնտրողները՝ Նարինե Մկրտչյանին, արեւմտամետները՝ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ այլն: Ամենակարեւորը՝ մի ստերեոտիպ պետք է կոտրվի. նախագահ ընտրելիս պետք չէ կուռք ընտրել: Ընդհանրապես կռապաշտությունը վատ բան է: