Երկու օրինակ

Երկու օրինակ
Երբ աչքիդ առաջ սովորական, մինչ այդ միջինվիճակագրական համարվող քաղաքացին աճում է, սկսում հասարակական կարեւոր դիրք զբաղեցնել ու իր ետեւից մասսաներ տանել, չես կարող չհիանալ այդ մարդկանց թռիչքով: Այսօր ուզում եմ մեր ընթերցողին պատմել երկու մարդու մասին, որոնց բավական տեւական ժամանակ է ճանաչում եմ եւ ուշադիր հետեւում եմ նրանց ընթացքին:



 



Համակարգչային մասնագետ Կարեն Հարությունյանը, ով տարիներ շարունակ «Հրապարակի» շտապօգնությունն է եղել, վերջին տարիներին դարձել է ֆեյսբուքյան ակտիվիստ, հասարակական գործիչ: Չկա որեւէ բողոքի ակցիա, հասարակական իրադարձություն, որտեղ Կարենը ներկա չլինի: Նա Մաշտոցի պուրակը նվաճողներից էր: Անվախ ու նվիրված մարդ, ով ապրում է այս երկրի ցավ ու դարդով եւ պատրաստ է վտանգել իր անձը՝ ուրիշներին օգտակար լինելու, նորմալ երկիր ունենալու համար: Մյուսը Զարուհի Հովհաննիսյանն է՝ լրագրող, բանաստեղծ, ակտիվ մարդ, երեք զավակի մայր: Ես Զառային հիշում եմ այն ժամանակներից, երբ աշխատում էր «ԱՐ» հեռուստաընկերությունում: Ամուսնացավ, միանգամից զույգ դստրիկներ ունեցավ, եւ թվաց՝ կանացի հոգսերը նրան այլեւս թույլ չեն տա, որ աշխատի, ակտիվ կյանքով ապրի:



 



Մեծ էր հիացմունքս, երբ տեսա, թե ինչպես է Զառան մասնակցում բոլոր ակցիաներին, հատկապես՝ ընդդիմության կազմակերպած: Ինչքան ակտիվ է «Ֆեյսբուքում», ինչքան անհանդուրժող է վատի ու անօրինականի նկատմամբ: Նա նաեւ միտք ու ֆանտազիա է դնում իր պայքարի մեջ՝ լինի դա «Հարսնաքարի» դեպքը, թե որեւէ այլ ակցիա: Այդ նա էր «պատժում» Ռուբեն Հայրապետյանին՝ ջութակ նվագելով: Այս երկու անձինք ինձ համար քաղաքացիական հասարակության մարմնացումն են, իրենց պետության զարգացմամբ ու օրինականության հաստատմամբ մտահոգ քաղաքացու լավագույն եւ օրինակելի կերպարներ: