Բոլորս ենք հոգնել

Բոլորս ենք հոգնել
Երեկ խմբագրություն զանգահարած տիկինը երկար-բարակ պատմում էր իր հոգսերի մասին, գովում էր մեր թերթը, խնդրում էր հաճախ անդրադառնալ մեր մեծերին, ապա անցում կատարեց քաղաքական դաշտին: Իսկապես ժողովրդի ձայն՝ ամեն ինչից մի քիչ, ամեն ինչ մի ափսեի մեջ՝ խճողած ու անհեթեթ:



 



Բայց ինձ հետաքրքիր էր լսել, թե ժողովուրդն ինչ է մտածում ներքաղաքական խնդիրների, կուսակցությունների, ընտրությունների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես ենք լուսաբանում այդ թեմաները: «Հոգնել ենք,- ասում էր տիկինը,- բացում ես թերթը՝ ՀՀԿ-ԲՀԿ, ՀՀԿ-ԲՀԿ... ուրիշ թեմա չկա՞, ուրիշ գրելու բան չունե՞ք»: Հասկանում եմ՝ մենք էլ ենք հոգնել այդ թեմաներից, բայց ի՞նչ անել, երբ քաղաքական դաշտն աղքատիկ է, իսկ նոր բան չի ստեղծվում: «Գրեք ամենավերջին բոմժի մասին, գրեք փողոցում առեւտուր անողների մասին, բայց դրանց մի անդրադարձեք»,- համոզում էր տիկինը: Նմանատիպ հորդորներ գրեթե ամեն օր լսում եմ, բայց օրաթերթը պարտադրված է քաղաքական-հասարակական կյանքին անդրադառնալ եւ չի կարող շրջանցել որոշ «տհաճ» թեմաներ ու «տհաճ» պերսոններին: Մի մոռացեք, որ ողջ եթերը լցված է սոցիալ-տնտեսական-մշակութային անդրադարձներով, եւ տպագիր մամուլի առավելությունը ոչ միայն ազատության մեջ է, այլեւ քաղաքական իրադարձությունները հենց վերը նշված շարքային քաղաքացու աչքերով լուսաբանելու հնարավորության մեջ:



 



Վերջապես, մեզանում ոչ քաղաքական թերթերի փորձեր արվել են, եւ դրանք հիմնականում ավարտվել են ձախողումներով: Անգամ գրական մամուլն այսօր չի կարողանում գոյատեւել, քանի որ դրա ընթերցողը չկա: Այո, մենք էլ ենք հոգնել Գալուստ Սահակյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի, Լեւոն Զուրաբյանի մասին գրելուց, նրանց խոսքն ու գործը հրապարակայնացնելուց, բայց, ցավոք, ընտրություն չունենք: