Մնում է երթալը

Մնում է երթալը

Խմբագրություն եկած քաղաքացին համառորեն խնդրում էր իրեն տրամադրել մեր թերթի անցած տարվա համարներից մեկը: Չկա, այ ընկեր՝ նետ, ասում էինք նրան, բայց նա էլի իրենն էր պնդում՝ շատ եմ խնդրում: Վերջապես միտքս պայծառացավ՝ չլինի՞ ուզում եք երկրից գնալ եւ քաղաքական ապաստան ստանալու համար հիմքեր եք հավաքում: Ճիշտ նշանակետին էի խփել:





Մերժումս ավելի հիմնավոր դարձավ, բայց փորձեցի հասկանալ, թե ինչու է գնում: Պարզվեց՝ երկու զավակների հայր է, մի հիմնարկում գլխավոր հաշվապահ է աշխատում, 150 հազար դրամ փող է ստանում, բայց ոչ մի բանի չի հերիքում: «Զզվել եմ պայքարելուց, ուզում եմ գնալ, որ նորմալ ապրենք, որ երեխաներս լավ ուսում ստանան, որ արդարություն լինի, որ…որ…որ»: Ասում էր՝ 2007-ին հույս արթնացավ մեջս, որ մի բան կփոխվի: Շարժման մեջ եմ եղել: Բոլոր միտինգներին մասնակցել եմ: Մտածում էի՝ իշխանություն կփոխվի, ամեն ինչ դեպի լավը կգնա: Հիմա հույս չունեմ:





Ու ճակատային հարց էր տալիս՝ դուք հավատո՞ւմ եք, որ այս երկրում բան է փոխվելու, որ մի օր լավ ենք ապրելու, որ մեզ չեն ճնշելու ու կեղեքելու: Մարդը կորցրել է հավատը՝ ի՞նչ ասես: Եվ չկա մի լավ բան, որ մատնացույց անես, մխիթարես, հույս ներշնչես: Սերժ Սարգսյանի իշխանավարման հինգ տարիների ընթացքում վատից բացի ի՞նչ լավ բան են տեսել մարդիկ: Եթե մի լավ բան էլ կա, ապա ոչ մի կապ չունի ոչ երկրի նախագահի, ոչ իշխանական կուսակցության, ոչ կառավարության հետ: Եվ երկիրը փակուղի մտցրած, տնտեսական անկում, հոգեբանական ճգնաժամ ու արտագաղթ առաջացրած իշխանությունը ոչ միայն չի պատժվում, այլեւ օր օրի ավելի է հիմնավորվում ու արմատակալում: Եթե ընտրությունների ճանապարհով փոփոխությունների հեռանկարը մարում է, զինված հեղաշրջում անելու կամք չկա, մնում է երթալը: