«Web ծիրանն» ամփոփեց այս տարվա մրցույթի արդյունքները

«Web ծիրանն» ամփոփեց այս տարվա մրցույթի արդյունքները
Համահայկական առցանց երկրորդ կինոփառատոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները



 



 



Մեկ ամիս առաջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ մեկնարկած «Web ծիրան» առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային եւ վավերագրական ֆիլմ: Այսօր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում կայացավ մրցանակաբաշխության արարողությունը` ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի եւ Webtv.am ինտերնետ-հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանի համատեղ մամուլի ասուլիսից հետո:



 



Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, սցենարիստ Համբարձում Համբարձումյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, կինոքննադատներ Դավիթ Վարդազարյանը եւ Րաֆֆի Մովսիսյանը, հայտարարեց հաղթողների անունները: Նախապես սահմանված էր 3 մրցանակ:



 



Ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին արժանացավ Վարդան Դանիելյանի «Էսքիզներ Ոսկեվազի դաշտերից» վավերագրական ֆիլմը` դասական վավերագրության կանոններով իրականության գեղարվեստական վերապատման համար: Երկրորդ մրցանակին արժանացավ Աշոտ Հովսեփյանի «Մորուք» վավերագրական ֆիլմը` սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդու լուսավոր կերպարի բացահայտման համար: 3-րդ մրցանակը կիսվեց Անդրանիկ Հարությունյանի «Զակատ» խաղարկային եւ Սամվել Սեյրանյանի «Հայ տարեցը» վավերագրական ֆիլմերի միջեւ:



 



Ամենաշատ դիտումների արժանացած Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմն արժանացավ «Համակրանք» խրախուսական մրցանակի եւ հատուկ դիպլոմի:



 



«Մարդկային երեւակայությունն անսահմանափակ է ժամանակակից աշխարհում ինքնադրսեւորվելու համար: Կինոարտադրությունը լսարանին հասանելի դարձնելու առցանց տարբերակը եւ սկսնակների, եւ մասնագետների համար այլընտրանքային հրաշալի գործիք է` նվազագույն ռեսուրսներով առավելագույն հաջողության հասնելու առումով: Համացանցն այդ գործընթացը սպասարկող միջոց է: Տեխնոլոգիաների դարաշրջանը հնարավորությունների նոր շեմ է սահմանել բոլորի համար»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



Սպասեք ավելին: «ՎիվաՍել-ՄՏՍ»... Ավելին, քան օպերատոր: