Վարկածները կշրջանառվեն, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ

Վարկածները կշրջանառվեն, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ
Հանցագործությունը քաղաքական է, եւ հետեւում կանգնած են քաղաքական ուժեր: Երեկ գիշեր Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն այսպես որակեցին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հանցագործությունն ուղղված է պետության եւ առաջին հերթին քաղաքական իշխանության դեմ»,-հայտարարեց նա:



 



ՀՀ նախագահն էլ, թե հանցագործության հետեւում կանգնածները նպատակ ունեն նախընտրական գործընթացները շեղել բնականոն հունից: Կատարվածից հետո իշխանական վերնախավը հենց այս վարկածը դրեց շրջանառության մեջ: Ասել կուզի, որ Հայրիկյանի մահափորձն արվեց առաջիկա ընտրությունները, մեղմ ասած, հարամելու համար, որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա վայելել իր հաղթանակը: Բնականաբար, հարց է առաջանում, թե ով էր փափագում Սերժի կոկորդում թողնել փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունը եւ ինչու հենց Հայրիկյանը: Այս հարցերին առայժմ պատասխանում են միայն ֆեյսբուքյան օգտատերերը՝զոռ տալով իրենց երեւակայությանը: Ոչ մի լուրջ եւ հիմնավորված պատասխան չկա, բայց վարկածներ՝ ինչքան ասես: Գլխավոր վարկածը երեկ ներկայացրեց ինքը՝ Հայրիկյանը: Նա կատարվածը համարում է «օտար պետության, երկար տարիներ իրեն հետապնդած Ռուսաստանի գաղտնի ծառայությունների գործելաոճը»: Պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ քարոզարշավի ընթացքում ինքը շատ շեշտակի է դրել հարցը, որ Հայաստանը գնալու է Եվրոպա, այլընտրանք չունի: Հիմնավորել է, որ «իմպերիալիստական Ռուսաստանից ավելի շատ վնաս ենք ստացել, քան օգուտ»: Հայրիկյանն ասում է, որ վերջերս ակտիվացրել էր իր քարոզարշավը, ձայներն ավելացել էին, ինչն էլ անհանգստացրել է որոշ մարդկանց:



 



ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ



 



«Ժառանգության» ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, որքան էլ քննադատության թիրախ դառնալու վտանգ է տեսնում, այնուամենայնիվ, մի քանի վարկած է առաջ քաշում: Նա կարծում է, որ իշխանությունը քաղաքականացնում է մահափորձը՝ դրանով փորձելով ոչ միայն PR դիվիդենտներ շահել, իր շուրջ կոնսոլիդացիայի կոչեր հնչեցնել, այլեւ անվրեպ հայտարարություններ անել: Նա կատարվածում տեսնում է նաեւ իշխանությունների շահը: «Իշխանությունների ձեռագիրն այս 20 տարիների ընթացքում ահաբեկելն ու վախեցնելն է եղել: Դա ձեռագիր է, որը բնորոշ է իշխանությանը: Մանավանդ, որ քարոզարշավի ընթացքում կարծես թե չեն կարողանում լիակատար դիկտատ ապահովել, եւ ժողովուրդն իրեն խաղի մասնակից է զգում»,- ասում է Սաֆարյանը եւ ավելացնում՝ որքան էլ իշխանության համար միջազգային կառույցների արձագանքը կարեւոր լինի, իշխանություն պահպանելը, ունեցվածքը, ֆիզիկական անվտանգությունն ու միջազգային կառույցի արձագանքը մի նժարի վրա չեն դնի:



 



Սաֆարյանի խոսքով, գոյության իրավունք ունեցող վարկած է նաեւ գործող իշխանության ակնարկած վարկածը՝ նախորդ նախագահի թիմը, որովհետեւ քաղաքական պրոցեսների արդյունքում երկրորդ նախագահն էր կարծես թե խաղը տանուլ տալիս: Դե իսկ Ռուսաստանի ու Թուրքիայի վարկածն էլ կա ու կա, որոնցից ոչ մեկի վրա մեր զրուցակիցը չծանրացավ: Կատարվածի՝ որպես  Հայրիկյանի կողմից անձամբ կազմակերպված PR քայլ վարկածի մասին էլ ասաց, որ չի ուզում հավատալ, քանի որ սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու բազմաթիվ այլ ձեւեր կան: Սաֆարյանը կարծում է, որ հանցագործությունը կբացահայտվի, համենայնդեպս նման խոստում իշխանության ներկայացուցիչների կողմից տրվել է: «Քանի որ արդեն գնահատական է տրվել, որ սա քաղաքական հանցագործություն է, դա նշանակում է, որ անպայման մի քաղաքական դեմք, մի քաղաքական ուժ պիտի պատժվի: Դա կլինի արդարացի, թե ոչ, կհամոզվենք առաջիկայում»:



 



ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՏԵՍԵԼ, ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՏԵՍԵԼ Է



 



Տպագրիչների 9 հասցեում բնակվողները երեկ սարսափահար խոսում էին մահափորձից: Շատերը զարմանում էին, որ ոչ մի  ձայն, ոչ մի կրակոց չեն լսել, միայն «օգնություն» կանչեր են լսել, իսկ ավելի ուշ աղմուկից են իմացել, թե ինչ է կատարվել: «Նստած հեռուստացույց էի դիտում, ժամը գիշերը 12-ի մոտ էր, մեկ էլ աղմուկ լսեցի, պատուհանից նայեցի ու սարսափեցի: Մի 50-60 տղամարդ կար բակում կանգնած, ոստիկանական մեքենաներ, ահավոր աղմուկ էր, այս ու այն կողմ էին վազվզում,-պատմեց հարեւան մուտքի բնակիչներից մեկը՝ ավելացնելով:- Բայց ոչ մի կրակոց չեմ լսել»: Հարեւանները պատմեցին, որ Հայրիկյանը սովորաբար մենակ է տուն գալիս, առանց ուղեկցության, իսկ մինչ այդ էլ որեւէ տարօրինակ բան չեն նկատել: «Կենտրոն է, ամեն տեսակի մարդ կա, ու չես կարող տարբերել՝ ով ով է»: Կրակոցներ չէին լսել նաեւ նույն մուտքի մյուս հարեւանները: Հայրիկյանի մուտքում բնակվողները, սակայն, հրաժարվեցին խոսել եւ ընդհանրապես բացել բնակարանների դռները՝ պատճառաբանելով, որ ամեն ինչ պատմել են եւ այլեւս խոսել չեն ուզում:



 



Նշենք, որ տարածքում ոչ մի խանութ կամ հաստատություն չկար, որտեղ տեղադրված տեսախցիկները կարող էին ֆիքսել կատարվածը: Կրակողն էլ, մեզ հետ զրուցած հարեւանների խոսքով, փախել էր հավանաբար շենքի դիմացի ավտոտնակների արանքով: Հայրիկյանը երեկ, վիրահատությունից հետո, խոսել է կատարվածի մասին՝ պատմելով, որ տեսել է իր վրա կրակողին, որ տեսնի, կհիշի նրան: Տեսել է, թե ինչպես է իրեն մոտեցող մարդը ինչ-որ լաթի կտորի մեջ փաթաթած ձեռքը դիմացից ուղղում դեպի իր ուսը: Փորձել է խանգարել, բայց հնչել է կրակոցը, Հայրիկյանը կրակոցից հետո էլ է շարունակել դիմադրել, այս ու այն կողմ թեքվելով՝ կանխել է իրեն ուղղվելիք երկրորդ կրակոցը: Հայրիկյանը վիրավորվելուց հետո օգնություն է կանչել, հարեւանները դուրս են եկել, գոռգոռացել, ինչից հետո հանցագործը փախել է: Այս ամենից հետո տուժածին տեղափոխել են Նորքի զանգվածում գտնվող «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որի տնօրենը Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը:



 



ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԵՏԱՁԳՎԵՆ



 



Հայրիկյանին հիվանդանոց տեղափոխելուց եւ վիճակը կայունանալուց հետո հաջորդ հրատապ հարցը, որ դրվեց շրջանառության մեջ, ընտրությունները հետաձգելու հարցն էր: Օրենքը սահմանում է, որ եթե ընտրությանը մասնակից թեկնածուներից մեկի համար ստեղծվել են անհաղթահարելի խոչընդոտներ, ապա ընտրությունները կարող են երկշաբաթյա ժամկետով հետաձգվել: Երեկ Հայրիկյանն ասաց, որ ստիպված է օգտվել այդ ժամկետից: Իրեն այցելած Սերժ Սարգսյանին եւս տեղեկացրել է այդ մասին: Թեեւ կարծում ենք՝ նա այլեւս լրացուցիչ քարոզչության կարիք չունի. ողբերգական դեպքը նպաստել է նրա վարկանիշի աճին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման դեպքում նախագահի թեկնածուն պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունը հետաձգելու խնդրանքով: Եթե ՍԴ-ն, քննելով դիմումը, ներկայացված խոչընդոտները ճանաչի թեկնածուի համար անհաղթահարելի, ապա ընտրությունները երկու շաբաթով կհետաձգվեն:



 



Հավանաբար, այսօր արդեն դիմումը կներկայացվի ՍԴ, եւ 24 ժամվա ընթացքում դատարանը կորոշի՝ ինչ ընթացակարգով քննել այն՝ գրավո՞ր, թե՞ բանավոր։ Նշենք նաեւ, որ փաստի առիթով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 34 եւ 305 հոդվածների հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով, պատժվում է 12-20 տարի ազատազրկմամբ եւ ցմահ ազատազրկմամբ): Ստեղծվել է ոստիկանության եւ ԱԱԾ համատեղ օպերատիվ քննչական խումբ: