Կուսակցությունը փրկելու եմ այս Մաո Ցզե Դունից

Կուսակցությունը փրկելու եմ այս Մաո Ցզե Դունից
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ փոխնախագահ (արդեն հեռացված) Ղուկաս Մեհրաբյանի աղմկոտ հակամարտությունը ծագել է մոտ մեկ ամիս առաջ: «Հրապարակը» բազմիցս տեղեկացրել է, որ Մակեյանն ու Մեհրաբյանը տարաձայնություններ ունեն, ինչի արդյունքում հունվարի 31-ին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի երեք ժամ տեւած նիստով Պետրոս Գեւորգյանին եւ Ղուկաս Մեհրաբյանին կուսակցությունից հեռացնելու որոշում է կայացվել:



 



Ժամանակին կուսակցությունից հեռացավ հայտնի գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանն ու 2006-ին նշանակվեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր, ով նաեւ գիտական աշխատությունների հեղինակ է: Ղուկաս Մեհրաբյանն էլ գիտնական է` մի շարք գրքերի հեղինակ, աշխատում է հերթական գրքի վրա: Նա հիշում է, որ 2012 թ. դեկտեմբերին պետք է տեղի ունենար ՀԱԿ քաղխորհրդի ամփոփիչ նիստը, իսկ ՀԱԿ-ում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանն այդ օրն ինքն էր ներկայացնում: Անձնական եւ առողջական պատճառներով, ողջ 2012-ին Ղուկաս Մեհրաբյանը չի մասնակցել ոչ կուսակցության, ոչ ՀԱԿ-ի քաղաքական խորհուրդների նիստերին: Լսած լինելով, որ նշված նիստում խոսվելու է ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունից, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հնարավոր առաջադրումից եւ ընտրության հնարավոր բոյկոտից, Մեհրաբյանը մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի նիստին, որտեղ իրենց է ներկայացվել ՀԱԿ որոշումը` ոչ ոք չի առաջադրվում, ՀԱԿ-ը ոչ ոքի չի սատարում:



 



Վստահ լինելով, որ ընտրությունը ձեւ չէ իշխանության գալու, Մեհրաբյանը կողմ է եղել ՀԱԿ որոշմանը, ինչը, սակայն, հետագայում հարուցել է Մակեյանի զայրույթը: «Զանգեց ասաց՝ ինչո՞ւ ես ստորագրել, մի հատ քննարկեիր: Բայց ես ոչ մի անգամ չեմ քննարկել: Մի անգամ բանը հասել է  նրան, որ Լեւոն Զուրաբյանն առանձնազրույց է ունեցել Մակեյանի հետ եւ դժգոհել, թե միշտ սեփական կարծիք եմ հայտնում»,- պատմում է Մեհրաբյանը:



 



ՀԱԿ որոշումից մեկ օր անց Մակեյանը հայտարարում է, որ Մեհրաբյանը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության որոշմանը հակառակվել է, կուսակցությունը հարցին կանդրադառնա հունվարին: Պատասխան մեղադրանքներով պատասխան հայտարարությունը չի ուշացել: Ու սկսվել է Մակեյան-Մեհրաբյան փոխադարձ մեղադրանքների շրջան:



 



Մակեյանը Մեհրաբյանին մեղադրում է Լեւոն Զուրաբյանի խաղը խաղալու, նրա ասածով, թելադրանքով կուսակցությունը պառակտելու մեջ: Մեհրաբյանը Մակեյանին մեղադրում է «իր շրջապատի կամքը կատարելու մեջ»: Երբեմնի ընկերները հիմա, մեղմ ասած, թշնամիներ են: Մեհրաբյանը հիշում է, որ ժամանակին Մակեյանին տրամադրել են նորոգված եւ կահավորված 320  քմ մակերեսով գրասենյակը, որը Մակեյանը վարձակալությամբ է տվել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը` այն ժամանակվա պետ Վազգեն Խաչիկյանին: Վազգեն Խաչիկյանը հիմա կալանավորված է, իսկ կուսակցությունը վտարված է նշված տարածքից: Մեհրաբյանը դեմ է այլ տարածքում կուսակցության քաղխորհրդի նիստ անելուն: «Կուսակցությունը հայտնվել է բոմժի կարգավիճակում` գրասենյակ չունենք, վերջին անգամ կուսակցության համագումար է եղել 2010-ի ապրիլին: Օրենքի համաձայն, նվազագույնը երկու տարին մեկ պետք է համագումար անենք, իսկ մեր ներքին կանոնագրքով` տարին մեկ: Հիմա ինքը նախագահ չի, ես փոխնախագահ չեմ, երկու տարի է՝ գործում է ապօրինի` ոչ իրավական դաշտում: Մակեյանը համագումար չի անում եւ հայտարարում է, որ ես համագումարով ընտրված նախագահ եմ, միայն համագումարն է իրավասու ինձ ազատել: Դե, մենք էլ համագումարով ընտրված ենք կուսակցության քաղխորհրդի անդամ, եւ մեզ կարող է հանել միայն համագումարը: Մակեյանը մեզ դարձրել է իբրեւ թե շարքային եւ գոյություն չունեցող տարածքային մարմնի առաջարկով մեզ հեռացրել կուսակցությունից: Կուսակցությունը դարձրել է մասնավոր սեփականություն, հայրենի Փանիկ գյուղից մարդ է բերում: Բայց հարցը միայն կուսակցությունը չէ: Գրասենյակի եւ այլ հարցեր կբարձրացվեին համագումարում: Ո՞ր մի ղեկավարը չեղած բանի համար կհայտարարի, որ տեղակալս ազնիվ է, բայց  նրան «ֆռռացրել» են: Փորձում է ինքնուրույն մտքեր ասել, բայց չի ստացվում: Նրան օգտագործում են որպես աղյուս: Օգտագործում է այն շրջապատը, որում նա է, բայց այդ աղյուսն առաջինը նրանց գլխին է գալու: Մակեյանը սրբություն չունի, նրան բարեւեցիր, պիտի ուղղակի ձեռքդ կտրես: Մակեյանը բոլոր սահմաններն անցել է»,- ասաց Ղուկաս Մեհրաբյանը:



 



Վտարված անդամները հավաքվել են կուսակցությունից հեռացված Պետրոս Գեւորգյանի բնակարանում: Մեհրաբյանն ասել է. «Չեմ գա սրա-նրա տարածքում քաղխորհրդի նիստ անեմ, նաեւ ծաղրել եմ` բա որ գաղտնալսե՞ն»:



 



Երբ ՀԱԿ-ը որոշեց ՀՀ նախագահի այս ընտրությունում պասիվ լինել, ՀԱԿ-ից անաղմուկ հեռացան կամ քաղաքականության մեջ ակտիվ լինելու համար ՀԱԿ-ում պասիվացան Արամ Զավենի Սարգսյանը, Սոս Գիմիշյանը, Հրանտ Բագրատյանը: Մեր զրուցակիցն ասաց, որ Պետրոս Մակեյանը, մնալով ՀԱԿ-ում, վիրավորում, փնովում է սեփական գործընկերներին: «Ինքն ասում է՝ ՀԱԿ-ը կոմայից դուրս չի եկել, բայց աշխատում է ՀԱԿ-ի հետ, ասում է՝ ՀԱԿ-ի առողջացման ծրագիր եմ ներկայացնելու, այսինքն ասում է` դուք հիվանդ եք, գալիս եմ ձեզ առողջացնելու, ասում է՝ ՀԱԿ-ը ղեկավարվում է մի տեղից, բա հո Փանիկից չէ՞ր ղեկավարվելու, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, չէ՞, ՀԱԿ-ի առաջնորդը,  նա պիտի ղեկավարի»:



 



Մեհրաբյանի հետագա քայլերն ուղղված են լինելու մեկ նպատակի` «Կուսակցությունը փրկել այս Մաո Ցզե Դունից, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը բերել օրինական տեսքի»: Դա կարող է լինել եւ դատարանում ոտնահարված իրավունքների վերականգնման տեսքով, եւ կուսակցության համագումար` «ֆինանսատնտեսական հաշվետվություն, կուսակցության նոր ղեկավարության ընտրության տեսքով»:



 



Արամ ԶԱՔԱՐՅԱՆ