Մնում է հուսալ, որ շատերը չեն ուզենա պառկել Հայրիկյանի հետ

Մնում է հուսալ, որ շատերը չեն ուզենա պառկել Հայրիկյանի հետ
Եթե նախագահը Քոչարյանը լիներ, Հայրիկյանի մահափորձից անմիջապես հետո արտակարգ դրություն կհայտարարեր. «Այ մարդ, բա սհենց պյան ա իննական, ուրուր օտում են: Թախկնոցի են (աչքակապուկի) խաղ անում, Պարույրի դիբետին (ետեւում) թախ են կենում ու ասում՝ տղա ես, ինձ փռնի: Կրակում եմ»: Զարկ են տալիս պետականությանը, անկախությանը, Հայաստանին, ժողովրդին, ինքնիշխանությանը, ընտրությանը, նախագահին, խորհրդարանին եւ անձամբ ընկեր Շարմազանովին:



 



Բայց քանի որ նախագահը Քոչարյանը չէ, իրերն այլ կերպ են զարգանում: Արտակարգ դրությանը փոխարինում է արտակարգ ուշադրությունը: Այնպիսի ուշադրություն, որ խփվող Պարույրը հումոր է անում: Հանրապետական ողջ էլիտան, ինչպես մամուլն է հաղորդում, հիվանդանոցում հալումաշ է լինում: Թերթերից մեկում գրեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը ողջ գիշեր հիվանդանոցում է եղել… Վա՜յ, Րաֆֆի ջան, վա՜յ… Իսկ «Ազգային ինքնորոշում միավորման» արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանն էլ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկներին առաջարկել է, որ ինքն էլ պառկի Հայրիկյանի մոտ, եւ իրեն էլ նույն սրվակով ներարկեն, ինչ Հայրիկյանին: Չզարմանաք, շատ ցեղեր կան, որ իրենց առաջնորդի համար ավելի բեթար բաներ են անում:



 



Մնում է հուսալ, որ շատերը չեն հետեւի Կարոյի այս մահապարտական քայլին ու պառկի Հայրիկյանի հետ: Դա ինչ քաղաքական սիրո դրսեւորում է… Հանրապետականներից աչքովս ընկավ Արմեն Աշոտյանը: Թարմ, առույգ տեսք ուներ. չլինի՞ գիշերը աչք է կպցրել… սա ուղղակի խայտառակություն է…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ