Բլիթ ու մտրակ

Բլիթ ու մտրակ
Որքան մոտենում է ապրիլի 9-ը, այնքան շիկանում է երկրի մթնոլորտը: Արտաքուստ հանդարտ վիճակը մի քանի ժամում կարող է փոթորկի վերածվել եւ ամեն ինչ տակնուվրա անել:



 



Երեկ արդեն ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն անթաքույց սպառնալիք էր հնչեցնում. «Եթե ընդդիմությունը խոսքից գործի անցնի, ինչպես դա եղավ 2008 թվի մարտին, երբ քաղաքացիական անհնազանդության կոչեր էին հնչում, այդ դեպքերի համար կան ոստիկանությունը, Սահմանադրությունն ու օրենքները»: Մենք, անշուշտ, Մարտի 1-ի դեպքերի մեր մեկնաբանությունն ունենք, որն էականորեն տարբերվում է Զոհրաբյանի մեկնաբանությունից: Եվ քաղաքացիական անհնազանդության կոչերն էլ դեռ զինված պայքար չեն նշանակում, այլ քաղաքական պայքարի տարատեսակ են եւ ընդունելի են ողջ աշխարհում: Ընդհանրապես, ՀՀԿ փոխնախագահը երեկ բավականին օրիգինալ մտքեր է հնչեցրել, այդ թվում կարծիք է հայտնել ստվերային կառավարության մասին:



 



Նա ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարել է. «Ստվերային կառավարությունը գաղտնի կառույց է, որը պետք է բացահայտել եւ պատժել»: Այստեղ են ասել՝ այ քեզ բան: Կամ կարկառուն ՀՀԿ-ականները որոշել են այնպես անել, որ ամենահանդուրժողի, ամենադեմոկրատի կերպարը բաժին հասնի ՀՀԿ նախագահին, եւ վերջինս իրենց ֆոնին շահած դուրս գա, կամ ուղղակի տեղյակ չեն, որ իրենց նախագահն այլ կարծիքի է երկրում տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ եւ բավականին մեղմ ու կառուցողական երկխոսության մեջ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Գուցե ՀՀԿ-ն որոշել է բլիթի ու մտրակի քաղաքականությունը համատեղե՞լ. մի կողմից զգուշացնել, որ վճռական է տրամադրված, մյուս կողմից փաղաքշել, թե պատրաստ եմ փոխզիջումների: Ամեն դեպքում, արձանագրենք, որ ինչպես ընդդիմության ճամբարում են խարխափում ու չգիտեն իրենց անելիքը, այնպես էլ՝ իշխանության: