Տիկին նախարար, գնացել ես Վրաստան, որ ի՞նչ անես

Տիկին նախարար, գնացել ես Վրաստան, որ ի՞նչ անես
Ըստ ՀՀ  2013թ. պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագրի, մշակութային ծառայությունների ոլորտում այս տարի նախատեսված է 9,856.3 մլն դրամ` 2012 թ. 14,894.2 մլն դրամի դիմաց (ծախսերի նվազումը հիմնականում բացատրում են ծրագրերի ավարտմամբ), որոնք ուղղվելու են գրադարաններին, թանգարաններին, ցուցասրահներին, մշակույթի տներին, ակումբներին, կինեմատոգրաֆիային, ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակմանը, ինչպես նաեւ այլ մշակութային կազմակերպությունների եւ դրանց աշխատողների աշխատավարձերի վճարմանը:



 



Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնմանն ու պահպանմանն առանձին ուղղվելու է 355.7 մլն դրամ (2012 թ. 355.3 մլն դրամի դիմաց): Այստեղ հատկացումները, ինչպես եւ նախորդ տարի, պահպանվել են եւ դեռ մի բան էլ ավելացել: Բայց հուշարձանների պահպանմանն ուղղված հատկացումները ոչ միայն նոր որակական աստիճանի չեն բարձրացնում այդ հուշարձանները, այլեւ ավելի են ավերում դրանք: Վերջին ամենաթարմ օրինակներից մեկը 11-13-րդ դարերի Գառնու վերականգնված կամուրջն էր, որն ավելի շատ ոչ թե վերականգնվել էր, այլ «եվրոռեմոնտի» ենթարկվել`սրբելով դրա պատմական հուշարձան լինելու հետքերը: Իսկ կամրջի վերականգնման համար միայն 2006 եւ 2010թթ. պետբյուջեից տրամադրվել էր 1 մլն, ապա 6 մլն 280 հազար դրամ: Հաջորդ պատմամշակութային  հուշարձանը Գեղաշենի Սբ. Գեւորգ եկեղեցին էր, որն ընդամենը մի քանի տարի առաջ էր վերականգնվել, բայց ընդամենը մի քանի օր առաջ «սաստիկ» քամիների հետեւանքով (դեռ լավ է, որ մեր երկրում տորնադոներ չեն լինում) փլվել էին եկեղեցու թիթեղյա տանիքն ու քարե գմբեթն ամբողջությամբ:



 



Բայց մեր երկրում փլուզումներից չեն խուսափում ոչ միայն վերականգնված եկեղեցիները: Վերջերս փլուզվել էր նաեւ Սեւաքար գյուղի 17-18-րդ դարերի Սբ. Հռիփսիմե եկեղեցու պատերի եւ տանիքի մի հատվածը: Իսկ այդ ընթացքում մշակույթի նախարարությունը զուր ժամանակ չի վատնում եւ դեպքի վայր գործուղած աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա որոշում է հետագա փլուզումներից խուսափելու համար հենակներով ամրացնել եկեղեցու վթարված, բայց դեռեւս կանգուն հատվածները: Սակայն բացառված չէ, որ քամիներն օրերից մի օր նորից կփլեն ընդամենը հենակներով վերականգնված եկեղեցու վթարված պատերը, նորից պետբյուջեից միլիոններ կհատկացվեն պատմամշակութային հուշարձանների պահպանմանը, նախարարությունն էլ աշխատանքային խմբեր կգործուղի` տեղում իրավիճակին ծանոթանալու համար, եւ մենք նորից կզարմանանք, թե ո՞վ եւ ինչպե՞ս է փոշիացնում մշակութային ոլորտի գումարները եւ ավերում հուշարձանները:        



 



Օրերս Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում նույնպես անդրադարձել էր մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրված թերացումներին: Մի քանի կետերով ներկայացված թերացումներից մեկն էլ սա էր. «Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաեւ այլ հուշարձանների նկատմամբ նույնպես»: Վատ է, որ արդեն մշակույթի նախարարից բացի բոլորն են գիտակցում մշակութային ժառանգության հսկողության անհրաժեշտության մասին, եւ առաջին հերթին հենց իրենից: Վատ է, որ արդեն փորձը տխուր վիճակագրություն է ձեւավորում, ու էլ չես զարմանում, որ վերականգնվելու փոխարեն հուշարձանները դառնում են վերանորոգված հուշակտորներ:



 



Իսկ այդ ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելություն է կատարում Վրաստան` քննարկելու հայ եւ վրացական մշակութային համագործակցության հետագա զարգացման ուղղությունները, ինչպես նաեւ երկու երկրների տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները: Մշակույթի նախարարը, փոխանակ Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների պահպանության հարցերով զբաղվի, ուզում է միանգամից իր հոգածության տակ առնել համայն հայության մշակութային ժառանգության պահպանության հարցերը: Դեռ լավ է, որ մարդիկ առանձնակի կարեւորություն չեն տալիս նման պաշտոնական հանդիպումներին եւ ընդհանրապես  մշակույթի նախարարի քայլերին, որի տնօրինության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանների ճակատագիրը կախված է քամիների ուժգնությունից եւ Աստծո բարեհաճությունից: