Խոսնակի հայտարարությունը հերթական խեղաթյուրումն է

Խոսնակի հայտարարությունը հերթական խեղաթյուրումն է
Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասուլիսը հիմնականում վերաբերում էր Սերժ Սարգսյանի հետ նամակագրությանը:



 



«Ես ինքս կորոշեմ, թե երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք ժողովրդի փետրվարի 18-ի աննախադեպ հաղթանակն արձանագրել տալ: Այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկեցի պարոն Սարգսյանին, անբաժանելի է: Եթե երբեւէ պարոն Սարգսյանն ուզենա դեմառդեմ հանդիպել, քննարկել, քանի որ վերջին նամակում ասաց, որ ինքը պատրաստ է իմ ուղարկած փաստաթուղթն ընդունել որպես բանակցությունների հիմք, դրա համար ուրախ եմ, բայց պետք է նկատի առնվի, որ ինչ որ ուղարկվեց, դա մեր նվազագույն շեմն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ու նշեց՝ դա չի նշանակում, որ Սարգսյանը չի կարող առաջարկել ինչ-որ մի կետ հանել. «Բայց եթե մի կետ հանեց, պիտի համարժեք կետն ավելացնի: Ինչ որ ներկայացված է, դա անբաժանելի, համալիր մոտեցում է, որ մենք համազգային մեր խնդիրը հանգուցալուծենք եւ անցնենք առաջ դեպի սահմանադրական նոր Հայաստան: Ուրախ կլինեմ, որ պարոն Սարգսյանը ձեւ գտնի ինձ հետ հանդիպել»: Երախտագիտություն հայտնելով Սարգսյանին բարի հորդորի համար՝ դուրս գալ հացադուլից, ընդգծեց. «Ներկա դրությամբ ես հրապարակում եմ, կարող եմ կրկնել, որ կարող ենք այստեղ հրապարակավ հանդիպել, իսկ եթե դա անհարմար է, կարծում եմ, քաղաքական մշակույթի տեսակետից շատ դաստիարակչական կլինի այս սրճարանում հանդիպել, եւ ժողովուրդը դրսից կարող է տեսնել, թե ինչպես են ՀՀ երկու քաղաքացի փորձում լուծում գտնել փետրվարի 18-ի գողացված ընտրությունից հետո համազգային այս խնդրին»:



 



Իսկ փակ դռների ետեւում հանդիպելու դեպքում չի՞ մտահոգվում, որ իր խոսքը կարող են խեղաթյուրված ներկայացնել՝ ինչպես նախորդ անգամ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կողմ եմ ուղիղ եթերով հանդիպում լրագրողների մասնակցությամբ, բայց, դասեր քաղելով անցած փորձից, անպայման պիտի արձանագրությունը լինի նաեւ մեր ձեռքում»: Իսկ չարախոսողներին, ծուռ հայելու մեջ իր առաջարկները ներկայացնողներին ասաց. «Մերը համալիր առաջարկ է, որպեսզի մենք ունենանք սահմանադրական համազգային հանգուցալուծում, եւ չարախոսներին, ովքեր սա 3 կամ 8 պաշտոնների առեւտուր են ներկայացնում իրենց քաղաքական պատվերներից ելնելով, պարզապես համեստաբար ասեմ, որ սխալ է: Ընթերցեք այդ համալիր ծրագիրը եւ կտեսնեք, որ այդտեղ կա իշխանության եւ ժողովրդի միջեւ պատասխանատվության կիսում: Թե պարոն Սարգսյանը կկարողանա հաղթահարել սեփական շրջապատը եւ գնալ այդ կես ճանապարհը ժողովրդի հետ, արդեն ժամանակը ցույց կտա»:



 



Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հավաստիացրեց, որ ինքը գործարքի չի գնալու եւ հաստատակամ է իր ներկայացրած առաջարկներում. «Ես ինչ անում եմ, անում եմ որպես հանրային շահի զգալի մասի սպասավոր, հրապարակային եմ, եւ դա թույլ չի տալիս որեւէ գործարք, ամեն ինչ լինելու է բաց: Ես կրկնում եմ՝ կամ կլինեն նախագահական արտահերթ ընտրություններ, կամ գործող իշխանությունը կգնա պատասխանատվության՝  իշխանության կիսման ժողովրդի հետ. դա մեր նվազագույն շեմն է»:



 



Ինչպես սպասվում էր՝ պատասխանը չուշացավ նախագահականից, բայց այս անգամ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նրա խոսնակի մակարդակով: ««Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.



 



1.  Նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել մեծ համբերատարությամբ, եւ նա միշտ կառուցողական է իր քայլերում



 



2. Նախագահի ս. թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամառժամ նվազեցնում է դրա արդիականությունը



 



3. Նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»:



 



Իսկ երեկոյան, քաղաքացիական խորհրդի նիստի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի արձագանքին. «Խոսնակի հայտարարությունը հերթական խեղաթյուրումն է: Մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված, ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ ոք իմ խոսքերը չխեղաթյուրի իր մանր շահերի համար: Մեր առաջարկն էլ ուժի մեջ է»: Նաեւ կոչ արեց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին դուրս գալ ՀՀԿ-ի Երեւանի ավագանու ցուցակից, որովհետեւ, նրա կարծիքով, դա անթույլատրելի է եւ աններելի, քանի որ Դեմոյանը Ցեղասպանության՝ մեր վշտի ինստիտուտի պատասխանատուն է:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ