Պարգևատրվեցին գիտության հիմնախնդիրները լուսաբանողները

Պարգևատրվեցին գիտության  հիմնախնդիրները լուսաբանողները
Ավանդույթի ուժ է ստանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Կարեն և Սամվել Կարապետյանների  գործունեության ոլորտների ու աշխարհագրության պարբերաբար ընդլայնումը: Եվ այն, որ հիմնադրամն այսօր չի սահմանափակվում միայն Հայաստանով և իր բարեգործության շրջանակներում ընդգրկում է նաև Արցախը, Ջավախքն ու Սփյուռքը, արդեն որևէ մեկի համար նորություն չէ: Նույնը կարելի է ասել նաև ոլորտների մասին: Այս մասին այսօր շեշտեց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում> ֆեյսբուքյան նախաձեռնության հետ հայտարարված գիտական լրագրության մրցույթի՝ այսօր «Էրեբունի պլազա»  կենտրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Պարգևատրվեցին մրցույթի 14 մասնակիցները՝ գիտության ոլորտի հիմնախնդիրները ԶԼՄ-երում ակտիվորեն լուսաբանելու համար: Մրցույթի հաղթողը ստացավ 500 հազար դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 400 հազար, երրորդ մրցանակակիրը՝ 300 հազար դրամ: Մյուս 11 մասնակիցները պարգևատրվեցին 150 հազարական դրամով:



«Բոլորս էլ հրաշալի հասկանում ենք, որ գիտության ոլորտում այսօր առկա են զգալի խնդիրներ: Սակայն Կարապետյան եղբայրների հավատամքն է, որ ցանկացած պարագայում պետք է առաջ շարժվել ոչ թե խնդիրների կուտակման, այլ դրանք լուծելու ճանապարհով»,- նշեց Ա. Ճաղարյանը՝ հավելելով, որ այս առումով ուղղակի անհնար է թերագնահատել այն մարդկանց ներդրումը, ովքեր զանգվածային լրատվության միջոցներով բարձրաձայնում են այդ խնդիրների մասին, լուսաբանում են գիտության հիմնահարցերը:



ՊԳՖԱ ներկայացուցիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, շնորհակալություն հայտնելով Կարապետյանների ընտանիքին, նշեց, որ «Տաշիր» ԲՀ համատեղ իրականացվող նման ծրագրերը նախ և առաջ մշակույթ են ձևավորում: Այսպիսով հնարավոր է դառնում ոչ միայն կոնկրետ աջակցություններ իրականացնել, այլ նաև պետության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել գիտության ոլորտի խնդիրների վրա: Իշխանյանը նաև շեշտեց, որ էապես մեծացել է հետաքրքրությունը գիտական թեմաներով հրապարակումների նկատմամբ:







 



«Տաշիր» ԲՀ մամուլի ծառայություն