Թատրոնը կկառուցվի

Թատրոնը կկառուցվի
Նախօրեին կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, օգտվելով բեմից մրցանակ հանձնելու հնարավորությունից, խոսեց նաեւ իր դեռ չկառուցված թատրոնի շենքի մասին` նշելով, որ եթե մյուս տարի այս ժամանակ Մնջախաղի թատրոնի շենքն էլի կառուցված չլինի, ինքը բեմ չի բարձրանա:



 



Ու քանի որ դահլիճում նստած էին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կարելի էր հասկանալ, որ վերջնագրի լեզվով ասված այդ խոսքերն ինչ-որ չափով ուղղված էին նաեւ հենց նախարարին: Ժիրայր Դադասյանից փորձեցինք պարզել, թե ինչ ընթացքի մեջ է շենքի շինարարությունը, եւ արդյո՞ք որեւէ մտավախություն ունի թատրոնի շենքի հետ կապված: Սակայն Դադասյանը տեղեկացրեց, որ ամեն ինչ նորմալ է եւ ընթացքի մեջ, միայն թե հույս ուներ, որ այս տարի այն արդեն կառուցված կլիներ, դրա համար է այդպես արտահայտվել բեմից: Ավելին` թատրոնի շենքի նախագծի աշխատանքների շինարարությունը կմեկնարկի ապրիլի վերջերից, իսկ բուն թատրոնի շենքի շինարարությունը` օգոստոսից: Դադասյանը հույս ունի, որ մինչեւ տարեվերջ` ամենաուշը 4-5 ամսում թատրոնն իր շենքը կունենա: Հիշեցնենք, որ թատրոնի շենքը կառուցվելու է Հյուսիսային պողոտայում: