Կինն ու գինին

Կինն ու գինին
Ավելի ու ավելի շատ եմ լսում կարծիքներ, որ «այս երկիրը կանայք են փրկելու»: Հայ կինը, որի ուսերին է միշտ եղել ընտանիքի կենցաղի կազմակերպման հոգսը, հիմա իր վրա է վերցրել նաեւ ֆինանսական ապահովման խնդիրը եւ տղամարդկանց կամաց-կամաց դուրս է մղում տարբեր ոլորտներից:



 



Առավել ուրախալի է, որ կինը սկսել է թափանցել նաեւ մեծ քաղաքականություն: Եվ այդ «թափանցումը» տարբեր եղանակներով է կատարվում՝ ոչ միայն Ազգային ժողովի պատգամավոր դառնալով կամ բարձր պաշտոնների նշանակվելով: Դեռ նախագահական ընտրությունների շեմին խոսվում էր կանանց առաջադրման մասին: Ճիշտ է՝ խոսեցին-խոսեցին ու չհամարձակվեցին որեւէ կնոջ առաջ քաշել, բայց սառույցը կոտրվեց: Իսկ գործող նախագահի քարոզչությունն ընդհանրապես կառուցված էր նրա կնոջ՝ Ռիտա Սարգսյանի անձի վրա: Սերիալ հիշեցնող ֆիլմը, որ ռուսական հեռուստաընկերություններից մեկը նկարել էր, եւ մերոնք օրեր շարունակ հեռարձակում էին, տիկին Ռիտայի բենեֆիսն էր հիշեցնում: Կնոջ անպաճույճ պատմությունը, ժպիտն ու հիշողությունները կարող էին ընտրողների սրտերը գրավել:



 



Ապա եկանք-հասանք Երեւանի ավագանու ընտրություններ: Այս անգամ եւս քննարկվում էր կուսակցական ցուցակները կանանց կողմից գլխավորելու հարցը. տարբեր անուններ էին հնչում՝ Լիլիթ Գալստյան, Կարինե Խոդիկյան: Նորից տղամարդկային ամբիցիաները դեր խաղացին, եւ կանայք չհայտնվեցին նշված տեղերում, բայց սա էլ մեկ քայլ առաջ է: Եվ այն փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ամենուր մեկնում է Զարուհի Փոստանջյանի ու իր կնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հետ, նույնպես խոսում է կանանց դերի կարեւորման մասին: Ի դեպ, այս տողերը չեմ գրում այն պատճառով, որ ես էլ նույն սեռի ներկայացուցիչ եմ, գրում եմ համոզմունքով, որ կանայք կարեւոր դերակատարում ունեն մեզանում: