Շատ հանդարտ մահ

Շատ հանդարտ մահ
«Ծանր գործ է մեռնելը, երբ այդքան ուժգնորեն ես սիրում կյանքը»: Այսպիսի տողեր Սիմոնա դը Բովուարի «Շատ հանդարտ մահ» վեպի ամեն պարբերության մեջ հանդիպում են, եւ ընտրության հարցում շփոթմունքը մեծանում է



 



14 տարեկան հասակում, կարելի է ասել՝ հրաժարվելով Աստծուց, ֆրանսիական գրականության փայլուն աստղերից մեկը, Սարտրի պայմանագրային կինը, էքզիստենցիալիզմի կրքոտ փիլիսոփան, ֆեմինիստական շարժման եւ գրականության հիմնադիրներից մեկը` Սիմոնա դը Բովուարն իր փոքրածավալ հուշագրությամբ համարձակվում է ուսումնասիրել մոր ձգձգվող մահվան նախապատմությունն ու ավարտը:



 



«ՁԵՐ ՄՈՐԸ ՓՈՐՁԱՆՔ Է ՊԱՏԱՀԵԼ»



 



Սիմոնան շտապ մեկնում է հիվանդանոց, որտեղ հիվանդության տանջանքներին բացարձակ անտեղյակ մայրը հույսը չի կորցրել, որ եղածը մի մեծ բան չէ, եւ մի որոշ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի, կապաքինվի ու կշարունակի ապրել: Ընտանիքի, սեփական ընտրության, նաեւ ճակատագրի բերումով ինքն իրեն անազատության կապանքներով շղթայած մայրը, ով նույնիսկ անկողնում գամված չի զլանում աղջիկներին ցուցադրել իր իշխանությունը, ով անկարող է Սիմոնային անհավատ լինելու եւ «խայտառակ» գրքեր գրելու համար մինչեւ վերջ ներել, սարսափում է` իր ներսում օրեցօր տարածություններ զավթող տիղմոտ ջրի պես դանդաղահոս մահից:



 



«Պատկերացնում էի, թե ինչ ահ է պատել նրան: Նա կարծում էր, թե երկնքում է, մինչդեռ, ի հեճուկս տարիքին, հիվանդություններին, տկարությանը, խենթի պես կառչած էր երկրին եւ սարսափում էր մեռնելուց` անասնական սարսափով»:



 



Եվ Սիմոնան հանկարծ բախվում է նրան, ինչը թվում էր ծանոթ է ու ճանաչելի:



 



«Առաջին անգամ, հանձին նրա, ես տեսնում էի ապագա դիակ»:



 



Պատումի ողջ ընթացքում մահվան գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը, մահվանը հանգիստ չտվողը եւ ընթերցողների կողմից մահվան մասին չդադարող մտքերի ու վախի համար քաջալերվող Սիմոնա դը Բովուարը միայն մոր մահվան ընթացքի մեջ է առաջին անգամ բախվում նրա սարսափելու աստիճան վճիտ կերպարին: Օր օրի հիվանդությունները քայքայում են մոր մարմինը: Պարբերությունները լցվում են ցավի ճիչերով, տեւական տառապանքով, մղձավանջային երազատեսություններով, բժշկական անվերջանալի միջամտություններով, հույսի հպանցիկ բռնկումներով ու կրկին ախտերի մեջ թաղվող թախիծով:



 



«Բայց ի՞նչ իմաստ ունի տանջելը, եթե փրկություն չկա: Թողնեն հանգիստ մեռնի»:



 



Բայց հանգիստ մահը վաստակել է պետք, չէ՞ որ բժիշկները մինչեւ վերջին վայրկյանը համարյա ամբողջովին քրքրված մարմնից ու հոգուց ուզում են կենդանություն քամել, որի իմաստը Սիմոնայի համար այդպես էլ առկախ է մնում:



 



Սիմոնան եւ քույրն արդեն սպասում են մոր մահվանը:



 



Նրանք ուզում են այդ մահը:



 



Կանչում են նրան:



 



Միակ խեղդակապը, որ սկսել է աներես խաղը ու վերջ պիտի տա չընդհատվող այս ցնորքին, հենց ինքն է փրկօղակ դառնալու: Չարաճճի լուսատտիկի պես այսուայն կողմ սպրդելով՝ մահը չի շտապում: Մոր մարմինը նա կլանում է հատված առ հատված` չմոռանալով ավերել մնացած բոլոր առողջ տարածքները: «Նա այլեւս մայրս չէր, այլ մի խեղճ, խոշտանգված մարմին»: «Իր տառապանքներից եւ ոչ մեկի դիմաց նա հատուցում չէր ստանալու»: Սիմոնայի համար անհնար եւ կեցության միակ հնարավոր բանը` մոր մահը, ինչ-որ ակնթարթներում հնարավորություն է տալիս երկխոսելու, հասկանալու եւ խորը զգացականությամբ պարուրելու իր եւ մոր միջեւ եղած օտարվածության ու անհամաձայնության խորշը:



 



«Գոյություն չունի բնական մահ. մարդու հետ պատահող եւ ոչ մի բան երբեք բնական չէ, քանի որ այդ իրողությունը հարցականի տակ է առնում աշխարհը: Բոլոր մարդիկ մահկանացու են, բայց յուրաքանչյուր մարդու համար իր մահը փորձանք է եւ նույնիսկ, եթե նա գիտի ու համաձայն է դրան` անպատեհ բռնություն»: