Ապրիլի 9-ի շեմին

Ապրիլի 9-ի շեմին
Շարժումը մարում է՝ տագնապած ասում են Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Շարժումը մարում է՝ իր հրճվանքը չի թաքցնում իշխանությունը:



 



Իհարկե, շարժումը պետք է մարեր՝ հաղթանակած ասում են անցյալում հրապարակը զբաղեցնող ուժերը, որոնք, մի կողմից, չեն մասնակցում նոր շարժմանը, մյուս կողմից՝ չարախնդում են, թե հանրահավաք անելը «թթու թան չէ, ամեն մեկի բան չէ». մենք կարողացանք գոնե մի քանի տարի հրապարակը լեցուն պահել, հսկայական թվով մարդիկ հավաքեցինք, մի կես քայլ էր մնում իշխանափոխությունից՝ չստացվեց: Նորօրյա շարժման ղեկավարները հույս ունեն, որ ապրիլի 9-ին, այնուամենայնիվ, մեծաթիվ բազմություն է հավաքվելու հրապարակում, եւ իրենց մինչ օրս գերգաղտնի պահվող ծրագիրը հաջողվելու է իրականացնել:



 



Թե ինչու պետք է ապրիլի 9-ին հավաքվի այդ բազմությունը, եթե ապրիլի 5-ին չի հավաքվում՝ ոչ ոք չի ասում: Ասում են՝ մարզերից մարդիկ են գալու: Գյումրիի նախաձեռնող խումբն արդեն հայտարարել է երթով մայրաքաղաք գալու մասին: Երեկ ալավերդցի ծանոթս էր ասում, որ մի քանի ավտոբուսով, օրապահիկով-բանով ճանապարհվել են Երեւան: Մեկ էլ 88-ին էին մարդիկ ոտքով մարզերից գալիս Երեւան՝ միլիոնանոց միտինգներին մասնակցելու: Բայց դա ազգային զարթոնքի ժամանակներն էին, եւ ղարաբաղյան ցավոտ ու նուրբ խնդիրն էր կանգնած:



 



Կգա՞ն մարդիկ ապրիլի 9-ին Ազատության հրապարակ, եթե անգամ գան՝ դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Եթե պատրաստվում են ընտանիքներով ու մանկահասակ երեխաներով գալ, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք որեւէ վտանգ չկա, որ մարտի 1-ը կկրկնվի: Ի՞նչ է նախատեսում այդ օրը իշխանությունը, ի՞նչ է հակադրելու հեղափոխականների ծրագրին: Այս եւ այլ հարցեր կան այսօր օդում թափառող, որոնց պատասխանները ոչ ոք չգիտի: