Թուրքիայի առաջին արևմտահայերեն ձայնասկավառակը

Թուրքիայի առաջին արևմտահայերեն ձայնասկավառակը
Թուրքիայում առաջին անգամ արևմտահայերենով ձայնասկավառակ է լույս ընծայվել, որը կոչվում է «Տարիներ հետո»: «Հաբերթուրք» լրատվական կայքը հարցազրույց է վերցրել ձայնասկավառկում տեղ գտած երգերի բառերի և երաժշտության հեղինակ, հայազգի երգչուհի Էրլին Թոմաօղլուից: Երգչուհին նշել է, որ շատ է ցանկացել հայերենը օգտագործել  իր ստեղծագործությունների մեջ և երջանիկ է, որ այն լույս է տեսել հենց Թուրքիայում:«Հայաստանում արևելահայերենն են օգտագործում, իհարկե,արևմտահայերենով էլ երգեր կան, սակայն դրանք Թուրքիայից չեն՝ կամ Ամերիկայից են գալիս, կամ Լիբանանից»,- պարզաբանել է Թոմաօղլուն: Խոսելով ձայնասկավառակի մասին՝ նա նշել է, որ այն մի առանձնահատկություն ունի. իր մեջ մեկտեղել է Թուրքիայի բոլոր յուրահատկությունները: Ամեն մեկն իրեն հարազատ մի բան կարող է գտնել այնտեղ, քանի որ կան և դասական, և ժողովրդական, և ազգային երաժշտության տարրեր:



Հարցին, թե արդյոք իրեն այս հողերում օտար զգացել է, հայ երգչուհին ի պատասխան ասել է, որ նման օտարություն չզգալու բախտավորություն է ունեցել և իր հայ լինելը միայն դրական ներգործություն է ունեցել իր երգարվեստի մեջ: Բայց և ընդգծել է, որ իր օրինակը չի նշանակում, թե մյուս հայերը նույնքան բախտավոր են այդ հարցում:



Վերջում երգչուհին հավելել է, որ ավելի լավ աշխարհի ու երեխաների ավելի լավ ապագայի համար մարդիկ արդեն պետք է ավելի խելացի լինեն: «Իսկապես, ավելի խաղաղ ուղիներ պետք է փորձել գտնել: Մարդիկ երջանիկ լինելու իրավունք ունեն: Եթե անհատները երջանիկ լինեն, հասարակությունն էլ երջանիկ կլինի»,- եզրափակել է երգչուհին: